Առողջապահության տարեկան բյուջեի շուրջ 35-40 տոկոսն ուղղվում է մոր և մանկան ոլորտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորում և արժեքների գնահատում» թեմայով միջերկրային սեմինարը միավորել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի յոթ  անդամ երկրի  45 մասնակիցների:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշեց, որ մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում իրականացվող քննարկումները, մասնավորապես ծախսարդյունավետությանը վերաբերող խնդիրները` խիստ արդիական են:

«Հաշվի առնելով, որ այս ուղղությունը  պահանջում է մշտական մեծ ծախսեր` մենք, անշուշտ, մեծ տեղ ենք տալիս նման  քննարկումներին»,- ասաց Արմեն Մուրադյանը` շնորհակալություն հայտնելով  ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակին այս միջոցառումը կազմակերպելու համար:

Նա սեմինարի մասնակիցներին մաղթեց արգասաբեր և արդյունավետ  աշխատանք` հանուն երեխաների, հանուն մոր և մանկան առողջության:

Մեր երկիր ժամանած մասնագետները նշեցին, որ մոր և մանկան, դեռահասների առողջության պահպանման ազգային ծրագրերի ռազմավարության պլանավորման և արժեքների գնահատման հիմքերից են Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանի «Առողջություն 2020» համապարփակ քաղաքականության  դրույթները:

Ներկայացվեցին այս  քաղաքականության  ղեկավարող սկզբունքներն ու առավելությունները: Ընդգծվեց բնակչության առողջության բարելավմանն ուղղված  այս ծրագրի` ըստ յուրաքանչյուր երկրի բնակչության  առանձնահատկության տեղայնացման,  մշակման և ներդրման   անհրաժեշտությունը:

ՀՀ առողջապահության նախարարության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանն իր զեկույցում ներկայացրեց  մոր և մանկան ոլորտում  Հայաստանում գրանցված հիմնական հաջողություններն ու խնդիրները:

Նա նշեց, որ 2008թ. հետո  Ծննդօգնության և  Երեխայի առողջության պետական հավաստագրերի ներդրման շնորհիվ վերջին հինգ-վեց տարում մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում էականորեն բարելավվել  է բուժօգնության որակը, նվազել են մայրական և մանկական մահացության հիմնական ցուցանիշները:

Բարեփոխումները  նպաստել են նաև բուժաշխատողների աշխատավարձերի ավելացմանը, դեղերով ապահովվածությանը:  

Աշխատանքներ են տարվել  նաև մարզերում մանակական վերակենդանացման  ծառայության բարելավման ուղղությամբ:

Նունե Փաշայանն անդրադարձավ նաև նորածնային սկրինինգների արդյունավետությանը, միջազգային կազմակերպությունների հետ  ՀՀ առողջապահության  նախարարության սերտ համագործակցությանը:

 Մասնագետի խոսքով`  շարունակում են  օրակարգային  մնալ  մանկաբույժների վերապատրաստման,  բուժօգնության որակի բարելավման,  հավելյալ ֆինանսավորման հարցերը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ այս հանդիպման հիմնական նպատակը ծրագրավորման մի նոր գործիքին ծանոթացնելն է։ Դա հնարավորություն է տալիս գործող ծրագրերի ծախսերի կանխատեսումներ անել և ռազմավարական գնահատականներ տալ։

«Այն մշակել են ԱՄՆ-ի փորձագետները, ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից։ Մանրամասն կքննարկվեն ծրագրային այս մոտեցման հնարավորությունները և կիրառման  ուղիները։ Դրանք նախատեսված են առողջապահական ամբողջ համակարգի, այդ թվում`  հանրային առողջապահական խնդիրների լուծման համար»-ասաց փոխնախարարը` հավելելով, որ մոր և մանկան առողջության պահպանման խնդիրներն ամբողջ աշխարհում առաջնահերթություն են, ուստի  գործիքի կիրառումն առաջին հերթին արդիական է այս ոլորտում։

Լրագրողների  հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը  նշեց, որ առողջապահության տարեկան բյուջեի շուրջ 35-40 տոկոսն ուղղվում է մոր և մանկան ոլորտին: Նա ընդգծեց, որ ծախսարդյունավետության մասին խոսելիս առաջնահերթությունը տրվում է արդյունքներին:

Նախարարը կարևորեց մանկական ծրագրերի հզորացումը, չափորոշիչների մշակումը,  ինչպես նաև ֆինանսավորմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը:




Լրահոս