Այսօր կայանալիք ՀՀԿ արտահերթ համագումարում կներկայացվի 2013թ. նախագահական ընտրությունների կարգախոսը. այն մոտավորապես լինելու է այսպիսին` կառուցենք ապահով Հայաստան, կամ` դեպի ապահով Հայաստան: Ամեն դեպքում` հիմքում լինելու է «ապահով Հայաստանի» գաղափարը: Ինչպես հիշում ենք, Սերժ Սարգսյանի նախորդ կարգախոսը «Առաջ Հայաստան»-ն էր, որը ՀՀԿ ղեկավարն ինքնամոռաց ոգեւորությամբ բղավում էր նախընտրական ելույթի յուրաքանչյուր պարբերության վերջում: Իսկ ահա «Կառուցենք ապահով Հայաստան»-ը դժվար կլինի ձայնի նույն տոնայնությամբ արտաբերելը, քանի որ այն մի տեսակ քիչ ու հետքայլի նման է ընկալվում, հատկապես եթե հիշում ենք Ս. Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագիրը: Ի դեպ, ժամանակին Տիգրան Սարգսյանն իր կառավարության անդամներին պարտադրում էր Ս. Սարգսյանի այդ ծրագիրն ունենալ սեղաններին եւ ամեն օր ընթերցել: Այսօր, սակայն, այդ մասին ոչ ոք չի ուզում հիշել. այն պարզ պատճառով, որ այդ ծրագրում առկա խոստումների 99 տոկոսը չի իրականացվել: Ավելին, ընդամենը 5 տարի առաջ տրված այդ խոստումներն այսօր հնչում են որպես ծաղր: Ահավասիկ` դրանցից մի քանիսը. «Հայաստանում, որին մենք ձգտում ենք, չեն լինելու աղքատներ, չեն լինելու արտոնյալներ», «Հայաստանում չպետք է լինի մեկը, ով ապահովագրված չէ կյանքին վտանգ պատճառող դեպքերից եւ աղքատությունից»: Պաշտոնական ցուցանիշներով` անցած 5 տարիների ընթացքում Հայաստանում աղքատների թիվը կրկնապատկվել է, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` եռապատկվել: Բայց` շարունակենք. «Ցանկացած նորաստեղծ ընտանիք կունենա բնակարան եւ ավտոմեքենա ձեռք բերելու հնարավորություն», «Ստեղծվելու են նպաստավոր պայմաններ` մարդկանց աշխատանքով ապահովելու համար», «Աշխատանքը պետք է որոնի մարդուն»: Հայաստանում այսօր կա 260 հազար գործազուրկ, որոնք այնքան լավ են թաքնվել, որ աշխատանքն ինչքան որոնում է, չի կարողանում նրանց գտնել: Իսկ բնակարան եւ ավտոմեքենա գնելու հնարավորություն ունեն բոլորը, բայց` զուտ տեսականորեն: Անդրադառնանք առողջապահությանը. «Բժշկությունը մատչելի կլինի բոլորի համար»: Այստեղ նույնիսկ մեկնաբանության հարկ չկա. բավական է նշել, որ առաջիկայում պատրաստվում են անգամ հղիների` ոչ իրենց բնակության վայրում ծննդօգնությունը դարձնել վճարովի: Անցնենք առաջ. «Մենք կապահովենք արժանավայել կյանք կենսաթոշակառուների համար», «Հայկական ընտանիքների եկամուտները կկրկնապատկվեն»: Ինչ խոսք, այս ուղղությամբ «հսկայական քայլեր» են արվել` թոշակներն ու նվազագույն աշխատավարձը 2500 դրամով բարձրացվել են:
Ավաղ, այս ցուցակը կարելի է երկար շարունակել, սակայն դրանից ոչինչ չի փոխվի: Այն մարդը, ում իշխանության տարիներին ձեւավորվել է այս պատկերը, այսօր նորից հանգիստ խղճով կունենա հերթական գեղապաճույճ ելույթը` վստահ, որ միեւնույն է, իր ձախողումների ու սխալների համար որեւէ մեկը պատասխան չի պահանջելու: Այդ իմաստով Սերժ Սարգսյանն իր համար արդեն իսկ կառուցել է ապահով Հայաստան:
ԱՆԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ