
Երեկ մեկ ուշագրավ փաստ է բացահայտվել. ՀՀ եւ Շվեյցարիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, շվեյցարական կողմից` պետքարտուղար Իվ Ռոսիեն: Իսկ քննարկման թեման եղել է «երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ»: Նաեւ՝ կարեւորվել է վերջին տարիներին հայ-շվեյցարական քաղաքական երկխոսությունը եւ այլն: Այս հանդիպումն ուշագրավ է մեկ այլ առումով. Շվեյցարիան ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում աչքի ընկավ, երբ ակտիվ միջնորդի դեր ստանձնեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության հարցում: Ավելին, «Ժողովուրդ»-ն օրերս տեղեկացրել էր, որ այս ամիսներին եւս Շվեյցարիան շարունակում է միջնորդավորված առաջ տանել հայ-թուրքական բանակցությունները, սակայն իշխանությունները հերքում էին դա: Փաստորեն, այսպես անուղղակի կերպով հաստատվում է մեր հրապարակած լուրը: