
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին դաշնակցականները նիստ են արել, որի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել: Քննարկման ընթացքում հանկարծակի վիճաբանություն է ծագել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանի եւ Արտյուշա Շահբազյանի միջեւ: Շահբազյանը խոսակցության ժամանակ նշել է, թե Ռուստամյանի դիրքորոշումն իր համար անհասկանալի է՝ Սարգսյան-Քոչարյան փոխհարաբերությունների հետ կապված: Դրանից էլ ծագել է Ռուստամյանի ու Շահբազյանի լեզվակռիվը: Վեճն այնքան է «թեժացել», որ նրանց խոսակցությանը խառնվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը եւ հորդորել հանգստանալ: Հովհաննիսյանը նշել է, թե իրենց կուսակցությունը մշտապես աչքի է ընկել իր պարկեշտությամբ, եւ նման բան իրենք չեն կարող հանդուրժել: Այս գժտության հետ կապված՝ փորձեցինք զրուցել Ա. Ռուստամյանի եւ Ա. Շահբազյանի հետ, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին այդպես էլ չպատասխանեցին: Իսկ Վ. Հովհաննիսյանը նշեց, թե իր տեղն անհարմար է, եւ չի կարող որեւէ բան մեկնաբանել: