ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ եթե մարդն օրենքը հարգի, օրենքը պահի, ոչ ոք չի կարող ասել, թե «աչքիդ վերեւն ունք կա»: «Սիրիահայերին հորդորում եմ աշխատել օրենքով, չխախտել օրենքները, եւ արդյունք անպայման կլինի»,-ընդգծեց նախարարը:
-Տիկի՛ն Հակոբյան, 2012թ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում 21 միլիոն 422 հազար 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եղավ: 2011թ. այն կազմել է ավելի քան 30 միլիոն դոլար, այսինքն` 9 միլիոնով ավելի այս տարի հավաքված գումարից: Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը. վստահությո՞ւնն է պակասել:
-Գիտեք, նախ պետք է գնահատենք, որ ամեն տարի է կազմակերպվում հեռուստամարաթոնը: Սա բավական բարդ գործընթաց է, հասարակ բան չէ, քանի որ աշխարհով մեկ շարժում է սկսվում, որը չի դադարում: Որպես սփյուռքի նախարարություն՝ մենք գնահատում ենք, թե մասնակիցների թիվն ինչքան է: Օրինակ՝ ես կցանկանայի, որ յուրաքանչյուր հայ 1 դոլար նվիրաբերեր մարաթոնին, եթե 10 միլիոն հայերն էլ մասնակցեին այդ ձեռնարկին, դա կդառնար համահայկական տոն, միասնության օր: Պետք է ասեմ, որ այդ թիվն ամեն տարի ավելանում է:
-Միգուցե սփյուռքահայերի թիվն ավելանում է, բայց գումարը նվազում է:
-Դա բացատրում եմ հետեւյալ կերպ. ԱՄՆ-ում բացվել է սիրիահայերի օգնության հիմնադրամ, եւ նրանք առանձին են հանգանակում գումարները: Վերջին 4 ամիսների ընթացքում հայերի գումարների հանգանակման ուղղությունը փոխվել է, եւ շատերը պարզապես ուզում են օգնել սիրիահայությանը:
-Այսինքն՝ այստեղ վստահության պակասի խնդիր չե՞ք տեսնում:
-Չէի ասի, որ վստահության խնդիր կա: Պարզապես ԱՄՆ-ում ավելի շուտ բացեցին հիմնադրամը եւ փորձեցին այդպես օգնել սիրիահայությանը: Եւ մենք ողջունեցինք այդ նախաձեռնությունը:
-Սփյուռքի նախարարությունում օրերս սիրիահայերի հետ հանդիպում է տեղի ունեցել, որտեղ գործարարները սիրիահայերին փորձել են համոզել, որ եթե ՀՀ-ում հարկերը բարեխղճորեն վճարեն եւ ենթարկվեն հայաստանյան օրենքներին, ապա կարող են արդյունավետ բիզնես ունենալ: Դուք իսկապե՞ս կարծում եք, որ ՀՀ-ում, հարկերը բարեխղճորեն վճարելով, կարելի է արդյունավետ բիզնես ունենալ:
-Եթե մարդն օրենքը հարգի, օրենքը պահի, ոչ ոք չի կարող նրան պատասխանատվության կանչել: Դրա համար ես էլ իմ ամբողջ կյանքում փորձել եմ օրենքը ամեն ինչից վեր դասել, իսկ եթե օրենքը խախտում ես, պարզապես դառնում ես հարկային տեսուչից կախյալ: Ես սիրիահայերին հորդորում եմ աշխատել՝ օրենքը չխախտելով: Կան մարդիկ, որոնց թվում է, թե Հայաստանում կարելի է օրենքները խախտել, բայց, միեւնույն է, մի օր պատասխան են տալու:
-Դուք իսկապե՞ս կարծում եք, որ մեր օլիգարխները բարեխղճորեն կատարում են վճարումները եւ ենթարկվում օրենքին:
-Չեմ կարող պատասխանել: Ինքս այդ ոլորտով չեմ զբաղվում եւ ինչ-որ ասում եմ, իմ համոզմունքն է, եւ շատ կուզեի, որ բոլորը հարգեն եւ պահեն օրենքը:
-Լավ, ի վերջո, կարողացա՞ք նրանց համոզել, որ ՀՀ-ում կարելի է բիզնեսով զբաղվել:
-Կարող եմ ուրախությամբ նշել, որ 70 հոգու համար դասընթացներ ենք սկսել փոքր եւ միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնում, եւ երբ տեսական գիտելիք կունենան հայաստանյան շուկայի, մեր օրենսդրության մասին, պետությունը պատրաստ է յուրաքանչյուրին 3-5 մլն դրամ վարկ հատկացնել, որպեսզի նրանք կարողանան իրենց սեփական գործը սկսել: Մի շարք սիրիահայ գործարարներ էլ ուսումնասիրում են բիզնես միջավայրը՝ խոշոր բիզնես սկսելու համար:
-Գործարար Վահագն Հովնանյանը, անդրադառնալով սիրիահայերի խնդրին, նշել էր, թե նրանք Հայաստան են ժամանել ինքնաբուխ, եւ պետք չէ այնպես անել, որ փախչեն այստեղից, քանի որ առանց այն էլ «գեշ անուն ունենք սփյուռքում»: Ինչպե՞ս կմեկնաբանեք գործարարի հայտարարությունը:
-Հովնանյանը կայացած բիզնեսմեն է, եւ իր օրինակը՝ որպես դրական օրինակ, կարելի է ներկայացնել մեր սփյուռքահայերին: Նման օրինակները քիչ չեն՝ Էռնեկյան, Թուֆենկյան, Կարապետյան, Վարդանյան… Սակայն կան նաեւ օրինակներ, մի քանի դեպքեր, որոնք չեն կայացել: Աշխարհի ոչ մի երկրում էլ բիզնեսը 100 տոկոսով եւ անմիջապես շահույթ չի տալիս: Երբեմն չինովնիկի սխալից կամ գործընկերոջ հետ չհամակերպվելիս սփյուռքահայը ինչ-որ հայտարարություններ է անում, սփյուռքն էլ, լինելով զգայուն, անմիջապես արձագանքում է, գնահատում, եւ պարզ է, որ վատը լսելիս զայրանում են, իսկ լավ օրինակների մասին չեն խոսում:
-Բայց նա խոսում է սփյուռքում մեր հեղինակության մասին:
-Գիտեք, ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա սփյուռքի անունից խոսել, ոչ մեկս չի կարող սփյուռքը ներկայացնել: Դուք մեկի բացասական կարծիքը կարող եք ասել, ես՝ 10-ի դրական կարծիքը եւ հակառակը: Հայաստանցի, թե սփյուռքահայ՝ կարծիք հայտնելիս պետք է իր անունից խոսի, իսկ եթե դա լինի շատերի կարծիքը, ապա այդ դեպքում արդեն մտածելու տեղիք կտա:
ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՆՈՒՆԻՑ ՉԽՈՍԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ