ՀՀԿ-Ն ԹԱԳԱՎՈՐՈՒՄ Է ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀԿ-ն գործադիրի եւ խորհրդի նիստ էր հրավիրել, որը տեւեց մոտ մեկ ժամ: ՀՀԿ-ականները ակտիվ «երթով» շտապում էին ՀՀԿ կենտրոնական գրասենյակ:
Նիստին մասնակցում էր անգամ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, որին «ուղեկցում» էր ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը, քանի որ Նաղդալյանը ոտքի վնասվածք ուներ եւ չէր կարողանում քայլել: Նիստի ավարտից հետո գրեթե բոլոր ՀՀԿ-ականները չծլկեցին, ինչպես անում են հիմնականում: Նրանք ակնհայտ բարձր տրամադրությամբ գլխավոր մուտքից դուրս էին եկել ու չէին շտապում հեռանալ:
Ամենաբարձր տրամադրությամբ աչքի ընկավ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հավանաբար իր կողմից չսիրված Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը շատ էր ոգեւորել Նեմեց Ռուբոյին: Հիշեցնենք, որ նույն Գ. Ծառուկյանի մասին անպատշաճ խոսքերի համար Ռ. Հայրապետյանն անգամ հրապարակավ ներողություն խնդրեց Ծառուկյանից: Ու թեեւ իրեն ներողություն պարտադրել էին նույն ՀՀԿ-ի երիտթեւի ներկայացուցիչները, այնուամենայնիվ, Նեմեցը երեկ կարծես մոռացել էր այդ մասին: Մոտենում էր բակում կանգնած բոլոր ՀՀԿ-ականներին, ձեռքով բարեւում, ողջագուրվում, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին հպարտորեն պատմում էր Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հանդիպումների ու հաջողությունների մասին: Անգամ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մոտեցավ Հայրապետյանին, խոսեց նրա հետ, ինչ-որ բան պայմանավորվեց ու հեռացավ:
Նկատենք, որ նույնիսկ լրագրողների հետ էր փորձում շփվել, բայց, ինչպես միշտ, չստացվեց: Էլի իր «լեզվի վրա» չկարողացավ, եւ որպեսզի իրավիճակը չսրվեր, նստեց մեքենան ու «փախավ»:
Իսկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե ՀՀԿ-ի՝ դեկտեմբերի 15-ի արտահերթ համագումարում կներկայացվի 2013թ. նախագահական ընտրությունների ծրագրի նախագիծը եւ կարգախոսը: Սահակյանը նշեց, թե ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստում հաստատվել է դեկտեմբերի 15-ին տեղի ունենալիք արտահերթ համագումարի օրակարգը: Ապա հավելեց, որ ՀՀԿ գործադիր մարմինը եւ խորհուրդը միաձայն ընդունել են սկզբնական եւ տարածքային կազմակերպությունների որոշումը, որպեսզի նախագահի թեկնածու առաջադրվի Սերժ  Սարգսյանը:
«Վաղը կլինի Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը, համագումարի պատվիրակներին կտրամադրեն ծրագրի նախագիծը»,-մանրամասնեց Էդ. Շարմազանովը եւ ավելացրեց, որ օրենքով սահմանված կարգով մեկ ամիս հետո կուսակիցներից ստացված առաջարկությունների հիման վրա նախընտրական ծրագիրն ամբողջական եւ վերջնական տեսք կունենա:
Մի խոսքով, ՀՀԿ-ն խրախճանքի մեջ է. քաղաքական դաշտն անապատ է, իսկ միակ «բարդին» իրենք են:
Հ.Գ. Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նիստից հետո դուրս եկավ իր աներձագի՝ «նորընտիր» պատգամավոր Ռոբերտ Սարգսյանի հետ եւ թույլ չտվեց, որ նա շփվի լրագրողների հետ՝ ասելով. «Արի՛, արի՛, մենք շտապում ենք»: Եւ այդպես էլ Ռ. Սարգսյանը կրկին չպատասխանեց «Ժողովուրդ»-ի հարցերին՝ պատճառաբանելով, թե շտապում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս