ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվ կերպով քննարկում են ԲՀԿ քաղխորհրդի վերջին որոշումը, ուշագրավ իրադարձություններ են կատարվում արտաքին քաղաքական ոլորտում:
Սերժ Սարգսյանի շուրջ գնալով սեղմվում է օղակը. նախագահական ընտրությունների մոտենալուն զուգահեռ մոտենում է նաեւ խոստումներն իրագործելու ժամանակը: Իսկ Սերժ Սարգսյանն ավելի է խճճվում միջազգային հանրությանը ժամանակին տված իրարամերժ խոստումների մեջ: Նրան ոչ մի կերպ չի հաջողվում լուծել «ԵՄ, թե ԵվրԱզԷՍ» երկընտրանքը: Մի կողմից նա չի կարող ուղղակիորեն մերժել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն առաջարկել է ՀՀ-ին անդամակցել միասնական մաքսային միությանն ու այդպես նաեւ նոր ստեղծվելիք ԵվրԱզԷՍ-ին: Մյուս կողմից նա չի կարող մերժել եվրոպացիներին, որոնք իրենց հերթին ՀՀ ապագան տեսնում են ԵՄ արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում:
Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Ս. Սարգսյանը պատրաստվում է դեկտեմբերի 18-19-ը մեկնել Մոսկվա: Ընդ որում, նրանից առաջ երկօրյա այցով ՌԴ մայրաքաղաքում է լինելու նաեւ Ուկրաինայի նախագահ Յանուկովիչը: Ենթադրվում է՝ Պուտինի հետ հանդիպման թեմաներից մեկն էլ լինելու է մաքսային միասնական միությանն ու ԵվրԱզԷՍ-ին միանալու խնդիրը: Միայն թե Ս. Սարգսյանը ոչ մի կերպ պատրաստ չէ հստակ պատասխան տալ այդ հարցին: Ու հիմա, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Ս. Սարգսյանը փորձում է ԱՄՆ միջոցով համոզել Պուտինին, որպեսզի նա «օրակարգից հանի» այդ հարցը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ հենց այդ նպատակով էլ Ս. Սարգսյանի միջամտությամբ կազմակերպվել է աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումն ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ: Պատահական չէ, որ վարչապետի՝ ԱՄՆ այցի օրակարգում ամենեւին էլ նման հանդիպում նախատեսված չի եղել, այլապես Տ. Սարգսյանի լրատվական ծառայությունն ու նրան կից գործող PR խումբը ոչ միայն այդ հանգամանքը կնշեին նախապես տարածած հաղորդագրության մեջ, այլեւ այս օրերին առիթը բաց չէին թողնի տեղի-անտեղի թմբկահարելու այդ մասին (հիշեցնենք, որ ըստ վարչապետի աշխատանքային այցի օրակարգի՝ նա պետք է ԱՄՆ տարբեր համալսարաններում մասնակցեր սեմինարների, հանդես գար դասախոսություններով, այցելեր թանգարաններ եւ այլն, եւ այլն): Թե որքանով է հաջողվել համապատասխան առաջադրանքը կատարել, ցույց կտա ժամանակը:

Նախազգուշացումների ժամանակը

Մինչ այդ եւս մի քանի ուշագրավ հանգամանք: Այս օրերին աշխատանքային այցով ՀՀ-ում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թոմաս Մելիան, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների, քաղաքական առաջնորդների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննության կառնի մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերը: Երեկ էլ միասին Երեւանում էին Շվեդիայի, Լեհաստանի եւ Բուլղարիայի ԱԳ նախարարները: Նրանք հանդիպումներ են ունեցել ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Պաշտոնական հաղորդագրություններում նշված է, որ ե՛ւ Սերժ Սարգսյանի, ե՛ւ Տիգրան Սարգսյանի, ե՛ւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ նրանք քննարկել են ԵՄ արեւելյան գործընկերության շրջանակներում համագործակցության խորացման հեռանկարները, նաեւ՝ Հայաստան-Եվրամիություն ասոցացման համաձայնագրի, խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ բանակցությունների վերաբերյալ հարցեր: Իսկ Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին էլ ասուլիսի ժամանակ հստակ ակնարկներ է արել առաջիկա նախագահական ընտրությունների առնչությամբ. «Կայանալիք նախագահական ընտրությունները Հայաստանի համար բացառիկ կարեւոր նշանակություն ունեն: Ընտրություններն այնքան լավ պետք է անցնեն, որ բացառվի մեղադրանքների անգամ աննշան հնարավորությունը: Սա հաջորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում անցկացվելիք  Արեւելյան գործընկերության գագաթաժողովում համագործակցության շարունակման կարեւոր պայման է»: Թե ինչ են նշանակում այս նախազգուշացումները, հասկանալի է ամենքին: Նշենք, որ ԵՄ տարբեր պաշտոնյաների կողմից նման խոսքեր հնչել են բազմիցս: Ավելին, նախագահական ընտրությունների որակից է կախված լինելու՝ արդյոք ԵՄ-ն ՀՀ-ին կտրամադրի խոստացած վարկը: Ի դեպ, շրջանառվող լուրերի համաձայն՝ Տ. Սարգսյանն ԱՄՆ-ում փորձել է համոզել, որ վերսկսվի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը, սակայն պայմանը եղել է մեկը՝ ամեն ինչ կախված է լինելու նախագահական ընտրությունների որակից: Միայն թե այս իշխանությունները, բացի դատարկ խոստումներից, առ այսօր գործնական ոչինչ չեն արել՝ ցույց տալու, որ իրոք մտադիր են նման քայլի դիմել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս