4-ՐԴ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅ «ՆԱՐԿՈԲԱՐՈՆՆԵՐԻ» 65 000 ԴՈԼԱՀՈ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

9 հայ ամբաստանյալները 100-ավոր կիլոգրամներով թանկարժեք թմրանյութ են պատրաստել ու իրացրել, իսկ երբ նրանցից մեկին բռնել են ու ոստիկանության ԿՀԴՊ 4-րդ վարչություն տարել, նրա ճամպրուկից 65 000 դոլարն անհետացել է:
Դրանից զատ, այս պատմության «գրավչությունն» այն է, որ ՀՀ-ում բենզինով թմրանյութ պատրաստելու (որի ներարկման հետեւանքով մարմինը 2 տարվա ընթացքում փտում է) կողքին ստեղծվել է թմրանյութի արտադրամաս գիտահետազոտական ինստիտուտում` համապատասխան սարքավորումներով եւ քիմիայի ոլորտի մասնագետներով: Իսկ արտադրանքն իրացվել է ե՛ւ այստեղ, ե՛ւ արտերկրում:  
Սկսենք անցյալ տարի մամուլում հայտնված հրապարակումներից. ըստ այդմ` ոստիկանության ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչությունը, թմրանյութերի ապօրինի արտադրության եւ ապօրինի շրջանառության կասկածանքով 2010-ի հունիսին կալանավորել է «ՔիմՏեխ» ՍՊԸ (նախկին «ՔիմՏեխ» գործարան) տնօրեն Սամվել Խաչատրյանին: Իրանից վերադառնալուց անմիջապես հետո՝ օդանավակայանից, տնօրենին բերման են ենթարկել ԿՀԴՊԳՎ` պայուսակում եղած 65 000 ԱՄՆ դոլարն էլ հետը, որը չի արձանագրվել անձնական իրերի գրանցման ժամանակ, իսկ հետո անհետացել է: Ըստ պտտվող լուրերի` այդ գումարը «յուրացրել են» 4-րդ վարչության այն ժամանակվա պետ Նազարեթ Մնացականյանը, 4-րդ վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Բերեզովսկին եւ ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը:
Առայժմ մի կողմ թողնելով այս պաշտոնյաներին` անդրադառնանք դատարանում քննվող քրգործի հանգամանքներին: Ըստ մեղադրանքի` «ՔիմՏեխ գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի լաբորատորիայի վարիչ Միրաժ Ղամբարյանը նախնական համաձայնության է եկել նույն ընկերության տնօրեն Սամվել Խաչատրյանի, փորձարարական արտադրության պետ Արա Ռոստոմյանի եւ Արմեն Լեպեջյանի հետ ու հավելյալ վարձատրություն ստանալու պայմանով  2007թ. դեկտեմբերին ընկերության մասնաշենքում ապօրինի պատրաստել մոտ 180 կգ ամֆետամին տեսակի թմրամիջոց` հիմքի տեսքով: Դրանից 4 ամիս անց ինչ-ինչ պատճառներով Միրաժն ու Արան հեռացել են խմբից: Հետո վերջինս դարձել է մեկ այլ նմանատիպ արտադրության հիմնադիրներից եւ իրացնողներից մեկը:
2009-ի գարնանը թմրանյութի նման մի արտադրամաս էլ հիմնադրել է Արմեն Բաղդասարյանն իր համախոհների հետ միասին: Նա իր ծանոթ Հակոբ Համբարձումյանի, Արամ Հակոբյանի եւ քիմիկոս Աշոտ Մելիքյանի հետ հիմնել է ««Բարոնի» գիտաարտադրական ընկերություն» ՍՊԸ-ն եւ համատեղ ներդրած միջոցներով ձեռք բերել թմրանյութի արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ու նյութեր: Աշոտի գլխավորությամբ սարքավորումները մոնտաժվել են քիմիկոս Սամվել Մկրտումյանի ու այլ անձանց հետ միասին, 2009թ. հոկտեմբերից մինչեւ 2010թ. հունիսի 5-ը ապօրինի պատրաստվել է շուրջ 800 կգ 95 տոկոսանոց մաքրությամբ մեթիլբենզիլկետոն: Դրանից 515 կգ-ն Ա. Բաղդասարյանը վաճառել է անհայտ անձանց, իսկ 80 կգ-ն` մեկ կգ-ն 400 ԱՄՆ դոլարով, վաճառել է Արա Ռոստոմյանին, վերջինս էլ` 450 դոլարով` Արմեն Լեպեջյանին:
Դրանից հետո` 2010թ. գարնանը, Ա. Բաղդասարյանը Ա. Ռոստոմյանի հետ թմրանյութի մի լաբորատորիա էլ հիմնադրել է Առինջ գյուղի հողամասերից մեկում: Հետո Հակոբն ու քիմիկոս Աշոտը տեղեկացրել են նրանց, որ Աղվան Վարդանյան անունով մեկը 15 կգ թմրանյութ է ուզում՝ 1 կգ-ն 1500 ԱՄՆ դոլարով: Վերջինս այն պետք է 2200 դոլարով վերավաճառեր Արտակ Մանուչարյանին: Պատրաստել են, նմուշը տվել Աղվանին, իսկ երբ հանդիպել են` արդեն ամբողջ խմբաքանակը վաճառելու, գործարքը չի կայացել, քանի որ Աղվանն այդ պահին չի վճարել ապրանքի գինը` 22 500 դոլարը: Այս դրվագով երկրորդ իրացման փորձի ժամանակ էլ նրանք զգացել են, որ իրավապահների տեսադաշտում են…
Ի դեպ, Աղվան Վարդանյանն Իրանից թմրանյութի բաղադրատարր ներմուծող, «Մերի Շաքե թատրոն ստուդիա» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Առաքելյանից է իմացել «հայրենի» արտադրամասերի մասին եւ 2010-ի սկզբին քիմիկոս Աշոտ Մելիքյանից 1 կգ-ն 270 դոլարով 75 կգ ամֆետամինի ելանյութ կետոն է ձեռք բերել, որից 55 կգ-ն վաճառել է 1 կգ-ն 400 դոլարով, իսկ մնացած 20 կգ-ն  «վառվելուց» հետո դեն նետել:      
Աշոտ Առաքելյանն իր հերթին փորձել է Մաջիթ անունով մեկին թմրանյութ իրացնել, սակայն Մաջիթը Երեւանի Անգլիական այգում հյուրասիրվել ու չի հավանել «Բարոնի» ապրանքը: Փոխարենը հավանել է «ՔիմՏեխ»-ինը, որը պատրաստվել է իր` օտարերկրացի Մաջիթի եւ Դայի նշած բաղադրատոմսով: Ա. Առաքելյանը նրանց հետ ծանոթացել է Բուլղարիայում, իսկ հետո «ՔիմՏեխ»-ի պատրաստած 52 կգ ամֆետամինը իրացրել նրանց:
Սամվել Խաչատրյանն իր գործունեությունն իրականացրել է մինչեւ 2010-ի հունիսի 15-ը, որից հետո էլ նրան բռնել են 65 000 դոլարով ու «100-ի կեսը 50 արել, 50-ի կեսն էլ միլիցուն արել»: Իհարկե, այդ փողը կիսելու մեջ «կասկածվող» անձանց` 4-րդ վարչության պետ Նազարեթի, նրա տեղակալ Ալեքսանդրի եւ ԿՀԴՊԳՎ պետ Գագիկի վերաբերյալ մամուլը գրեց, որ 2 ամիս ոստիկանությունում ծառայողական քննություն է ընթացել, հետո նյութերը փոխանցվել են ՀՔԾ, սակայն այդպես էլ 65 000 դոլարի «ցնդելու» հետքերը չեն հայտնաբերվել, քանի որ պաշտոնյաները նաեւ հովանավորներ են ունեցել Սերժ Սարգսյանի, նրա խնամու ու Գարեգին Բ կաթողիկոսի մերձավոր շրջապատից. համենայնդեպս, այդպես գլուխ են գովել…
Սակայն ոստիկանապետ Վլ. Գասպարյանն այդ ոստիկաններից ոմանց պաշտոնանկ է արել:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս