6 ՍՊԱՆՎԱԾՆԵՐԻ ԳՈՐԾԸ ԿԻՍԱՏ ԷՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 14-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեկ շաբաթով հետաձգել է ԼՂՀ Մարտունու զորամասերից մեկում սպանված 6 զինծառայողների քրգործով նշանակված դատական նիստը եւ պահանջել նախաքննական մարմնից` ներկայացնել ավարտված քրգործի բոլոր նյութերը:
Հիշեցնենք, որ ՊՆ քննիչը դեպքի հետ կապված 2 տարի նախաքննություն իրականացնելուց հետո կարճել էր գործի վարույթը եւ որոշել քրեական հետապնդում չիրականացնել: ՊՆ ՀԿԳ քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Մուշեղ Բուլղադարյանն իր այդ որոշումը պատճառաբանել էր նրանով, որ «մեղավորները»` դիրքի պատասխանատու Վարդգես Թադեւոսյանն ու բոլորին սպանած, այնուհետեւ ինքնասպան եղած Կարո Այվազյանը, մահացած են, եւ հնարավոր չէ նրանց պատասխանատվության կանչել, ուստի գործը պետք է կարճել: Սակայն սպանված զինվորների ծնողներից շատերն ու նրանց ներկայացուցիչ Արթուր Սաքունցը չեն հավատում պաշտոնական վարկածին` պահանջելով վերացնել քննիչի այդ որոշումը եւ գործն ուղարկել նախաքննության, քանի որ այն կատարվել է քրեադատավարական իրավունքի խախտումներով: Իսկ մինչ գործը կարճելը բավական երկար ժամանակ փորձաքննություններ են նշանակված եղել, ինչի վերաբերյալ եզրակացությունները եւ գործով ձեռք բերված ապացույցները չեն ներկայացվել կամ թերի են ներկայացվել սպանվածների ծնողներին: Ավելին, տեխնիկական խոչընդոտներ ստեղծելով` հնարավորություն չի տրվել առարկություններ ներկայացնել քրգործի այս կամ այն ապացույցի վերաբերյալ: Այլ կերպ ասած` թաքցրել են սպանության հանգամանքները` չփարատելով ծնողների կասկածը:
Մինչ դատարան դիմելը տուժող կողմը որոշման վերաբերյալ բողոք էր հղել ՀՀ զինդատախազ Գեւորգ Կոստանյանին, սակայն կրկին մերժվել էր:
Հիշեցնենք, որ 2010թ. հուլիսի 28-ին ԼՂ Մարտունու զորամասերից մեկի մարտական դիրքում հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էին ավագ լեյտենանտ Վարդգես Թադեւոսյանի եւ ժամկետային զինծառայողներ Գարեգին Հովսեփյանի, Անդրանիկ Սարգսյանի, Ռոբերտ Հովհաննիսյանի, Կարո Այվազյանի եւ Արտեմ Մանասյանի դիերը: Կարո Այվազյանը մինչ բանակ զորակոչվելն ապրել էր ԱՄՆ-ում եւ երեք անգամ դատապարտվել էր. ԱՄՆ դատարանը վճռում նշել էր, որ Կ. Այվազյանը չպետք է գտնվի մի վայրում, որտեղ զենք կա: Ու չնայած այդ եւ մյուս բոլոր փաստաթղթերը Կարոյի պապիկը ներկայացրել էր զորակոչային մարմնին` Կ. Այվազյանի մուտքը բանակ թույլ չտալու նպատակով, սակայն պետական այրերն անտեսել ու նրան տարել էին ծառայության:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս