«Ժողովուրդ»-ը դեռեւս նոյեմբերի 28-ին անդրադարձել էր դպրոցներում աշակերտներին բթացնելու խնդրին: Նշել էինք, որ Երեւանի մի շարք դպրոցների, մասնավորապես թիվ 114, Ա. Պուշկինի անվան թիվ 8, Չեխովի անվան թիվ 55 դպրոցներում ուսուցիչները երեխաներին հանձնարարում են տնային աշխատանքներ` միաժամանակ տրամադրելով էլեկտրոնային կայքի հասցե` www.g-gollege.com, որտեղ տեղադրված են տնային աշխատանքները` պատրաստի, լուծված վիճակում: Այսինքն` երեխաները, օգտվելով կայքից, առանց երկար-բարակ մտածելու արտագրում են առաջադրանքները եւ ներկայանում դասի: Իսկ www.sovorel.am, եւ www.homework.am կայքերն առաջադրանքի լուծման համար sms սակագներ են սահմանել, եւ ուսուցիչներին այս մոտեցումը ձեռնտու է այնքանով, որ ստուգողների մոտ խայտառակ չլինեն:
Նոյեմբերի 10-ին «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած g-college.com կայքի պատասխանատու 29-ամյա Արման Գալստյանը փորձեց պարզաբանել ստեղծված իրավիճակը: Նա նշեց, որ արդեն 6 տարի է՝ աշխատում է դպրոցում որպես ուսուցիչ, սակայն կտրականապես հրաժարվեց հայտնել, թե որ դպրոցում է դասավանդում: Ա. Գալստյանի պարզաբանմամբ` իր իսկ նախաձեռնությամբ դպրոցականների համար նախատեսված կայքը ստեղծվել է 2012թ. սեպտեմբերի 1-ին. «Բողոքը կա, բայց մի անգամ էլ «Կարգին սերիալ»-ից բողոքեցին: Եղբա՛յր, մի՛ թող երեխադ նայի: Արտագրող երեխան, միեւնույն է, դասամիջոցին էլ կարտագրի՝ ոչինչ չհասկանալով: Այս կայքը ստեղծվել է՝ մեթոդապես օգնելու ուսուցչին»: Նրա հավաստմամբ, եթե կայքում կան մի քանի վարժությունների լուծված տարբերակները, ապա օգտվողները կարող են նկատել, որ կայքը հանձնարարում է երեխային մյուս վարժությունները լուծել ինքնուրույն` առաջնորդվելով լուծվածների օրինակով:
«Ես որեւէ մեկից խորհուրդ չեմ վերցրել: Կրթության եւ գիտության նախարարության հետ էլ չեմ խոսել եւ պետք է ասեմ, որ առհասարակ, ԿԳՆ-ն բացարձակ անտարբեր է, թե որպես երիտասարդ ուսուցիչ՝ ինչ եմ արել այս տարիների ընթացքում: Կարդացել եմ Հայաստանի ինտերնետի մասին գոյություն չունեցող օրենքը եւ հասկացել, որ կարող եմ անել որեւէ բան առանց որեւէ մեկի թույլտվության»,-վրդովված նշեց Արմանը՝ հավելելով, թե շարունակելու է անել այն, ինչ սկսել է:
Ինչեւէ, եթե g-college.com-ի դեպքում 50 անգամ արտագրելուց հետո կայքը սահմանափակում է երեխային եւ տալիս համապատասխան հանձնարարություն` ստուգելու համար, թե արդյոք այն, ինչ անում է երեխան, հասկանալով է անում, ապա շուրջ մեկ տարի գործող sovorel.am եւ homework.am կայքերն առաջադրանքների լուծման սակագներ են սահմանել՝ շատ հեշտ վարժությունը՝ 40 դրամ, հեշտը՝ 60, միջին բարդությանը` 120, բարդը՝ 150, շատ բարդը՝ 200 դրամ:
Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Արթուր Գեւորգյանը, մեկնաբանելով այս իրողությունը, ասաց. «Ես չեմ կարծում, որ 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանի երեխաները կարող են այդքան գումար ունենալ, որ անընդհատ պատասխանների համար վճարեն, իսկ բարձր դասարանների դեպքում պատասխանատվությունը կրթության եւ գիտության նախարարությանն է: Փառք Աստծո, մեր ժամանակ նման բաներ չեն եղել, եւ մենք փորձել ենք սովորել: Միակ բանը, որ կարող ենք անել, այդ կայքերը ստեղծողների հետ հանդիպելն է, այստեղ օրենքի խախտում չկա, ուստի ինչո՞վ դու իրեն կպնես: Հարցն այստեղ ավելի շատ օրենքների դաշտում է, իսկ օրենքները գրում է Ազգային Ժողովը: Երեւանի քաղաքապետարանն ի՞նչ անի, դիմե՛ք ԿԳՆ, որ նրանք այդ առաջարկով հանդես գան»:
Ալ. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը եւս ծնողների բողոքներն արդարացված չհամարեց: Նա նշեց, որ կայքերից մեկի մասին տեղյակ է, եւ այն իրենից վտանգ չի ներկայացնում: «Մի երկու անգամ օգտվելուց հետո երեխային սահմանափակում է, եւ դա այնքան էլ վատ բան չէ»,-ընդգծեց տնօրենը՝ հավելելով, որ ծնողներն այդքան էլ տեղյակ չեն, եւ այդտեղ ահազանգելու խնդիր չկա: Նշենք, սակայն, որ տնօրենն ինքն էր անտեղյակ, քանի որ
g-college.com կայքը ոչ թե երկու առաջադրանք կատարելուց հետո է երեխային սահմանափակում, այլ ո՛չ ավել, ո՛չ պակաս` 50 արտագրություն կատարելուց հետո:
ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ www.g-gollege.com կայքից տեղյակ է: «Պուշկինի անվան դպրոցի տնօրենը մեզ ասաց, որ այդ ամենի մեջ վտանգ չկա, բայց մյուս կայքերի դեպքում, ինչպես Դուք եք ներկայացնում, իհարկե լավ չէ»,-ասաց վարչության պետը` խոստանալով, որ հարցը կուսումնասիրեն եւ կհասկանան, թե իրականում ինչ է կատարվում:
«ԵՂԲԱ՛ՅՐ, ՄԻ՛ ԹՈՂ ԵՐԵԽԱԴ ՆԱՅԻ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ