ՎՃԻՌԸ` 18-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պահանջում ենք գտնել իրական մեղավորին», «Դատախազություն, պաշտպանության նախարարություն, սթափվեք, ամոթ է». այսպիսի ցուցապաստառներով եւ «արդարություն» վանկարկումներով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի մուտքի մոտ մինչ հերթական դատական նիստի սկսվելը երեկ բողոքի ակցիա էին անցկացնում Մատաղիսի գործով ամբաստանյալները, նրանց ծնողները եւ քաղաքացիական ակտիվիստները Գյումրուց, Վանաձորից, Երեւանից: Ակցիային մասնակցում էր նաեւ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, որն այս գործով ամբաստանյալների շահերի առաջին պաշտպանն է եղել: Փոստանջյանը նշում էր, թե իրենք դատարանից ոչ միայն ակնկալում, այլեւ պահանջում են արդարություն. «Այս գործընթացը, որ տեւում է արդեն 9 տարի, ամբողջովին ապօրինի է, մեղադրանքները եւս ապօրինի են: Վերջիվերջո, մենք պետք է եւ պարտավոր ենք Հայաստանում  իրականացնել արդարադատություն»:
Թե այս գործում ինչպիսի դերակատարություն ունի նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը, Փոստանջյանն ասաց. «Ես կարծում եմ եւ համոզված եմ, որ ինքը քաջատեղյակ է, գիտի այս գործի բոլոր մանրամասները: Կարող էր ժամանակին ինքը բացահայտել այս գործը եւ իրական սպանություններ կատարողին, սակայն, ընդհակառակը, նա գործել է ապօրինի դաշտում եւ կոծկել մեղավորներին»:   
Փոստանջյանի պնդմամբ՝ 2 զինծառայողների՝ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանությունների մեջ իր դերակատարությունն ունի տվյալ զորամասի արդեն նախկին հրամանատար Իվան Գրիգորյանը. «Նրա նկատմամբ կային ուղղակի ցուցմունքներ, դեռ ավելին, ոչ միայն սպանություն կատարելու մեջ, այլեւ զինվորներին խոշտանգելու»: Փոստանջյանի վստահեցմամբ, սակայն, դատախազությունն ամեն կերպ ցանկացել է պաշտպանել Գրիգորյանին. «Ենթադրաբար` Գրիգորյանը շատ հեռու չի գտնվում: Ցանկության դեպքում ՀՀ իրավապահ մարմինները շատ հեշտ ու հանգիստ կարող էին նրան բերման ենթարկել դատարան»:
Ամբաստանյալների ծնողները նորից պնդում էին, որ իրենց տղաները մեղավոր չեն, ու ավելացնում, որ եթե դատարանը վճիռ կայացնի ի վնաս տղաների, ապա իրենք չեն դադարի պայքարել, կդիմեն ՀՀ վերաքննիչ, վճռաբեկ ու անգամ Եվրոպական դատարան, մինչեւ հասնեն արդարության: Մինչ ամբաստանյալների շահերի պաշտպան Հայկ Ալումյանը կներկայացներ պաշտպանական ճառը, խոսքը տրվեց տուժողի իրավահաջորդ Մովսես Մկրտումյանին՝ սպանված Հ. Մկրտումյանի հորը: Նա դատարանում մի քանի փաստարկներ ներկայացրեց` դատաբժշկական, դիակի փորձաքննության եւ այլն, որոնք, ըստ նրա, ապացուցում են տղաների անմեղությունը. «Վստահ եմ, որ էս էրեխեքն անմեղ են»:
Մոտ 1 ժամ տեւած պաշտպանական ճառում Հ. Ալումյանը բերեց փաստարկներ, որոնք ապացուցում էին ամբաստանյալների անմեղությունը, բացի այդ, վճռաբեկ դատարանը դեռ 2006թ. տղաներին անմեղ էր ճանաչել ու դատարանից ազատ արձակել՝ գործն ուղարկելով լրացուցիչ քննության:
Ալումյանն իր ճառում նշեց, որ լրացուցիչ քննության ուղարկված այս գործում վճռաբեկի կողմից մատնանշված քննչական գործողությունները կատարվել են թերի: Ամբաստանյալները համակարծիք էին իրենց պաշտպանի ներկայացրած փաստարկներին ու նշեցին, որ ավելացնելու ոչինչ չունեն:
Մատաղիսի գործով վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 18-ին:

ՍՈՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Գյումրի




Լրահոս