Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Նոյեմբերյան քաղաքում հասարակական զուգարանի կառուցման գործով դատավարություն: Հայցվորը Նոյեմբերյանի բնակիչ Սամվել Գիշյանն է, պատասխանողը՝ Նոյեմբերյանի քաղաքապետարանը: Գիշյանը դատարանից պահանջում է արգելել Նոյեմբերյանում հասարակական զուգարանի շինարարությունը: Այս դատավարությունը սկսվել է մարզի ընդհանուր իրավասության Նոյեմբերյանի նստավայրում, ապա տեղափոխվել Դիլիջան: Վերջին նիստը կայացել է դեկտեմբերի 12-ին: Հայցվոր կողմը որոշ փաստաթղթեր ներկայացնելու համար դատարանին միջնորդել է հետաձգել նիստը:
Շուրջ 6000 բնակիչ ունեցող, նախկին վարչական շրջանի կենտրոն Նոյեմբերյանում հասարակական զուգարան չկա, ինչը հարուցում է ոչ միայն քաղաքի, այլեւ տարածաշրջանի բնակիչների դժգոհությունը: Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը մտադիր է իրականացնել իր վաղեմի խոստումը եւ քաղաքում գործարկել հասարակական զուգարան: Ա յն կառուցվում է «Քաունթերփարթ ինտերնեյշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ, ծրագրի արժեքը 6 մլն 172 հզ. դրամ է, համայնքի ներդրումը՝ 4 մլն 349 հզ. դրամ: Քաղաքապետն ասաց, որ քաղաքային մարզադաշտին կից կառուցվող զուգարանի շրջակայքի 400 քառակուսի մետր տարածքի բարեկարգման համար ծրագրում գումար նախատեսված չէ: Օրերս կայացավ քաղաքի գործարարների, ՀԿ-ների ղեկավարների հավաք, որի ժամանակ դրամահավաք կատարվեց զուգարանի շրջակայքի բարեկարգման համար. այդ նպատակով հանգանակությունը շարունակվում է:
Դատարանում Ս. Գիշյանի շահերը պաշտպանում են «Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մառոզյանը եւ փաստաբան Մարտին Շիրինյանը: Խ. Մառոզյանն ասաց, որ Գիշյանն իրենց ասոցիացիայի անդամ է եւ դիմել է աջակցության խնդրանքով: Խնդիրը զուգարանի տեղն է: Մառոզյանը եւ Շիրինյանը «Ժողովուրդ»-ին ասացին, որ քաղաքապետարանն իրավունք չունի Գիշյանին պատկանող արարողությունների սրահից ոչ հեռու, բաց սելավատարին միացող զուգարան կառուցել, որ ՀՀ առողջապահության նախարարության նորմատիվ ակտով հասարակական զուգարանը պետք կառույցներից առնվազն 50 մ հեռու լինի, մինչդեռ գործարկվող զուգարանն այդ օբյեկտից ընդամենը 16-20 մետր է հեռու: Ս. Գիշյանն ասաց, որ թաղամասի բնակիչները բողոքի նամակ են գրել, որով իրենց դժգոհությունն են արտահայտում հասարակական զուգարանի գործարկման հետեւանքով ստեղծվելիք հակասանիտարական վիճակի կապակցությամբ: Նաեւ նշեց, որ այդ տարածքում կոյուղագիծ չկա, բաց սելավատար է: Վանուշ Ամիրաղյանն էլ դրան հակադարձում է` կոյուղագիծ կա, այն փակ խողովակով ձգվում է ձորը: Քաղաքապետարանի ներկայացուցիչներն ասում են, որ Ս. Գիշյանին պատկանող հանդիսությունների սրահն օրենքով գրանցված չէ: Բացի այդ, նորակառույց զուգարանից քիչ հեռու մի քանի տարի առաջ Գիշյանը հասարակական զուգարան է աշխատեցրել, որը հիմա քանդված է:
Դատավարությունը դեռ նախնական փուլում է եւ, ըստ ամենայնի, երկար ընթացք կունենա:
Տավուշ