Գազալցակայանի մոտ տեղադրված շահումով խաղերի ապարատը` ինքնասպանության պատճառ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր առաջ Արարատի մարզի Դարակերտ գյուղում դժբախտ դեպք է գրանցվել։ Գյուղամերձ գազալցակայանի տարածքում կախված են գտել Հայանիստ գյուղի  40-ամյա բնակիչ Յուրա Բ․-ին։ Մինչ իրավապահները կպարզեն մահվան հանգամանքները, համագյուղացիները բազմաթիվ վարկածներ են քննարկում, նախեւառաջ՝ խաղամոլության ու պարտքերի տակ ընկնելու։ Յուրան աշխատել է նույն լցակայանում, որտեղ տեղի է ունեցել դեպքը։ Պարզվում է՝ վերջերս այս գազալցակայանի մոտ տեղադրել են շահումով խաղերի ապարատներ, որը դարձել է ոչ միայն ամբողջ գյուղի, գազալցակայանների ու անցորդների «սիրելի» զբաղմունքը, այլեւ լցակայանի աշխատակիցների, գլխավորապես՝ Յուրայի։

Նա օրեր շարունակ մեծ գումարներ է պարտվել, վիճակն այնքան է վատացել, որ վերադասը հրահանգել է այլեւս աշխատանքի չգալ։ Դեպքի օրը, անտեսելով վերադասի հրահանգը, Յուրան գնացել է աշխատանքի ու տարվել «կալոնկայի» օրվա հասույթը․ խոսվում է, որ խոսքը մեծ գումարի մասին է։ Լուսադեմին նրան կախված են գտել։ Հիշեցնենք, որ անցած տարի Ազգային ժողովն օրենք ընդունեց շահումով խաղերն ու խաղատները երեւանամերձ տարածքից հանելու մասին, սակայն որոշ մարդկանց ախորժակը մեծ էր՝ որոշումը մնաց թղթի վրա։ Հայանիստի գյուղապետ Բալաբեկ Սարկիսյանը մեզ հետ զրույցում չցանկացավ մանրամասնել մահվան հանգամանքները, միայն ասաց․ ասում են՝ խմելու հետ սեր ուներ, բայց «Ձեր ասած վարկածն էլ են գյուղում խոսում»։ Յուրան ապրում էր ծնողների հետ։ Ամուսնալուծված էր, ուներ որդի եւ դուստր»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս