ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄՈԼԱԳԱՐԸ
Dni.ru-ի փոխանցմամբ՝ Չինաստանում դանակով զինված 36-ամյա տղամարդը հարձակվել է Հենան նահանգի Վենշու գյուղի դպրոցի աշակերտների վրա` վիրավորելով 22 հոգու: Երեխաները, ինչպես նաեւ վիրավորված մեկ անցորդ, տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքին  վտանգ չի սպառնում: Ոստիկաններին հաջողվել է մոլագարին ձերբակալել դեպքի վայրում: Նրա արարքի դրդապատճառները դեռեւս անհայտ են:

ՇԻԿԱՑԱԾ ԱՐԴՈՒԿ
Լեհաստանում 32-ամյա տղամարդը կնոջը տնային գործերում օգնելու արդյունքում հայտնվել է հիվանդանոցում՝ դեմքի կեսից ավելին այրված վիճակում: Նախաճաշից հետո նա որոշել է սպիտակեղենը արդուկել եւ հեռուստացույցով բռնցքամարտ դիտել, սակայն այնքան է տարվել բռնցքամարտով, որ հեռախոսազանգին պատասխանելու փոխարեն ականջին է դրել շիկացած արդուկը:

ԱՊՐԵԼ Է ԽՈԶԱՆՈՑՈՒՄ
«Չինացի ագարակատերը սուր քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ տեղի հեռուստատեսությունը ներկայացրել է, թե ինչպես է նրա 100-ամյա մայրը երկու տարի ապրել խոզանոցում»,-գրում է Daily Telegraph-ը: Նա հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր մայրն անձամբ է որոշել ապրել կենդանիների հետ: Միեւնույն ժամանակ քննադատությունից վրդովված տղամարդը, փորձելով պաշտպանել իրեն, ասել է, որ 6-սենյականոց տանն ուղղակի տեղ չի եղել իր մոր համար:

ՍԵՎ ՁՅՈՒՆ
ՌԴ Օմսկի մարզում գրանցվել են տեղումներ սեւ ձյան տեսքով: Ըստ նախնական տվյալների՝ սեւ գույնի տեղումները վնասակար չեն մարդու առողջության համար, սակայն լաբորատոր վերջնական եզրակացությունը դեռ պատրաստ չէ: Վարկածներից մեկի համաձայն՝ նման արտասովոր երեւույթի պատճառ կարող են լինել տեղի գործարաններից մեկի արտանետումները: Նշվում է, որ ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում հանգստյան օրերին անոմալ ցուրտ է լինելու:

ՎԱՃԱՌԵԼ Է ԱԶԳԱՆՈՒՆԸ
«30-ամյա ամերիկացի Ջեյսոն Սադլերն աճուրդում վաճառել է սեփական ազգանունը»,-գրում է CNN-ը: Նա հայտնել էր, որ ցանկանում է ազատվել իր ազգանունից, քանի որ այն այլեւս ոչինչ չի նշանակում: Այդ նպատակով նա նույնիսկ հատուկ կայք էր բացել՝ «գնի՛ր իմ անունը»: Աճուրդի հաղթողը Headsets.com-ն է, որը 45,5 հազար դոլար կվճարի ամերիկացուն իր անվանումը որպես ազգանուն կրելու համար:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս