
ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն սոցցանցի իր էջում անդրադարձել է երեկ տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրիի տարածքային կազմակերպության խորհրդի և Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրություններին՝ նկատելով, որ դրանք անցել են դրամատիկ պայքարում:
«Տարածքային կազմակերպության խորհրդի անդամների ընտրությունները անցան երկու փուլով, որովհետեւ թեկնածուներից երկուսը հավաքել էին հավասար թվով ձայներ: Տարածքային կազմակերպության Վերահսկողի ընտրություններում առաջադրվեց երեք թեկնածու: Այստեղ երկրորդ փուլի անհրաժեշտություն չառաջացավ:
Այսօրվա դրությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հիմնադրել է երեք Տարածքային կազմակերպություն. Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում, Աբովյանում, Գյումրիում: Կուսակցության Համաժողովում ընտրվել է Վարչություն, Վարչությունն ընտրել է նախագահ, փոխնախագահ, մամուլի քարտուղար: Բոլոր ընտրությունները անցել են փակ-գաղտնի քվեարկությամբ:
Ուրախ եմ արձանագրել, որ կուսակցությունը հավատարիմ է ստանձնած պարտավորություններին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում ազատ, ժողովրդավարական ընտրական համակարգը անշրջելի իրականություն է»,- գրել է Փաշինյանը: