Սուրիկ Խաչատրյանն իսկական գլխացավանք է դարձել իրավապահների համար. ինչ զարգացումներ են սպասվում Սդղի գյոլի միջադեպով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն իսկական գլխացավանք է դարձել հայրենի իրավապահների համար: Նրա որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործի քննության պատասխանատվությունը երկու իրավապահ մարմինները սկսել են միմյանց վրա գցել:

Հուլիսի 10-ին «ՀԺ»-ն հրապարակել էր, որ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատախազներից մեկը փորձել է ներազդել տուժողների վրա: Հրապարակումից հետո ՀՀ քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին դատախազներից մեկի գործողությունները քննարկման առարկա դարձնելու վերաբերյալ:

Պարզվում է, որ այս գործը հսկող դատախազներից մեկը զանգահարել է տուժող կողմին՝ այս դեպքում Զաքարյանների ընտանիքի անդամներից որեւէ մեկին, եւ փորձել ներազդել նրանց վրա, ինչի մասին նախաքննական մարմինը տեղեկացել է եւ համապատասխան միջնորդություն ներկայացրել պաշտոնյայի վերադասին: Իսկ ի՞նչ է պատահել իրականում, ո՞վ է զանգահարել տուժողներին եւ կոնկրետ ի՞նչ է ասել նրանց՝ փորձելով մարզպետի որդուն «պլստացնել» գործից:

«Ժողովուրդ»-ին այս գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Նախ փորձեցինք տուժող Հարութ Զաքարյանի մորից՝ Անահիտից, պարզել, թե ինչ է խոսել դատախազը իրենց հետ: Վերջինս հայտնեց, որ դատախազը իսկապես զանգահարել է, միայն հարցրել. «Հարությունը ե՞րբ է գալու, առողջականը ո՞նց է, ի՞նչ տեղեկություն ունենք նրա վիճակի մասին: Այդքան բան, ուրիշ ավելորդ բան չի ասել այդ մարդը»:
Առաջին տպավորությունն այնպիսին է, որ դատախազը, միգուցե, «խիստ մտահոգված է» եղել տուժող Հարությունի առողջական վիճակով եւ մարդասիրական քայլ է արել՝ հետաքրքրվելով նրա առողջական վիճակով, սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատախազի լիազորությունների մեջ ամենեւին էլ չի մտնում նման զգացմունքային գործառույթը: Նա չպետք է կապ հաստատեր տուժողների հետ՝ թեկուզ հետաքրքրվելու համար:

Իսկ հիմա ինչ որոշում կկայացնի ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը իր ենթակայի մասին, թերեւս դժվար չէ կռահել՝ հաշվի առնելով իր եւ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի միջեւ առկա լարված հարաբերությունները:
Ինչպես հայտնի է՝ Կոստանյանն ամեն ինչ անում է՝ քննիչների գործունեության մեջ թերություններ գտնելու եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար: Եւ, ահա, Աղվան Հովսեփյանն էլ իր հերթին, հենց առիթ է լինում, դատախազների գործունեության թերություններն է «երեսով տալիս»:

Բայց այս դեպքում դատախազին քրեական գործն ուղղորդողի դերը վերապահելը առավել հեռուն գնացող քայլ է, քանի որ, ըստ էության, քննչական կոմիտեն փորձում է այդ քայլով մարզպետի որդու հետագա պատժից խուսափելու հեռանկարը բարդել դատախազի վրա: Ու եթե առաջիկայում տուժող Զաքարյանները չտան անհրաժեշտ ու գործի մասով այդքան սպասված ճակատագրական ցուցմունքը, ապա Սուրեն Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կարող է ազատվել պատասխանատվության կրումից, իսկ ողջ մեղքը կբարդվի դատախազի վրա: Դե, իհարկե, հենց նա էր զանգահարել եւ ուղղորդել գործի ընթացքը, ու ամեն ինչ փչացավ:

Բայց հաշվի առնելով այն իրողությունը, որ տուժողի մայրը վստահեցնում է, թե դատախազը ավելորդ բան թույլ չի տվել եւ ընդամենը հետաքրքրվել է իր որդու առողջությամբ, ըստ ամենյանի, դատախազ Կոստանյանը միջնորդությանը դրական արձագանք չի տա, գուցե թողնի անհետեւանք:

Ամեն դեպքում, հետաքրքիր զարգացումներ են սպասվում այս գործով:

Քնար Մանուկյան




Լրահոս