
Այսօր` հուլիսի 14-ին ժամը 18:00-ին, նախատեսված է «Ոչ թալանին» նախաձեռնությունը բողոքի երթը դեպի ՀՀ գլխավոր դատախազություն: Երթը մեկնարկելու է Մոսկվա կինոթատրոնի մոտից, երթուղին հետեւյալն է. Մոսկվա կինոթատրոն- Թումանյան – Մաշտոց -Ամիրյան –Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան- ՀՀ Գլխավոր դատախազություն:
«Ոչ թալանին» նախաձեռնությունը պահանջում է «պատժել այն ոստիկաններին, ովքեր հունիսի 23-ին և դրան հաջորդող դեպքերի ժամանակ բռնի ուժ են կիրառել էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մի քանի ոստիկաններ կարգապահական տույժերի են ենթարկվել: Նախաձեռնությունը դրա վերաբերյալ ևս հաղորդագրություն էր տարածել և հայտնել, որ այդ ոստիկանները պետք է հեռացվեն համակարգից: Նրանք նաև պահանջում են պատժել այդ օրը քաղաքացիական հագուստով ոստիկաններին:

Հավելենք` նախաձեռնության անդամները երեկ ասուլիսի ժամանակ նշել են, որ հիշյալ ոստիկաններին պատժելը իրենց երրորդ պահանջն է: