Աշխատավայրում՝ ինչպես տանը. սա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին է վերաբերվում, քանի որ վերջինիս՝ Մոնումենտում գտնվող “համեստ” տունիկն առանձնապես չի տարբերվում Ազգային Ժողովի շենքից: Երեւի պարոն Աբրահամյանն այնքան է սիրում ԱԺ-ն, որ իր տունն էլ կառուցել է տվել դրա նմանությամբ, որպեսզի տանը գտնվելու ժամերին կարոտախեղդ չլինի:
Այստեղ առավել ուշագրավ է մեկ այլ երեւույթ: Մանավանդ 90-ականներին մեր ժողովուրդը տարված էր շենքերի բնակարանների “բալկոններն առաջ տալու” մոլուցքով, ով որքան հնարավոր է՝ առաջ էր գալիս, նորանոր տարածքներ նվաճում բակերի հաշվին:
Հետո մի պահ կարծես այս երեւույթը պասիվացավ, բայց Հ. Աբրահամյանը կարծես թե ակտիվացրել է՝ պարզապես մի փոքր ձեւափոխված, նորացված տարբերակով. “բալկոնների” փոխարեն առաջ է տալիս պարիսպ-ցանկապատը եւ տնամերձ տարածքը՝ այս անգամ արդեն երթեւեկելի փողոցի հաշվին: Ու ոչինչ, որ փողոցում մնացել է ընդամենը մեկ երթեւեկելի գիծ, կարեւորը Արգամիչի գերդաստանի հարմարավետությունն է:
Հետաքրքիր է՝ տան ներսում աթոռներն էլ են ԱԺ-ի աթոռներից, եւ արդյոք ոչ աշխատանքային ժամերին Հ. Աբրահամյանի տան աթոռներից մեկին մշտապես գամված է Գալուստ Սահակյանը: