ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԵՐԿԱՐԱԿՅԱՑ ՊԱՇՏՈՆՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հասմիկ Պողոսյանը արդեն 9 տարի է, ինչ զբաղեցնում է ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը: Ներկայիս Կառավարության կազմում նա ամենաերկար պաշտոնավարած անձն է: Հիշեցնենք, որ այս նախարարության առաջնային գործառույթը մշակույթի ոլորտում Կառավարության քաղաքականության իրագործումն է: Սակայն այսօր հնարավոր չէ Հայաստանում գտնել մեկին, ով կկարողանա ասել, թե ՀՀ Կառավարությունը մշակույթի ոլորտում ինչ քաղաքականություն է իրականացնում: Ավելին՝ նույնիսկ, եթե մի պահ պատկերացնենք, որ մշակույթի նախարարության փոխարեն, օրինակ, Կառավարությանն առընթեր ինչ-որ վարչություն է գործում, դժվար թե դրանից ինչ-որ բան կփոխվի մշակութային, առավել եւս շարքային քաղաքացիների կյանքում: Նախարարի պորտֆելը քաղաքական պաշտոն է, բայց Հայաստանի նախարարական պաշտոններից շատերը դադարել են այդպիսին լինել, քանի որ նախարարները երբեւէ քաղաքական գործիչ չեն եղել եւ ոչ էլ այդպիսին դարձել են: Այս անհամապատասխանության պատճառով էլ Հայաստանի կառավարման համակարգում անընդհատ մուտացիաներ են տեղի ունենում:
Իհարկե, կարող է հարց ծագել, թե որն է Հասմիկ Պողոսյանի երկար պաշտոնավարման գաղտնիքը: Պարզապես նա շատ լավ գիտի՝ ում հետ մտերմություն անել: Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ Հասմիկ Պողոսյանը մտերիմ հարաբերությունների մեջ էր Բելա Քոչարյանի հետ եւ այդ գործոնի շնորհիվ 2006-ին նշանակվեց նախարար: Իսկ հետագայում, երբ 2007-ի ապրիլին Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ, Պողոսյանը շատ արագ հասցրեց մտերմանալ Ռիտա Սարգսյանի հետ: Ասել է թե՝ նախարարը նախագահների տիկնանց մշակութային գծով ընկերուհին է եւ հաջողացնում է ճիշտ ժամանակին նրանց հետ համերգ ու թատրոն գնալ: Իսկ մշակութային քաղաքականություն մշակելն ու իրացնելը երկրորդական հարց է:

 

 

 

 

Երեկ համառ տեղեկություններ էին շրջում, որ սահմանադրական փոփոխությունների տեքստը մշակող մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 10-ին կհրապարակի նախագիծը: «Ժողովուրդ»-ին, սակայն, հայտնի դարձավ, որ սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումը դեռ կուշանա: Մասնագիտական հանձնաժողովը չի հասցրել աշխատանքներն ավարտել, եւ նախագծի վերջնական տարբերակը դեռ պատրաստ չէ: Սահմանադրական փոփոխությունները մշակող մասնագիտական հանձնաժողովի անդամ Գեւորգ Դանիելյանը երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նման ժամկետներ պաշտոնապես չեն եղել: Մեր զրուցակիցն ընդգծեց, թե նախատեսված է, որ նախագիծը օգոստոսի 1-ին պետք է հանձնվի Սերժ Սարգսյանին: Ի դեպ, ենթադրվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը Սերժ Սարգսյանը խորհրդարան կուղարկի սեպտեմբերին` Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց անմիջապես հետո:

 

 

 

 

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր դեմ մայիսի 20-ին իրականացված մահափորձից հետո պաշտպանության հատուկ միջոցներ է ձեռնարկել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը վերջերս նոր` զրահապատ «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենա է գնել: Այն հանգամանքը, որ Սյունիքի մարզպետը սկսել է մտահոգվել իր անվտանգության համար, ինքնին ուշագրավ է: Սովորաբար Սուրիկ Խաչատրյանի հետ խնդիրներ ունեցողներն են իրենց անվտանգության համար մտահոգվել, եւ դեռեւս չկա նախադեպ, որ զրահապատ ավտոմեքենան նրանց օգնած լինի: Մյուս կողմից էլ, եթե իշխանություններին չհաջողվի Սուրիկ Խաչատրյանի որդու եւ հարազատների մասնակցությամբ ծեծի գործը «ջրել», ապա ստիպված պետք է լինեն նրան եւս մեկ անգամ պաշտոնանկ անել, այս անգամ, թերեւս, ընդմիշտ: Իսկ այդ դեպքում Սյունիքի մարզպետը հաստատ մտահոգվելու առիթ կարող է ունենալ: Ով-ով, նա բոլորից լավ գիտի, թե իր հարազատներն այս տարիների ընթացքում ինչեր են արել եւ քանի ընտանիքի ճակատագիր են խեղել:

 

 

 
«Գրանդ Հոլդինգը» մինչ օրս համարվում է Հայաստանի ընտանեկան բիզնեսներից ամենահաջողվածներից մեկն է: Երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանին փաստացի հաջողվեց «բիզնես կայսրություն» ստեղծել: Վարդանյանների ընտանիքին պատկանող ընկերություններին հաջողվեց Հայաստանի ամենաեկամտաբեր ոլորտներից երկուսում` ծխախոտի եւ քաղցրավենիքի արտադրությունում, գերիշխող դիրք զբաղեցնել: Սակայն վերջին մեկ տարում Վարդանյանների բիզնեսն ակնհայտ սկսել է երերալ, եւ գործարարների շրջանում հաճախակիացել են խոսակցություններն այն մասին, որ «Գրանդ Հոլդինգը» գնալով կկորցնի իր ազդեցությունը, ու առավելագույնը մի քանի տարուց երբեմնի «կայսրությունից» միայն հուշ կմնա: Հայաստանի պատմության վերջին երկու տասնամյակի ընթացքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ այս կամ այն հաջողակ գործարարի մահվանից հետո նրա ժառանգներին չի հաջողվել հարստությունը պահպանել, եւ այն ամբողջությամբ մսխվել է:

 

 

 

 

ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացը կարծես թե արդեն մոտենում է իր հանգուցային փուլին, եւ արդեն ակնհայտ է դառնում, որ միանգամայն տեղին էին ընդդիմության պնդումները, թե այդ ամենը Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման նպատակով է: Մասնավորապես, արդեն իսկ հայտնի է, որ նոր Սահմանադրությամբ վարչապետը եւ Ազգային ժողովի նախագահը կարող են երկու անգամից ավել անընդմեջ ընտրվել: Ասել է թե` եթե հանրաքվեի արդյունքում ընդունվի այս նոր Սահմանադրությունը, ապա Սերժ Սարգսյանը շատ հանգիստ կերպով կարող է դառնալ երկրի Ազգային ժողովի նախագահ եւ անընդմեջ պաշտոնավարել մինչեւ զառամյալ տարիքը` խուսափելով իր նախորդի՝ «երիտասարդ թոշակառու» դառնալու հեռանկարից:
Հիշեցնենք, որ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումների գործընթացը` 2014թ. ապրիլի 10-ին Ս. Սարգսյանը հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին»: Այսպիսով` հիմա արդեն ակնհայտ է դառնում բոլորի, անգամ այս բարեփոխումները սատարող քաղաքական կուրություն ունեցող ուժերի համար, որ Ս. Սարգսյանն այս ողջ սցենարը գծել էր վաղօրոք, եւ իրենք իրենց «գաղափարական մոտեցումներով» ընդամենը մեկանգամյա օգտագործման գործիքներ են այս խաղում, ինչից, իհարկե, դուրս չեն գա միանգամայն ձեռնունայն. նրանց կտրվի իրենց «պարգեւավճարը»` տարբեր մակարդակի եւ քանակի պաշտոնների տեսքով:
Ինչեւէ, ուզենք, թե ոչ, փաստն այն է, որ Ս. Սարգսյանը բացահայտորեն առաջ է տանում իր իշխանավարության «հավերժացման» ծրագիրը, եւ այսօրվա դրությամբ չկա դրան հակազդելու ունակ որեւէ ուժ: Դեռեւս փետրվարին ազդարարված Հայաստանի ընդդիմադիր դաշտի վարկաբեկման այս գործընթացն իր կուլմինացիային հասավ հունիսի 19-ից հետո, երբ ժողովուրդը տեսավ, որ Հայաստանում քաղաքական ուժերն, իբրեւ այդպիսիք, որեւէ հարց լուծելու ունակ չեն, եւ որ նրանց առավելագույնը կայացված որոշումից հետո ԱԺ ամբիոններից մեկ-երկու սուր հարց հնչեցնելով՝ հերոսանալն է` անգամ չսպասելով դրանց տրվելիք պատասխաններին:
Ինչ վերաբերում է քաղաքացիական հատվածի` ընդդիմանալու ներուժին, ապա այն էլ զրոյացվեց հունիսի 28-ից հետո Բաղրամյանում, ապա Ազատության հրապարակում շարունակվող անհասկանալի եւ ինքնանպատակ տեղապտույտով: Իշխանությանը, ըստ էության, հաջողվեց հեղինակազրկել ոչ միայն ընդդիմադիր քաղաքական ուժերին, այլեւ քաղաքացիական պայքարող կորիզին: Եվ հիմա, որքան էլ ցավալի է, այլեւս ոչինչ չի խանգարում, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընթացքում էլ Ս. Սարգսյանը ինչքան ուզենա, այնքան խփի:




Լրահոս