ՊԱՅՔԱՐԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԴԱՇՏԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ոչ թալանին» քաղաքացիական շարժումն այլեւս կարելի է համարել անցյալ, բայց ոչ այն պատճառով, որ էլէներգիայի սակագնի խնդիրը լուծվել է, այլ այն պատճառով, որ քաղաքացիական նախաձեռնությունը թեւակոխել է քաղաքականի վերածվելու փուլ: Ի դեպ, պետք է արձանագրենք, որ «Ոչ թալանին» միանշանակ դասվելու է հաջողված նախաձեռնությունների շարքում:

Արդյոք հնարավոր կլինի այս նախաձեռնության հենքի վրա քաղաքական միավոր ձեւավորել, թե դրանում ընդգրկված ակտիվիստները կհամալրեն արդեն իսկ գործող քաղաքական ուժերի շարքերը: Այս հարցի պատասխանը կտա ժամանակը:
Ներկա` քաղաքական ուղու փնտրտուքի այս փուլում, արդեն իսկ տեսանելի է, որ նախաձեռնության ակտիվիստներից մի քանիսը Հայաստանի քաղաքական երկնակամարում հաստատվելու կոնկրետ մարտավարություն են ընտրել: Հաշվի առնելով, որ մեր նպատակը կոնկրետ անձերի քայլերը գնահատելը չէ, այլ երեւույթն առավել հասկանալի դարձնելը, ուստի անուններ տալուց զերծ կմնանք եւ կփորձենք խնդիրը ներկայացնել ընդհանրական:
Փաստորեն, այն պահից, երբ նախաձեռնության անդամները սկսեցին բաց խոսել իրենց գործունեությունը քաղաքական հարթակ տեղափոխելու մասին, նրանք զուգահեռ սկսեցին անուղղակի թիրախավորել Հայաստանի քաղաքական դաշտի ժողովրդականություն կամ, այսպես կոչված, վստահություն ներշնչող գործիչներին, որոնք, ի դեպ, Բաղրամյան պողոտայի նստացույցի օրերին եղել են ակտիվիստների կողքին: Բնականաբար, թիրախավորումը անվանական չէ, այլ տարբեր տեսակի հայտարարություններով եւ կոչերով: Ընդհանուր միտումն այն է, որ ընդդիմադիր գործիչներին հասցեագրված ինչ-որ ոչ իրատեսական առաջարկ են հնչեցնում, որը մասսաների համար հաճելի է հնչում, եւ հեղինակին բնորոշում է որպես ընդդիմադիր: Բայց առաջարկն ընդդիմադիր քաղաքական գործիչների կողմից կա՛մ չի ընդունվում, կա՛մ մնում է անարձագանք, ինչն ի սկզբանե կանխատեսելի էր, արդյունքում նրանք վարկաբեկվում են, քանի որ երիտասարդների «լավ» առաջարկին չարձագանքեցին: Իհարկե, այս բանաձեւը շատ կարճատեւ կյանք է ունենում, եւ սովորաբար ժամանակը ամեն ինչ դնում է իր տեղը, սակայն մեր նյութի թեման ոչ թե այդ գործիչներն են, այլ նրանց թիրախավորած ակտիվիստները: Վերջիններս փորձելով ինքնահաստատվել արդեն իսկ կայացած եւ ժողովրդկանություն վայելող քաղաքական գործիչների հաշվին՝ իրենք իրենց դատապարտում են ձախողման: Կարծում ենք՝ անիմաստ է մանրամասնել, թե այս մոտեցումը ինչու է դատապարտված: Բավական է նշել, որ անազնվությունը երբեւէ չի կարող դրական արդյունք տալ, եւ վաղ թե ուշ այն ուղղվելու է հենց հեղինակի դեմ:
Անհեթեթություն է կարծել, թե ակտիվիստների՝ նման վարքի պատճառն այն է, որ նրանք իշխանությունների կողմից վերահսկվում են, եւ այդ կերպ իրենց ծառայությունն են մատուցում: Իրականում ակտիվիստներին ուղղորդում է նույն այն մտայնությունը, որը տարիներ շարունակ ուղղորդել է ընդդիմադիր դաշտի բազմաթիվ խաղացողների. նրանց թվում է, որ եթե իրենք թեկուզ անուղղակի «մարտահրավեր» նետեն արդեն կայացած ընդդիմադիր գործիչներին եւ նրանց ներքաշեն ինքնին փակուղի տանող մի գործընթացի մեջ, ապա այդ դեպքում իրենք կկարողանան «սեփականաշնորհել» այդ գործիչների հեղինակության մի մասը:
Նստացույցի նախաձեռնողները շատ լավ հասկանում են, որ ընդդիմադիր քաղաքական գործիչները, իրենց բողոքի ցույցերին մասնակցելով, այսպես կոչված, դիվիդենտներ շահեցին: Հանրային հետաքրքրություն ներկայացնող անձի՝ կլինի քաղաքական գործիչ, թե շոու աստղ, ցանկացած հրապարակային քայլ նպաստելու է նրա հեղինակության բարձրացմանը կամ հակառակը` հեղինակազրկմանը: Նրանք, ովքեր այս իրողությունը գիտակցում են եւ նորմալ են վերաբերվում, բնական է, որ նրանց մոտ «խանդի» զգացողություն չի առաջանում, ու չեն փորձում ընդդիմադիր գործիչների միջոցով ինքնահաստատվել:
Մնում է հուսալ, որ երիտասարդներն հնարավորինս շուտ կընկալեն իրենց մարտավարության կործանարարությունը եւ այլ ճանապարհ կընտրեն, որը քաղաքական դաշտի ընդդիմադիր գործիչների դեմ ուղղված չի լինի, այլ միտված կլինի համախմբմանը կոնկրետ գաղափարների շուրջ: Մեր երկրում այսօր առկա լճացման գլխավոր պատճառն այն է, որ չկա գաղափար, որի շուրջ հավաքված լինեն մարդիկ:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 

 

ՍՐՏՆԵՐՈՎ ՉԷ
Անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի` ընդդիմադիր պատգամավորներին ուղղված մանդատները վայր դնելու կոչին` ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար հեղինե Բիշարյանը armlur.am-ին ասել է, որ դա անլուրջ հայտարարություն է: «Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչ է նշանակում դա: Եթե ինձ ժողովուրդը ձայն է տվել, գնացել եմ խորհրդարան, Շուշանյանի հայտարարությունը կապ ունի՞ ժողովրդի հետ, որը ձայն է տվել եւ մեզ խորհրդարան է ուղարկել: Այդ ի՞նչ հայտարարություն է»,-վրդովվել է Բիշարյանը: Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատել է, որ երկրում արդեն քաղաքական ճգնաժամ է տիրում, սակայն ինչ-որ մեկի կոչով չէ, որ ինքը պետք է վայր դնի մանդատը:

 

ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՐՍՏԱՑԱՎ
Աբովյանի նորընտիր քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դրամական միջոցները, ըստ նրա ներկայացրած հայտարարագրի, կազմում են 23 հազար 700 դոլար, 19 հազար 500 եվրո եւ 850 հազար դրամ: Բացի այս՝ նա ունի մեկ բնակարան եւ երկու` «Toyota Land Cruiser 200 4.0» եւ «BMW 745» մակնիշի ավտոմեքենաներ: Նշենք, որ նորընտիր քաղաքապետն իր պաշտոնը ստանձնելուց հայտարարագրում նշել է, որ այս տարվա հինգ ամիսներին ստացած իր աշխատավարձը կազմել է 1 մլն 562 հազար դրամ: Բացի այդ, ըստ հայտարարագրի, նա 380 հազար դրամով ինչ-որ գույք է օտարել: Իսկ թե որտեղի՞ց է այդքան փող դիզել, անհայտ է մնում: Նա մշտապես աշխատել է բացառապես պետական հիմնարկում՝ Ազգային ժողովում, որտեղ այդքան էլ բարձր աշխատավարձ չեն ստանում:

 

ԱՆՀԵԹԵԹ ՎԻՃԱԿ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության կայքում երեկ հրապարակվել է քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի կողմից ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հասցեին հնչեցրած մեղադրանքների պաշտոնական պատասխանը: Հիշեցնենք, որ Հարությունյանը Գորիկ Հակոբյանին եւ նրա տեղակալին` Արզուման Հարությունյանին, մեղադրել էր լրտես լինելու մեջ: Փաստորեն, ԱԱԾ-ն փորձել է թեման փակել` Շանթ Հարությունյանին որակելով որպես հոգեկան հիվանդ, իբր թե նա «հոգեկան հավասարակշռությունից եւ սթափ մտածողությունից զուրկ է»: «Շարունակել անդրադառնալ նրա զառանցանքներին եւ ցնդաբանություններին, կնշանակի բանավեճի մեջ մտնել նրա հետ, ասել է թե` լրջորեն ընդունել եւ տուրք տալ նրա սադրանքներին: ՀՀ ԱԱԾ-ն հարկ չի համարում այլեւս արձագանքել դրանց»,- նշված է այդ հայտարարությունում:
Նախ նկատենք, որ մարդուն հոգեկան հիվանդ կարելի է որակել միայն դատարանի համապատասխան ակտի հիման վրա: Այս հանգամանքը ԱԱԾ-ում պետք է, որ լավ իմանան: Ուստի «կռուտիտի» փոխարեն ԱԱԾ-ի ղեկավարությունը լավ կլինի, եթե փորձի իր հասցեին հնչեցված մեղադրանքներին պատասխանել ՀՀ օրենսդրության շրջանակներում: Ինչո՞ւ իրավական ընթացք չի տրվում գրությանը, ինչո՞ւ Շանթին չեն տանում փորձաքննության՝ ստուգելու նրա հոգեկան վիճակը: Եւ, վերջապես, եթե նա հոգեկան հիվանդ է, ինչո՞ւ է բանտում: Աբսուրդ իրավիճակ:

 

 

 

ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՄԵԶ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՆ
Մոսկվան ուշադրությամբ հետեւում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը` ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: «Մենք ուշադրությամբ հետեւում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ դուք մեր հարեւանն եք, գործընկերը, մեզ մոտ պետություն, եւ, իհարկե, մեզ համար մեկ չէ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները հարեւան երկրում»:

 

ՆՈՐ ՊԱՀԱՆՋ
Ազատության հրապարակում երեկ կայացած հանրահավաքի ընթացքում հայտարարվել է, որ մինչեւ հաջորդ շաբաթվա վերջ նոր ակցիաներ չեն լինի: Ցուցարարները վերահաստատել են իրենց պահանջները` դրանց գումարելով եւս մեկը՝ էներգետիկ համակարգը փլուզման հասցնելու պատճառները պարզելու համար քրեական գործի հարուցում. «Եթե դատախազությունը չսկսի ՀԷՑ-ում եւ ՀԾԿՀ-ում ստուգումներ անցկացնել, ապա հաջորդ հանրահավաքի ժամանակ մենք պահանջելու ենք հրաժարականներ ու ողջ պատասխանատվությունը դնելու ենք Սերժ Սարգսյանի վրա»,- ասել է Դավիթ Սանասարյանը:

 

ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ
Սերժ Սարգսյանը երեկ Ուֆայում մասնակցել է ԲՐԻԿՍ, ԵՏՄ եւ Շանհայան համագործակցության կազմակերպության համատեղ գագաթնաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: «Այստեղ ներկայացված երկրների ֆինանսական ինստիտուտների գործունեության համակարգման արդյունավետությունը էապես կօգնի զարգացող տնտեսություններ ունեցող երկրներում ներդրումային հոսքերի մեծացմանը, որն իր հերթին կբերի կայուն տնտեսական աճի: Որպես ասվածի գործնական օրինակ կարող է դառնալ եվրասիական ինտեգրացիայի եւ «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության զուգակցումը: Հայաստանի դեպքում այդպիսի ծրագիր կարող է դառնալ Հայաստան-Իրան երկաթուղային ճանապարհի կառուցումը, որը Պարսից ծոցի միջոցով կապահովի ԵԱՏՄ երկրների ելքը դեպի Հնդկական օվկիանոս: Արդեն պատրաստ է տեխնիկական-տնտեսական հիմնավորումը, եւ ծրագիրը բաց է պետական-մասնավոր գործընկերության համար: Հուսով ենք, որ այստեղ ներկա երկրներից ընկերությունները հետաքրքրություն կդրսեւորեն»,- ասել է Սարգսյանը:

 

ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում պուտինյան տխրահռչակ ակումբների հիմնադիր, Եվրասիական երիտասարդական խորհրդարանի ղեկավար Անդրանիկ Նիկողոսյանը դաժան ծեծի է ենթարկել ու փորձել է բռնաբարել իր ծանոթուհուն: Այս մասին հայտնում է «ИА Национальные интересы»-ն: Տեղեկացվում է, որ այժմ Ռուսաստանի Գագարինի շրջանի ոստիկանությունում տուժածի հայտարարության հիման վրա ստուգումներ են անցկացվում դաժան ծեծի ու բռնաբարության փորձի մեղադրանքով: Նիկողոսյանի զոհը դարձել է նրա ծանոթը, ում վերջինս հրավիրել է իր մոսկովյան բնակարան: Ոչինչ չկասկածող կինն ընդունել է հրավերը, սակայն բնակարանում անսպասելի կերպով խմբակային սեռական կապ ունենալու մասին առաջարկ է ստացել, որից հրաժարվել է: Ստանալով մերժում` Նիկողոսյանը հարձակվել է իր ծանոթի վրա ու սկսել է նրան ծեծել, ավելի ուշ Նիկողոսյանին միացել է նաեւ իր վարորդը` Էդգարը: Պարզվել է, որ Նիկողոսյանը առաջին անգամ չէ նման աղմկահարույց պատմության մեջ հայտնվում. բայց նրան մշտապես հաջողվել է անմեղ դուրս գալ:




Լրահոս