Արամ Ա կաթողիկոսը Բիքֆայայի Ս. Աստվածածին վանքի վեհարանում հանդիպում է ունեցել Ն.Ս. Իգնատիոս Աֆրամ Բ ասորիների պատրիարքի հետ: Այս մասին տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:
Վեհափառ Հայրապետի հետ հանդիպմանը ներկա էին միաբան հայրեր, իսկ պատրիարքին ընկերակցում էին ասորի հոգևոր հայրեր Բեյրութից ու Դամասկոսից:
Եղբայրական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպմանը շեշտվել է թե’ Միջին Արևելքի, թե’ սփյուռքի գաղութներում հայ և ասորի եկեղեցիների գործակցությանը նոր թափ տալու անհրաժեշտությունը: Այս համատեքստում շեշտվել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հատուկ կարևորություն տալու անհրաժեշտությունը:
Աֆրամ Բ պատրիարքն իր շնորհակալությունն է հայտնել Վեհափառ Հայրապետին ասորի ժողովրդի ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բացման հանդիսությանն իր ներկայության ու պատգամի համար: Նա նաև հայտնել է, ստիպված է մեկնել ԱՄՆ, հետևաբար շաբաթվա վերջին մյուռոնօրհնեքի արարողությանն ու այլ միջոցառումներին իրեն կփոխարինի ասորի եկեղեցու եպիսկոպոսներից բաղկացած պատվիրակությունը:
Հանդիպման ավարտին Արամ Ա կաթողիկոսոը և Իգնատիոս Աֆրամ Բ ասորիների պատրիարքը շրջել են Ս. Աստվածածին վանքի վերանորոգված ու նորակառույց բաժիններով: