ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ՓԵՍԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՐՏՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ»-ի եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փեսայի` Վիգեն Չատինյանի դատական վեճը ավարտվեց վերջինիս պարտությամբ:

2014թ. հուլիսի 21-ին «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ»-ը հայց էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` «Միստր Շեդո» ձեռնարկության դեմ: Հիմնադրամը դատարանից պահանջել էր ընկերությունից բռնագանձել 3 միլիոն 851 հազար դրամ գումար:
Իսկ ինչո՞ւ պետք է ՀՀ երկրորդ նախագահի փեսայի ընտանիքին պատկանող ընկերությունը «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն հիմնադրամ»-ին գումար փոխանցի: Ինչ պարտավորություններ են ունեցել այս երկու ընկերությունների ղեկավարները միմյանց նկատմամբ եւ ինչո՞ւ է ՀՀ երկրորդ նախագահի փեսան հայտնվել դատարանում:
Տեղեկացանք, որ դատարանում «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչը հայտնել է, որ 2013 թվականի մարտի 16-ին «Միստր Շեդո» ՍՊԸ-ի տնօրեն Արա Չատինյանը դիմել է իրենց ընկերություն աջակցություն ստանալու նպատակով: Արա Չատինյանը հայտնել է, որ ռեստորանային, ինչպես նաեւ կինոթատրոնի գործունեություն ծավալալու նպատակով իրեն անհրաժեշտ է 5 մլն դրամ, որը իրեն «ՎՏԲ-Հայաստան» բանկը տրամադրում է, սակայն պահանջում է երաշխավոր: Ուստի դիմելով «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամին՝ ցանկանում է, որ նրանք աջակցություն ցուցաբերեն:
Արդյունքում, Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի եւ «Միստր Շեդո»-ի միջեւ կնքվում է երաշխավորության պայմանագիր, որի կողմերն են լինում Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը եւ վերաերաշխավորողներ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փեսա Վիգեն Չատինյանը եւ նրա մայրը՝ Մարինա Չատինյանը:
Ասել է թե, երաշխավորը կա, բանկը գումարը տրամադրել է, էլ ինչ է մնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամիներին. կատարել իրենց վարկային պարտավորությունները եւ իրենց բիզնեսը բարեխիղճ կերպով առաջ տանել, սակայն արի ու տես, որ ամեն ինչ այլ ընթացք է ունենում:
Պարզվում է, որ «Միստր Շեդո»-ն չի կատարում իր վարկային պարտավորությունները, ինչի արդյունքում «ՎՏԲ Հայաստան» բանկը գրություն է ներկայացնում «Հիմնադրամին» եւ վարկային պայմանագրով սահմանված մարման ժամանակացույցին համապատասխան 30-րդ օրացուցային օրը լրանալուն պես գանձում է «Հիմնադրամի» հաշվից որպես տվյալ վարկային պարտավորության միջոց հանդիսացող ամբողջ գումարը, որը կազմում Է 4 միլիոն 222 հազար 328 ՀՀ դրամ:
Արդյունքում, «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամը, դիմելով դատարան, պահանջել է, որ «Միստր Շեդո» ՍՊԸ-ից եւ նրա վերաերաշխավորողներ Վիգեն Չատինյանից եւ Մարինա Չատինյանից հօգուտ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի բռնագանձվի 3 միլիոն 851 հազար ՀՀ դրամ:
Եվ, ահա, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը, 9 ամիս քննելով այս գործը, վճռել է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի հայցը ընդդեմ «Միստր Շեդո» ՍՊ ընկերության բավարարել եւ հօգուտ հիմնադրամի բռնագանձել 3.851.303,2 դրամ:
Ասել է, թե ՀՀ երկրորդ նախագահի փեսան եւ նրա մայրը պարտվեցին դատարանում, ընդամենը 5 միլիոն դրամի վարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում: Ավելին՝ հիշեցնենք, որ «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջնորդությամբ կալանք էր դրվել Վիգեն Չատինյանին եւ Մարինա Չատինյանին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա, որը չի հանվի, մինչեւ չկատարվի դատարանի պահանջը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԹԱԼԱՆ՝ ԲԱՑ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ

«Ժողովուրդ»-ն ահազանգ է ստացել այն մասին, որ հատկապես այս ամառային սեզոնին մի շարք ուղղություններով ավիաչվերթների գները շեշտակի բարձրացել են: Օրինակ՝ Երեւան-Բարսելոնա-Երեւան չվերթի տոմսերը 800-900 դոլար արժեն, մինչդեռ այդ չվերթը Թբիլիսիից 350-400 դոլար է:

Արդեն մի քանի օր է՝ փորձում ենք պարզել, թե ինչպե՞ս է այդպես ստացվել. բաց երկնքի քաղաքականություն վարող Հայաստանում ինչո՞ւ են ավիատոմսերի գները այդքան բարձր: Ո՞վ է վերահսկում ոլորտը, եւ ովքե՞ր են պատասխանատուները:
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության լրատվության բաժնից «Ժողովուրդ»-ին տեղեկացրին, որ ավիատոմսերի գներն իրենց ֆունկցիայի մեջ չեն մտնում, ու իրենք որեւէ բան չեն կարող այդ մասով ասել:
Փորձեցինք ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից պարզել՝ ինչո՞վ է զբաղված Արտակ Շաբոյանը (բաջանաղի հետ ՀԷՑ-ից ստացող միլիոնավոր պայմանագրերի գործարքներից ազատ ժամանակ): ՏՄՊՊՀ նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը հայտնեց. «Նախ՝ տեղեկացնենք, որ տարբեր երկրներում գործող ավիափոխադրումների սակագների ուղղակի համեմատությունը մեթոդաբանորեն ճիշտ չէ, քանի որ ավիատոմսերի արժեքի ձեւավորման գնային տարրերը բազմաթիվ են, եւ դրանք տարբեր երկրներում համադրելի չեն: Ձեր կողմից նշված հարցի հետ կապված կոնկրետ փաստեր պարունակող դիմում-բողոքի կամ Ձեր հրապարակման հիման վրա ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կարող է համապատասխան ուսումնասիրություն իրականացնել՝ պարզելու մրցակցային խնդրի հնարավոր առկայությունը: Այնուամենայնիվ, հարկ եմ համարում նշել, որ Հանձնաժողովը գների կարգավորմամբ չի զբաղվում եւ օրենքով սահմանված կարգով գնային խնդիրներին անդրադառնում է բացառապես այն պարագայում, երբ գերիշխող տնտեսվարողների կողմից առկա են մրցակցության օրենսդրության հնարավոր խախտման փաստեր: Միաժամանակ, տեղեկացնեմ նաեւ, որ ինչ վերաբերում է Ձեր կողմից նշված վերահսկողությանը, ապա ՀՀ օրենսդրությամբ ավիափոխադրումների ծառայությունների մատուցման ոլորտը գտնվում է այլ պետական կառույցի կարգավորման դաշտում, եւ ՏՄՊՊՀ-ը կարող է դրանց անդրադառնալ բացառապես հնարավոր մրցակցային խնդիրների առկայության պարագայում»,- նշեց Գ. Սահակյանը:
Այսպիսով, պետական երկու կառույցներն էլ հրաժարվում են պատասխանատվություն ստանձնել: Հավանաբար, ավիատոմսերի գների հարցով պետք է դիմենք մեր բակի էլեկտրիկ Գրիշին:
Բայց հուսանք՝ Արտակ Շաբոյանը այս հարցը եւս կդարձնի քննության առարկա եւ այնպիսի հետեւողականությամբ կգնա խնդիրը պարզելու ճանապարհով, ինչպես վարվեց «Մարաթուկ» տուրիստական ընկերության դեպքում՝ վարույթ հարուցելով:
Իսկ ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանին, ապա նա, պարզվում է, բացառապես դիտորդի կարգավիճակ ունի, ուղղակի զբաղեցնում է պետական պաշտոն, քարտուղարուհի ու վարորդ ունի եւ «կողքից» հարստանում է (բայց այս մասին՝ հաջորդիվ):
Իսկ ՀՀ քաղաքացիները շարունակում են քաղել «բաց երկնքի քաղաքականության» դառը պտուղները՝ թալանվելով:

ԱՆԻ ՍՏԵՓԱՆՅԱՆ

 

 

 

ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԸ
«Գրանդ Հոլդինգ»-ին պատկանող «Մասիս Տոբակո» ընկերությունը 2015թ նվազեցրել է պետության հանդեպ իր հարկերի ծավալը: Եթե անցած տարի ընկերությունը վճարել էր 320 մլն դրամ, ապա այս տարի վճարել է 120,8 մլն դրամ:
Նկատենք, որ գործարար Վարդանյանների ընտանիքին պատկանող ծխախոտի գործունեությամբ զբաղվող «Մասիս Տոբակոյի» դիրքերն ավելի ցածր են նրանց մյուս ծխախոտի գործունեությամբ զբաղվող երկու ընկերությունների` «Ինտերնեշնլ Մասիս Տոբակոյի» եւ «Գրանդ Տոբակոյի» համեմատ:
Սակայն պարզվում է, որ գործարար Վարդանյաններին պատկանող «Մասիս Տոբակո» ընկերությունը, բացի այն, որ նվազեցրել է պետության հանդեպ իր հարկային վճարումները, նաեւ հայտնի է մաքսային կանոնները խախտելու սովորությամբ: Բարեխիղճ գործարարի իմիջով, ըստ ամենայնի, նրանք իրականում աշխատում են ճիշտ այնպիսի մեթոդներով, ինչպիսիք ընդունված են Հայաստանում. գտնել ուղիներ՝ օրենքը շրջանցելու համար:
Իսկ հիմա խոսենք փաստերով: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ ապրիլի 22-ին «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի անունով Հայաստան է ներմուծվել 3280կգ ապրանք, որոնց վերաբերյալ սահմանված ժամանակահատվածում մաքսային մարմնին հայտարարագիր չի ներկայացվել: Արդյունքում պետական եկամուտների կոմիտեն որոշել է գործարար Վարդանյաններին պատկանող ընկերությանը տուգանել 50.000 դրամի չափով:
Բայց այսքանով ամեն ինչ չի ավարտվում: Այս տուգանքից մի քանի ամիս անց «Մասիս Տոբակոն» էլի է հայտնվել ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: 2014 օգոստոսի 3-ին դարձյալ «Մասիս Տոբակոյի» անունով ՀՀ է ներմուծվել 8269 կգ ապրանք, սակայն հերթական անգամ ընկերությունը սահմանված ժամանակահատվածում հայտարարագիր չի ներկայացրել մաքսային մարմին: Բայց ուշագրավ զուգադիպությամբ, ընկերության լիազոր ներկայացուցիչ Սերգեյ Սանթուրյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ դարձյալ 50.000 դրամի չափով:
Բայց Վարդանյանների ընտանիքին պատկանող ընկերություններից միայն «Մասիս Տոբակոն» չէ, որ խախտել է մաքսային կանոնները: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ Վարդանյաններին պատկանող «Գրանդ Տոբակոն» եւ «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ ՍՊԸ»-ն եւս հայտարարագիր չներկայացնելու համար տուգանվել են 50.000 դրամի չափով:
Ավելին՝ տեղեկացանք, որ 2014 թվականին մաքսային այլ կանոններ խախտելու համար «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Կարապետ Սուքիասյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն: Բանն այն է, որ ընկերության անունով հայտարարագրվել է 1 մլն 440 հազար տուփ սիգարետ, որը 10-օրյա ժամկետում ՀՀ մաքսային սահմանը չի հատել, ինչի համար որոշվել էր ՍՊԸ-ի լիազոր ներկայացուցիչ Կարապետ Սուքիասյանին տուգանել 100 հազար դրամի չափով:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս