«ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԿՐԻՄԻՆԱԼ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԱԿԱՆ» ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վիկիլիքսի» հրապարակած արխիվային փաստաթղթերից այսօր ներկայացնում ենք 2007թ. խորհրդարանական ընտրությունների շուրջ ԱՄՆ դիվանագետների կազմած երկու զեկուցագրեր: Առաջինը հեղինակել է ՀՀ-ում ԱՄՆ նախկին արտակարագ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսը 2006թ. հուլիսին, իսկ երկրորդը՝ ՀՀ-ում ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Էնթընի Գոդֆրեյը` 2007թ. հունիսին: Առաջինը քննարկում է Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ին անդամագրվելն ու խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տիրող քաղաքական իրադրությունը, մինչդեռ երկրորդը արդեն ընտրություններին հաջորդած գործընթացը: Ուշագրավ են ամերիկացի պաշտոնյաների՝ սույն հաղորդագրություններում տեղ գտած կարծիքներն ու վերաբերմունքը հայաստանյան քաղաքական դերակատարների, մասնավորապես ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, Արթուր Բաղդասարյանի եւ այլոց մասին:

Առաջին զեկուցագրի հեղինակ Էվանսն արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի միացումը ՀՀԿ-ին վերջին ամիսների ամենասպասված իրադարձությունն է հայաստանյան քաղաքական կյանքում` ընդգծելով, որ գործընթացն ուղեկցվել է տարատեսակ բիզնես եւ անգամ կրիմինալ տարրերի կուսակցականացմամբ: Այս կապակցությամբ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի քաղաքական հավակնությունները գնահատելով՝ դեսպանը նկատում է, որ Հովսեփյանը կորցրել է իր ազդեցությունը կրող կուսակցություն ձեւավորելու պահը: Ավելին՝ Էվանսը Աղվան Հովսեփյանի մտերիմներից է համարում Ռուբեն Հայրապետյանին, որն անդամագրվել է ՀՀԿ-ին ու հասարակության մեջ ասոցացվում է իբրեւ «կազմակերպված կրիմինալ գործիչ»: Դիվանագետը հավելում է, որ նշյալ համագումարին պիտի շտապեն մասնակցել զանազան պատվիրակներ՝ «նոր շեֆ» Սերժ Սարգսյանին իրենց նվիրվածությունը հայտնելու համար:
Դեսպանը հայտնում է իր զարմանքը, որ Սերժ Սարգսյանն իր խաղաքարտերը բացել է բավականին վաղ: Ըստ հեղինակի՝ Սերժ Սարգսյանն իր պահարանում բավականաչափ «կմախքներ» ունի թաքցրած եւ հազիվ թե ցանկանա, որ մամուլն ուշադրությամբ սկսի քննել իր անձը: Այդ համատեքստում դիվանագետը Սերժ Սարգսյանին կոչում է Քոչարյանի ամենահավանական ժառանգորդ, որի ՀՀԿ կոչվող գնացքի ընթացքին հազիվ թե կարողանան դիմադրել Գագիկ Ծառուկյանն ու Աղվան Հովսեփյանը: Նկատենք, որ տվյալ ժամանակափուլում, ըստ ամերիկացիների, Սերժ Սարգսյանի ամենահավանական հակառակորդներ են համարվել վերոհիշյալ երկու գործիչները, որոնցից Հովսեփյանն այդպես էլ չհանդգնեց քաղաքական նկրտումները ցուցադրել՝ նույնիսկ իր եղբորը դարձնելով ՀՀԿ-ի անդամ, իսկ Ծառուկյանը նշյալ դեպքերի քննարկումից ավելի քան 8 տարի անց ջախջախվեց Սերժ Սարգսյանի հարվածներից:
Հիշարժան է, որ Էվանսը Սարգսյանի կուսակցականացման առթիվ հիշատակում է այսօր Հանրային խորհրդի նախագահ, ժամանակին «թնդագույն» ընդդիմադիր Վազգեն Մանուկյանի կարծիքը: Ըստ վերջինիս՝ Սերժ Սարգսյանի միանալը ՀՀԿ-ին Հայաստանը տանելու է միակուսակցական պետության ճանապարհով, եւ դրանց երկուսի ֆինանսական լծակների մեկտեղումը կհաղթահարի ցանկացած դիմադրություն: Նկատենք, որ Մանուկյանն առայժմ ճիշտ դուրս եկավ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ Մարտի 1-ից հետո ինքն էլ «ծվարեց» Սերժ Սարգսյանի «ամպհովանու» տակ եւ ցայսօր ՀԽ նախագահ հորջորջվելով՝ սատարում է Հայաստանում քաղաքական մենիշխանության ամրապնդմանը: Հետաքրքիր է՝ արդյո՞ք կուսակցական մենատիրության տապալումը չէր այն նպատակներից մեկը, որի համար Վազգեն Մանուկյանը ժամանակին պայքարում էր «Ղարաբաղ» կոմիտեի կազմում:
ԱՄՆ գործերի նախկին ժամանակավոր հավատարմատար Է.Գոդֆրեյի զեկուցագիրն արդեն քննարկում է 2007թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ արձանագրելով, որ ՀՀԿ-ն հստակ մեծամասնություն է վերցրել խորհրդարանում, սակայն Սերժ Սարգսյանը կնախընտրի կոալիցիա ձեւավորել: ԲՀԿ-ի հետ դաշինքն ամենահավանականը համարելով հանդերձ՝ դիվանագետը աչքաթող չի անում նաեւ ՀՅԴ-ին, որը, ըստ հեղինակի, ՀՀԿ-ի հետ հարմարավետորեն համագործակցելու հարուստ փորձ ունի: Ավելին՝ անկախ նրանից՝ դաշնակները Կառավարության մեջ են, թե ոչ, ըստ զեկուցագրի հեղինակի, նրանք կգտնեն իշխանության հետ համագործակցելու ուղին՝ վերջինից ստանալով իրենց համար ամենաառաջնահերթ զիջումները՝ փոխարենը աջակցելով Կառավարությանը կենսական հարցերում: Հետաքրքիր է, որ Գոդֆրեյը որպես վարչապետի միակ արժանի թեկնածու է համարում Սերժ Սարգսյանին, քանզի հենց նա է ունակ վարելու ԼՂ հարցով ընթացող բանակցությունները: Հիշենք, որ Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելու առիթով վերջինիս շնորհավորել էր անձամբ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, ինչն արտակարգ դեպք էր ամերիկյան դիվանագիտության տեսանկյունից՝ հաշվի առնելով վարչապետի՝ երկրի առաջին դեմքը չլինելը եւ ապա Սերժ Սարգսյանի՝ նախագահ դառնալու առթիվ այդպես էլ չուղարկված շնորհավորանքը: Ըստ էության, ԱՄՆ-ը Հայաստանում առաջնորդվում էր բացառպես ԼՂ-ի բանակցային գործընթացում սեփական շահերով եւ թեկնածուների հանդեպ սեփական վերաբերմունքը ձեւավորում հենց այդ գործընթացում իր ակնկալած օգուտները ստանալու հնարավարությամբ:
Գոֆդրեյը քննարկում է նաեւ խորհրդարան անցած ՕԵԿ-ի նկարագիրը եւ վերջինիս առաջնորդ Արթուր Բաղդասարյանին համարում վերին աստիճանի առեւտրական գործիչ, որն անտարակույս կհամաձայնի գործարքի արդյունքում Կառավարություն վերադառնալ: Այստեղ հեղինակը, սակայն, արձանագրում է, որ Քոչարյանը հստակորեն հակառակ է տրամադրված Բաղդասարյանի հանդեպ եւ չի ցանկանում որեւէ գործ ունենալ նրա հետ: Կասկած հայտնելով Բաղդասարյանի՝ ընդդիմադիր փողոցային պայքարին միանալու հավանականության շուրջ՝ դիվանագետը համոզված պնդում է, որ ՕԵԿ ղեկավարի մերկացված ձգտումն է Կառավարություն վերադառնալը: Արձանագրենք, որ 2008թ. մարտիմեկյան արյունալի դեպքերի նախօրեին իրականացավ Գոդֆրեյի կանխատեսումն ու արմատական ընդդիմադիր դիրքերում գտնվող ՕԵԿ-ը հայտնվեց իշխանության մեջ՝ իր նպաստը բերելով քաղաքացիներին սպանդի ենթարկած իշխանության արդարացման գործում:

ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

 

 

 

ՌԵԿՏՈՐԸ ՓԱԿԵԼ Է ԴԱՍԸՆԿԵՐՈՋ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Բերդի բնակիչներ Ազնիվ Մաթեւոսյանը, Լեւոն Պապոյանը, Էլմիրա Դարբինյանը, Սուդարիկ Գրիգորյանը 2014թ. հուլիսի 17-ին քաղաքացիական հայց են ներկայացրել Կորյուն Աթոյանի, Արամ Աթոյանի եւ Սարգիս Պապյանի դեմ: Նշենք, որ խոսքը վերաբերում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանին: Սույն քաղաքացիական հայցը առնչվում է Բերդում գտնվող հողատարածքները եւ համայնքին պատկանող ճանապարհն ազատելու պահանջին: Այս գործով դատավարությունն Իջեւան քաղաքում սկսվել է 2014թ. սեպտեմբերի 26-ին: Հայցվոր Ազնիվ Մաթեւոսյանը դատարանին միջնորդել է փորձաքննություն կատարել՝ պարզելու համար, թե որքա՞ն են կազմում Բերդ քաղաքի Գետափնյա 31/1 եւ Գետափնյա 31/2 հասցեներում գտնվող, Կորյուն Աթոյանին պատկանող հողամասերի փաստացի մակերեսները եւ համապատասխանո՞ւմ են, արդյոք, դրանք սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված չափերին: Դատավոր Արման Կուրեխյանի 2015թ. փետրվարի 19-ի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն եւ գործի վարույթը կասեցվել է մինչեւ փորձագետի եզրակացությունը ստանալը: 2015թ. մարտի 4-ին դատարանում ստացվել է փորձագետ Լիլիթ Ադամյանի գրությունը, որ փորձաքննությամբ առաջադրված հարցերի պարզաբանման համար անհրաժեշտ են ճշգրիտ գործիքներ, որոնցով ինքն ապահովված չէ եւ չի կարող փորձաքննություն կատարել: Ապրիլի 16-ին դատավոր Կուրեխյանը նշանակել է դատատեխնիկական նոր փորձաքննություն եւ այն հանձնարարվել է անհատ ձեռներեց Արմեն Մանուչարյանին: 2015թ. հուլիսի 9-ին սույն քաղաքացիական գործով հերթական նիստը նշանակված էր Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Նոյեմբերյանի նստավայրում: Հայցվոր Ազնիվ Մաթեւոսյանը, ով Բերդի քաղաքապետարանի աշխատակից է, «Ժողովուրդ»-ին ասաց, որ ինքը տեղյակ չի եղել Նոյեմբերյանում նիստ անցկացնելու մասին, դատարանի կողմից պատշաճ չի ծանուցվել եւ նիստին չի մասնակցել: Նա ասաց, որ ինքը եւ Կորյուն Աթոյանը դասընկերներ են, 10 տարի միասին են դպրոց հաճախել: Ա. Մաթեւոսյանը հայտնեց, որ Կ. Աթոյանը Բերդում ձեռք է բերել 4600 քմ մակերեսով հողատարածք, որի մեջ եղել է համայնքային ճանապարհ: Մաթեւոսյանի խոսքերով՝ Կ. Աթոյանն այդ ճանապարհը փակել է, ինչի արդյունքում ինքն ու մյուս հայցվորները չեն կարողանում գնալ իրենց հողամասեր: «Կորյուն Աթոյանը ճանապարհը փակել է, վերտալյոտո՞վ ենք գնալու, մեր հողերը մշակելու»,- վրդովվեց Ազնիվը: Նա ասաց, որ Կ. Աթոյանն իր հողամասը փաստացի վաճառել է Սարգիս Պապյանին, սակայն վերոհիշյալ քաղաքացիական հայցի պատճառով այդ վաճառքը չի կարողանում ձեւակերպել: Ա. Մաթեւոսյանը ընդգծեց, որ Կ. Աթոյանի հողամասերի չափերը 230 քառակուսի մետրով գերազանցում են վկայականներում նշված չափերին, սակայն, չգիտես ինչու, փորձագետը Կ. Աթոյանի հողամասում համայնքային ճանապարհ չի տեսել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 

ՇԵՖԻՆ ԸՆԴՕՐԻՆԱԿԵԼՈՎ
Երեկ Կառավարության դիմաց հավաքված եզդիները նամակ են հանձնել վարչապետ Հովիկ Աբրահամյանին` ներկայացնելով ԴԱՀԿ-ի կողմից թույլ տրված ապօրինությունները: Բանն այն է, որ 2014 թվականին ԴԱՀԿ-ն եզդի ընտանիքին բնակարանից հանելու որոշում էր կայացրել, քանի որ այդ բնակարանը գնել էր Զարգացման հայկական բանկը: Իրերի տեղափոխության ժամանակ ԴԱՀԿ աշխատակիցներ Կարեն Միլիտոնյանի, Վարդան Մելիքբեկյանի, Սանասար Յարլյանի, Արամ Իսրայելյանի եւ եզդի Նազիկ Ամարյանի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել: «Ես ձեր եզդի լավը…»,- վիճաբանության ժամանակ, Նազիկ Ամարյանի պատմելով, իրեն հայհոյել է ԴԱՀԿ աշխատակիցը: Կնոջ խոսքով` ԴԱՀԿ աշխատակիցները իրեն քաշքշել են, ինչի ժամանակ իր որդին` Յուրիկ Ամարյանը, միջամտել է: «Որ մեկի մորը քաշքշեն, որ որդին չխառնվի: Դրանից հետո որդուս մի քանի հոգով ծեծեցին, 3 անգամ զենք պահեցին վրան, 4-րդ անգամն էլ հարկադիրի աշխատող Կարեն Միլիտոնյանը զենքով խփեց տղայիս մեջքին, որի ժամանակ մատը կոտրվեց: Հիմա ասում են` իբր Յուրիկն է կոտրել մատը»,- Armlur.am-ի հետ զրույցում կատարվածը ներկայացրել է Նազիկ Ամարյանը: Նկատենք, որ բռնության գործադրմամբ հարցեր լուծելը ԴԱՀԿ-ում նորություն չէ. դա, կարելի է ասել, ամենավերեւից եկող աշխատաոճ է, ընդ որում, խրախուսվող: Չմոռանանք, որ Ժամանակին ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը սեփական աշխատասենյակում ծեծի ենթարկեց իր տարեց ենթակային, ինչի համար աշխատանքից ազատվեց բոլորովին այլ մարդ, իսկ նա նորանոր պարգեւներ եւ բիզնես քվոտաներ ստացավ երկրի բարձրագույն ղեկավարության կողմից:

 

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Հուլիսի 9-ին կյանքի 75-րդ տարում վախճանվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լաերտ Մովսիսյանը: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հուլիսի 10-ին, ժամը 18:00-ին, Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը` հուլիսի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հուղարկավորությունը՝ Թոխմախի գերեզմանատանը:




Լրահոս