Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական «Դոնյայե էղթեսադ» օրաթերթին, որի հայերեն թարգմանությունը ներկայացվում է ստորև:
Տնտեսության կառուցվածքի տեսակետից Իրանի և Հայաստանի տնտեսությունները նմանություններ ունեն: Երկու երկրներն էլ որոշ ժամանակ կենտրոնացված տնտեսություն են ունեցել, սակայն հետագայում որդեգրել են ազատ տնտեսության ուղին: Ինչպիսի՞ն է Հայաստանի տնտեսության զարգացման ծրագիրն այս շրջանում:
Իհարկե, դժվար է համեմատել Իրանի և Հայաստանի տնտեսությունները: Իրանի տնտեսությունը հիմնված է բնական ռեսուրսների վրա, մինչդեռ Հայաստանի տնտեսության հիմքը մարդկային ներուժն է, մադկանց գիտելիքներն ու հմտությունները: Հայաստանի արտադրողներն անհրաժեշտ հումքը հիմնականում դրսից են ներմուծում: Իրանի տնտեսության մեջ ակտիվ դերակատրություն ունեն թե´ պետական, թե´ մասնավոր հատվածները: Հայտնի է նաև, որ իրանական տնտեսական համակարգում մեծ է կառավարության ազդեցությունը: Հայաստանում կառավարությունը տնտեսության վրա ունի նվազագույն ազդեցություն, գործում են ազատականության սկզբունքներ, իսկ կառավարությունը իր կարգավորման ֆունկցիաներն իրականացնում է հարկերի, տուրքերի, սակագների, և այլևայլ օրենքների և ընթացակարգերի միջոցներով:
Չնայած Իրանի և Հայաստանի բարենպաստ աշխարհագրական դիրքին ապրանքաշրջանառությանը երկու երկրների միջև, Իրանի՝ այլ երկրների հետ ունեցած ծավալների համեմատությամբ, շատ չնչին է: Ձեր կարծիքով ինչո՞ւ երկու երկրները, չունենալով ազգային և տարածաքային որևէ տարաձայնություն, չեն կարողացել տնտեսական զարգացման տեսակետից լավագույնս օգտվել այդ ներուժից:
Իրանը տարածաշրջանի մեծ և ազդեցիկ երկրներից մեկն է:
Հաշվի առնելով նաև Պարսից ծոցի տարածաշրջանը՝ Իրանը 15 երկրների հետ ունի ծովային և ցամաքային սահմաններ: Դրանց շարքում միակ ոչ մուսուլմանական երկիրը Հայաստանն է , որի հետ Իրանն ունի քաղաքական լավ հարաբերություններ ու այն չի զիջում այլ երկրների հետ ունեցած մակարդակին:
Այնուամենայնիվ, Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների մակարդակը չի համապատասխանում իրենց քաղաքական հարաբերությունների մակարդակին: Սրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ մի շարք պատճառներ:
Տնտեսական կապերի բարելավման տեսակետից ենթակառուցվածքային ի՞նչ ծրագրեր են իրականացվում:
Ենթակառուցվածքների ստեղծման բնագավառում մենք Իրանի հետ համատեղ իրականացված ծրագիր արդեն ունենք, իսկ մի շարք ծրագրեր ընթացքի մեջ են: Երկու էլեկտրական բարձրավոլտ գծեր արդեն կառուցված են, իսկ երրորդը կառուցման ընթացքի մեջ է: Ժամանակին կառուցվել է և գործում է Հայաստան-Իրան գազամուղը: Ի դեպ, երբ Հայաստանն անկախացավ, մեզ միացնող որևէ ճանապարհ չկար, և «Արաքս» գետը բաժանում էր երկու երկրները: Իհարկե, հիմա հուսալի ճանապարհային կապ կա երկու երկրների միջև: Նախագծման փուլում է գտնվում Արաքսի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման ծրագիրը՝ մեկ կայան նախատեսվում է կառուցել Հայաստանի կողմում, մյուսը՝ Իրանի:
Քննարկվում է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին Հայաստանի մասնակցության խնդիրը: Մեր նապատակն է, որպեսզի Պարսից ծոց–Իրան-Հայաստան-Վրաստան–Սև ծով տրանսպորտային միջանցքը ժամանակին կառուցվի, և ընդհանրապես Հայաստանը ակտիվորեն ներգրավված լինի երկու երկրների համար նպաստավոր տարածաշրջանային ծրագրերում: Իրանը Եվրոպայի և Ռուսաստանի հետ տրանսպորտային հաղորդակցության մի շարք հնարավորություններ ունի: Իրանը Թուրքիայի միջոցով կարող է հաղորդակցվել Եվրոպայի հետ, Իրաքի և Սիրայի տարածքով կարող է դուրս գալ Միջերկրական ծով, Ադրբեջանի և Վրաստանի միջոցով դուրս գալ Սև ծով և այլն: Հյուսիս–հարավ առանցքում լիակատար ներգրավման համար մենք ցանկանում ենք, որպեսզի Իրանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցը Պարսից ծոցը կապի Հայաստանի սահմանի հետ: Հայաստանում այսօր վերակառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղին այն կկապի Վրաստանի սահմանի հետ և կապահովի մեզ համար ելք դեպի Սև ծով:
Այս ծրագիրն ավարտելու համար անհրաժեշտ է նաև իրանական հատվածում կառուցել լրացուցիչ 60կմ երկաթագիծ, որը կհասնի մինչև Հայաստանի սահման: Մեր նպատակն է այսպիսի ծրագրերի իրականացման գործում սերտորեն համագործակցել Իրանի հետ:
Իրան-Հայաստան ապրանքաշրջանության ծավալների աճի ապահովման համար ի՞նչ միջոցառումներ եք առաջարկում:
Վերջին տարիներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը շուրջ 200 միլիոն դոլար է եղել, ընդ որում՝ այն ներառում է նաև Հայաստան մտնող գազը և երկու երկրների միջև փոխանակվող էլեկտրական հոսանքը:
Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանարության մեջ ևս Իրան-Հայաստան բաղադրիչը չնչին է: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի մաքսային սահմանը բաց է իրանական ապրանքների համար: Հայաստանը՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպություն անդամ, սահմանել է մաքսատուրքի բավականաչափ ցածր մակարդակ (0% կամ 10%): Իհարկե, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո մեզ համար արդեն գործում են այդ միության մաքսատուրքերը, որոնք ևս շատ բարձր չեն: Սրան հակառակ՝ հայկական ապրանքները հեշտությամբ չեն կարող իրանական շուկա մուտք գործել: Իրականում, իրանական սահմանը բաց չէ հայկական ապրանքների համար: Իրանի կողմից սահմանված բարձր մաքսատուրքերի և ոչ տարիֆային վճարների պայմաններում գործնականում անհնար է ապրանքներ ներմուծել Իրան: Ի տարբերություն սրա, թուրքական ապրանքներն առատորեն իրանական շուկա են մտնում: Եվ սա բացատրվում է Իրանի և Թուրքիայի միջև գործող արտոնյալ առևտրի պայմանագրով:
Որպես ՀՀ դեսպան Իրանում՝ ես պետական պաշտոնյանների հետ հանդիպումներում արծարծում եմ այս խնդիրը՝ նպատակ ունենալով Հայաստանի պարագայում ևս հասնել առևտրի արտոնյալ պայմանների ընդունման:
Ինչպե՞ս կազդի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունն Իրան–Հայաստան տնտեսական հարաբերությունների վրա:
Հայաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Բելառուսը և Ռուսաստանը ԵՏՄ անդամ հինգ երկրներն են: Այս երկրների միջև մաքսային սահման գոյություն չունի, և դրանց տարածքում գործում է մեկ միասնական մաքսային օրենսդրություն: Ուստի, պետք է նկատի ունենալ, որ իրանական ապրանքների մուտքը Հայաստան հավասարազոր է ԵՏՄ տարածք մտնելուն: Այսպիսով, Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների բովանդակությունը լիովին նոր իմաստ է ստանում: Այստեղ երկու կարևոր հանգամանք կա:
Առաջինը, երբ իրանական ապրանքը մուտք է գործում Հայաստան, դա հավասարազոր է տվյալ ապրանքը ԵՏՄ տարածք ներմուծելուն:
Երկրորդը, երբ իրանական ներդրողը ձեռնարկություն է ստեղծում Հայաստանում (այդ թվում՝ հայկական կամ այլ օտարերկրյա գործընկերների հետ համատեղ), ապա այնտեղ արտադրված արտադրանքն իր՝ Հայաստանում արտադրված լինելու շնորհիվ, ԵՏՄ տարածքում կարող է տեղաշարժվել՝ առանց մաքսատուրքի վճարման: Ավելորդ չէ հիշել, որ ԵՏՄ-ն մոտ 200 միլիոն բնակչությամբ շուկա է:
Արդեն ասացինք, որ Իրան-Հայաստան ապրանքաշրջանառությունը խիստ փոքր է, մի բան, որ ակնհայտորեն երևում է նաև մաքսային վիճակագրական տվյալների մեջ: Ինչպե՞ս եք գնահատում երկու երկրների ներդրումային հնարավորությունները: Ի՞նչ ծրագրեր կան:
Իրանում բազմաթիվ նավթաքիմիական, մեքենաշինական, սննդի, գյուղամթերքների վերամշակման և այլ ոլորտների խոշոր ձեռնարկություններ կան, սակայն դրանցից ոչ մեկը նույնիսկ մի փոքր մասնաճյուղ չունի Հայաստանում: Մյուս կողմից, իհարկե, չեմ կարող մատնանշել հայաստանյան որևէ խոշոր ընկերության ներկայությունն Իրանում: Մի բան կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի օրենսդրությունը ներդրումների պաշտպանության իմաստով կարող է չափազանց գրավիչ լինել իրանցի ներդրողների համար: Նաև նշեմ, որ շուրջ 10 տարի առաջ երկու երկրների միջև ստորագրվել է ներդումների փոխադարձ պաշտպանության մասին պայմանագիր:
Հայաստանի պարագայում կարող եմ հիշեցնել, որ ըստ գործող օրենքի, եթե ՀՀ օրենքները որևէ փոփոխության են ենթարկվում և, որի հեևանքով կարող են վնասվել օտարերկրյա ներդրողի շահերը, ապա օտարերկրյա ներդրողն իրավունք ունի հինգ տարվա ընթացքում առաջնորդվել նախկին օրենքներով:
Մի երևույթի մասին կուզենայի առանձին խոսել:
Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքով այնտեղ առաջացել է բազմաթիվ ապարանքների պակաս: Այս հանգամանքը թույլ է տալիս իրանցի ներդրողներին համապատասխան արտադրություն կազմակերպել Հայաստանում և առանց մաքսատուրքի վճարման այն արտահանել Ռուսաստան: Երկու երկրների տնտեսավարողները կարող են նման շահավետ ծրագրեր իրականացնել համատեղ ներդրումների միջոցով: Հայաստանում կան արհեստավարժ մասնագետներ, արտադրական գործող հզորություններ, նաև կիսակառույց գործարաններ, որոնց օգտագործումը իրանական ներդրողի համար կարող է նպաստավոր լինել:
Ի՞նչ ապրանքներ կան, որոնք նպատակահարմար է Հայաստանից Իրան արտահանել և հակառակը՝ Իրանից Հայաստան:
Նախ նշեմ, որ հայկական շուկան շատ փոքր է: Երկրորդ, ինչպես արդեն ասացի, Հայաստանի մաքսային սահմանը բաց է, իսկ երկրի ներսում գործում են շուկայական ազատ մրցակցության կանոններ: Իրանական արտադրողներն իրենց որակյալ և մրցունակ արտադրանքները կարող են ներմուծել Հայաստան և այնտեղ վաճառել: Պետք է նկատի ունենալ, որ հայկական ներքին շուկայում, բացի տեղական ապրանքներից, վաճառվում են ԱՊՀ, եվրոպական և այլ երկրներից (այդ թվում՝ Իրանից) ներմուծված ապրանքներ: Իրանական արտադրողներին իմ խորհուրդը կլինի ավելի շատ կենտրոնանալ ոչ այնքան Հայաստանի ներքին շուկա ապրանքների ներմուծման, որքան Հայաստանի միջոցով ԵՏՄ տնտեսական տարածք մտնելու հնարավորության վրա:
Ինչ վերաբերում է հայկական ապրանքների՝ Իրան ներմուծման հնարավորություններին, ինչպես արդեն ասացի, առաջին հերթին, իրանական կողմը պետք է վերանայի մաքսային և ոչ տարիֆային կարգավորման գործող կարգերն այնպես, որ հայկական արտադրողը կարողանա իր ապրանքի արտահանման արդյունքում գոնե նվազագույն շահույթ ունենալ: Իսկ հայկական ապրանքների տեսականին, որ կարող է առաջարկվել Իրան ներմուծման համար, կարող են լինել բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, մեքենաշինության, ոսկերչության և ադամանդաշինության, սննդի, գյուղմթերքների վերամշակման և այլ ոլորտների ապրանքներ:
Եթե միջուկային բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, Իրանի դարպասները բացվելու են աշխարհի առջև, և բազմաթիվ երկրներ ջանալու են մուտք գործել իրանական շուկա: Արդյոք Հայաստանը որևէ ծրագիր ունի՞ պատժամիջոցների վերացումից հետո ստեղծվող իրավիճակում:
Նախ ես հույս ունեմ, որ այդ բանակցությունները հաջողությամբ ավարտվելու են, և կնքվելու է համապարփակ համաձայնագիր: Իրանի ձեռքերն ազատ կլինեն իր տնտեսական քաղաքականության իրականացման հարցում, և բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ իրենց ծրագրերով կգան Իրան: Տարածաշրջանի ողջ տնտեսական իրավիճակը հիմնովին կփոխվի, և պարզ է, որ Իրանի հարևան երկիր Հայաստանը ևս կօգտվի նոր ստեղծված բարենպաստ պայմաններից:
Ինչպես արդեն նշեցի, Իրանի համար արդեն իսկ մեծ հնարավորություններ են ստեղծվել ԵՏՄ 200 միլիոն բնակչությամբ շուկա մուտք գործելու և բազմաթիվ համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանն այս պարագայում կարելի է դիտել որպես Իրանի համար դարպաս ԵՏՄ մուտքի համար: Բացի այդ, նկատի ունենալով, որ արդեն սկսված են Իրան-ԵՏՄ բանակցություններն ազատ առևտրի պայմանների մշակման շուրջ, Հայաստանն այս հարցում լավագույն կարգավորող օղակը կարող է լինել: Հաշվի է պետք առնել նաև այն հանգամաքը, որ Հայաստանը և Իրանը պատմական և մշակութային ընդհանրություններ ու նաև տնտեսական հարաբերությունների որոշակի փորձ ունեն, որը քիչ կարևոր չէ բանակցություններում փոխըմբռնման հասնելու ճանապարհին:
Իհարկե, մենք նաև գիտակցում ենք, որ նման լուրջ խնդիրների լուծման ժամանակ Հայաստանին առաջնային դեր հատկացնելու գործում խիստ կարևոր է բոլոր կողմերի, այդ թվում՝ Իրանի, դրական վերաբերմունքը:
Արդյոք աշխատուժի և էներգետիկ ծախսերի մակարդակը Հայաստանում, Իրանի համեմատությամբ բարձր լինելով, չի՞խանգարում արտադրությունների շահավետության ապահովմանը:
Ես չեմ կարծում, որ արտադրության ընդհանուր ծախսերը Հայաստանում Իրանի համեմատ բարձր են:
Ի վերջո, որևէ ապրանքի արտադրության համար գազի և էլեկտրականության մեծ ծախս պահանջող աշխատանքը կարելի է Իրանում անել, մնացածը՝ Հայաստանում:
Ի դեպ, որոշ ապրանքներ իրանցի ներդրողների կողմից Հայաստանում արտադրելու մեկ այլ պատճառ ևս կա: ԵՏՄ անդամ հինգ երկրներից միայն Հայաստանն է ընդգրկված GSP+ համակարգի մեջ, որը հնարավորություն է տալիս Հայաստանում արտադրված որոշ ապրանքներ արտահանել ԵՄ երկրներ ցածր մաքսատուրքերով: Եվ վերջապես, Հայաստանում գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ, որոնք մասնագիտացած են հեռահաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, բիոտեխնոլոգիայի, ինչպես նաև ոսկերչության, ադամանդագործության և ժամացույցների արտադրության ոլորտներում: Այստեղ ներդրում կատարողները ազատված են ավելացված արժեքների հարկից, շահութահարկից, գույքահարկից:
Ազատ գոտիներում ստեղծված են արդյունավետ աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պայմանները, իսկ դրանցում գրանցվելը չափազանց հեշտացված է:
Միաժամանակ, նաև բազմաթիվ ազատ տնտեսական գոտիներ են ստեղծված Իրանում, որոնք մեծ հնարավորություններ կարող են ընձեռնել հայ ներդրողներին:
Արտահանման հարցում որո՞նք են Հայաստանի դժվարությունները, արդյոք շուկանե՞ր չկան, թե՞ ներդումների պակաս գոյություն ունի:
Ընդհանուր առմամբ, դժվարություններ կարող են ծագել կապված տրանսպորտային սխեմաների առանձին բարդությունների հետ: Սակայն հաշվի առնելով Վրաստանի և Իրանի հետ Հայաստանի բարեկամական և գործընկերային լավ հարաբերությունները՝ այդ դժվարությունները նվազագույնի են հասցված: Արտահնման վրա անշուշտ իր բարենպաստ ազդեցությունն են թողնելու տրանսպորտային այժմ կառուցվող կոմունիկացիաները և այլ ենթակառույցները: Օրենսդրության իմաստով արտահանումը ՀՀ-ում չափազանց բարենպաստ վիճակում է: Ի տեղեկություն Ձեր ընթերցողների, կուզենայի ասել, որ ՀՀ դեսպանությունը՝ Իրանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի հետ համատեղ, այս տարվա հոկտեմբերին Թեհրանում կազմակերպում է բիզնես ֆորում: Ֆորումի ընթացքում հայ պաշտոնյաները և մասնագետները իրանցի գործընկերներին կներկայացնեն Հայաստանի օրենսդրությունը, բիզնես միջավայրի առանձնահատկությունները, առանձին բիզնես ծրագրեր և այլն:
Հուսով եմ, որ այն օգտակար կլինի երկու կողմերի համար:
Խորհրդային միության փլուզումից հետո անկախացած երկրները հիմնականում Արևմուտքին մերձենալու քաղաքականություն որդեգրեցին: Այն ինչ-որ չափով համընկավ ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան տարածաշրջանում ընդլայնման քաղաքականության հետ: Շշուկներ կան Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու կապակցությամբ: Հայաստանն ինչպե՞ս կարող է պահպանել հավասարակշռությունը վերը նշված գործընթացների նկատմամբ զգայուն երկրների՝ Իրանի ու Ռուսաստանի և Արևմուտքի միջև:
Չգիտեմ, թե ինչ շշուկների մասին է խոսքը:
Միակ ռազմաքաղաքակական կազմակերպությունը, որի անդամն է Հայաստանը, և որին անդամակցում է նաև Ռուսաստանը, դա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն է: Հայաստանը Ռուսաստանի և այլ երեք երկրների հետ ԵՏՄ կազմում է: Հայաստանի էներգետիկ ենթակառույցների մեծ մասը պատկանում են ռուսական ընկերություններին: Վերջապես, Հայաստանում գտնվում է Ռուսական ռազմական բազան: Ինչ վերաբերում է Իրանին, Հայաստանն ունի բարձր կարգի քաղաքական հարաբերություններ, իրանական գազամուղը մտնում է Հայաստան, առկա են բազմաթիվ ընդհանուր ենթակառուցվածքներ:
ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները վերաբերում են Հայաստանի մասնակցությանը խաղաղապահ ուժերի կազմում: Կարծում եմ մեկնաբանություններն ավելորդ են:
Վերջերս ԻԻՀ փոխարտգործնախարար պարոն Ղաշղային հայտնել է, որ Թեհրանում կայացած երկու երկրների հյուպատոսական ծառայությունների համատեղ նիստի ժամանակ քննակվել է վիզաների վերացան խնդիրը, շնորհակալ կլինենք, եթե մեզ փոխանցեք վերջին տեղեկություններն այս մասին:
Այսօր զբոսաշրջիկների հոսքը Իրանի և Հայաստանի միջև գործնականում միակողմանի է: Իրանից մեկնում են Հայաստան տասնյակ հազարավոր զբոսաշրջիկներ, հակառակը՝ չափազանց քիչ: Հայաստանը չափազանց գրավիչ է իրանցի զբոսաշրջիկների համար, հատկապես՝ հանրային և մշակութային մթնոլորտի տեսակետից: Իրանցի զբոսաշրջիկներն իրենց շատ հանգիստ են զգում Հայաստանում, որի համար շատ ուրախ ենք:
Վիզային ռեժիմը չափազանց պարզեցված է, և մարդիկ իրենց սահմանի վրա կարող են այն ստանալ: Ի տարբերություն իրանցիների, Հայաստանից զբոսաշրջիկներն իրենց սեփական մեքենաներով գործնականում չեն կարող մուտք գործել Իրան: Իրանական մաքսակետում պահանջվում է մեքենայի արժեքի չափով գումար մուծել, որպես բանկային երաշխիք: Ճիշտ կլինի, որ այս հարցերն իրանական լրատվամիջոցները բարձրացնեն Իրանի իշխանության առջև: Ինչ վերաբերում է վիզաների վերացման խնդրին, այդպիսի հարց իրանական կողմը Ձեր նշած քննարկման ժամանակ իրոք բարձրացրել է, սակայն որևէ որոշում չի ընդունվել: