ՈՉ ՄԻ ՍՊԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հունվարի վերջին կհանդիպեն Փարիզում. դեկտեմբերի 12-ին այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳ  նախարար Էլմար Մամեդյարովը: Ըստ նրա` հանդիպմանը քննարկելու են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գաղափարները, որոնք ներկայացրել են վերջերս տարածաշրջան կատարած այցի եւ օրերս Դուբլինում  կայացած ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: “Այդ գաղափարները նոր չեն: Դրանցից  մի քանիսը նախկինում  հրապարակվել է”,-ասել է Մամեդյարովը` հավելելով, որ վերջին 6-7 տարվա ընթացքում առաջին անգամ Դուբլինում  ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ չի հաջողվել համաձայնության գալ հայկական կողմի հետ: Ըստ Մամեդյարովի` դրա պատճառը փետրվարին Հայաստանում կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունն է:
ՀԱՐՑ. Ի՞նչ սպասելիքներ ունեք հունվարին կայանալիք հանդիպումից, եւ ի՞նչ նոր գաղափարների մասին կարող է խոսք լինել` հաշվի առնելով վերջերս տարածաշրջան կատարած այցը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես քաղաքականությանը չեմ հետեւում: Ինձ համար կա իմ քաղաքականությունը` գեղագիտական ճաշակ ձեւավորել այսօրվա հայաստանցու մեջ, դուրս մղել կլկլոցով անճաշակությունը, ինչը, կարծում եմ, ոչ պակաս կարեւոր է, քան դատարկ քաղաքականությունն իր բոլոր դրսեւորումներով: Առ այսօր ոչ ոք չի կարող ասել՝ Կոպերնիկոսի օրոք ով է ղեկավարել երկիրը, իսկ Կոպերնիկոսին գիտեն բոլորը: Սա Վիկտոր Համբարձումյանի պատասխանն էր Գորբաչովին:
ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆ
“Արմենիա” հ/ը հաղորդավար
ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ մի սպասելիք չունեմ, որեւէ նոր գաղափար չկա, բացի պատերազմից, որը հնարավոր է լինի 2013թ. Ալիեւի ընտրության շրջանում:
ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 
“Ազգային միացյալ նախաձեռնության” համակարգող
ՊԱՏԱՍԽԱՆ. Անկախ նրանից, թե Հայաստանում ինչպիսի ներքաղաքական իրադարձություններ եւ զարգացումներ են տեղի ունենալու, առհասարակ, հայերի դիրքորոշումը մեկն է: Իհարկե, նախագահական ընտրությունները կարող են ինչ-ինչ շեշտադրումներ մտցնել բանակցային գործընթացում, բայց խնդիրը չի կարելի կապել զուտ նախագահական ընտրությունների հետ: Արցախահայության ինքնորոշման իրավունքը վաղ թե ուշ կունենա իր իրավական լուծումը, իսկ թե դա երբ կլինի, դժվար է ասել: Այնպես որ, այստեղ Մամեդյարովը հին երգն է երգում, եւ հասկանալի է, որ իրենք միշտ էլ փորձելու են այն բարդել հայկական կողմի վրա: Ես, անկեղծ, չեմ կարող պատկերացնել որեւէ իշխանություն, որը, հայոց հավաքական կամքին դեմ գնալով, ինչ-որ զիջումների կգնա, այնպես որ, վաղ թե ուշ Արցախը դառնալու է ՀՀ մաս: Հունվարին կայանալիք հանդիպումից ակնկալիքներ չունեմ, քանի որ նման հակամարտություններում լուծումը մեկն է՝ Ադրբեջանը պետք է հրաժարվի իր ագրեսիվ նկրտումներից, իսկ նրանք դեռ պատրաստ չեն ազատվել այդ ամենից: Մեզ մնում է՝ համբերատար լինենք, ու Ադրբեջանն էլ պետք է հաշտվի իրողության հետ:
ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆ 
ռազմական փորձագետ
Պատրաստեց Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆԸ




Լրահոս