2013-2014 թվականներից Հայաստանում արտադրված կամ ներմուծված ջրեղենը, գարեջուրը, հյութերը, դեղորայքը, կաթնամթերքը, պահածոները, լվացող պարագաները և այլ ապրանքներ ենթակա են պարտադիր պիտակավորման, այսօր արդեն կարելի է արձանագրել, որ գործընթացի առաջին փուլի արդյունքը գոհացնող է. բոլոր այն ոլորտներում, որտեղ ներդրվել էր պարտադիր պիտակավորման պահանջը, արձանագրվել է շրջանառությունների և հարկային մուտքերի շուրջ 20-ից 86% աճ:
Այնուամենայնիվ դեռ առկա են առանձին խնդիրներ, որոնք առնչվում են հարկ վճարողների կողմից ըստ ապրանքի տեսակի և տարողության էլեկտրոնային հաշվառմանը և պիտակավորման գործընթացում տարատեսակավորմանը: Ըստ Ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Ալավերդյանի, ներկայում հարկային մարմինն իրականացնում է հսկողական միջոցառումներ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը: Չբավարարվելով միայն հսկողական միջոցառումներով` ՖՆ մասնագետները մշակել են Tax Stamp ծրագիրը, որը բջջային հեռախոսներում ներբեռնելով` սպառողը հնարավորություն կստանա անմիջապես խանութում տեղեկանալ արտադրողի, պիտանելիության ժամկետի, տարողունակության և այլնի մասին:
ՖՆ ՏՏԵՆԶ վարչության պետ Մ. Փաշայանի կարծիքով` ծրագիրը եռակողմ շահավետ համակարգ է, որի շնորհիվ բիզնեսը կարողանում է պաշտպանել արտադրանքը կեղծումից, սպառողին հնարավորություն է ընձեռվում պաշտպանել իրավունքները, պետությունն էլ իր հերթին կարողանում է վերահսկել ապրանքների հաշվառումը և հարկերի վճարումը:
Ի դեպ, ծրագիրը կարելի է ներբեռնել taxservice.am/Content.aspx?itn=OSStampedProductIDSys հասցեից:
ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին