Դեկտեմբերի 19-ին Երևանի “Էրեբունի պլազա” հյուրանոցում տեղի ունեցավ Ոստիկանության աշխատակիցների և IFES ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների հանդիպումը, որի նպատակը Ոստիկանության կողմից բնակչության պետական ռեգիստրում մշակվող տեղեկությունների հավաստիությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքներին օժանդակելն է: Հանդիպմանը մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը, ԱՎՎ պետ Հովհաննես Քոչարյանը, IFES ներկայացուցիչները, մի շարք ոստիկաններ և հասարակական կազմակերպությունների անդամներ:
Բացման խոսքով հանդես եկավ IFES ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց Արթուր Օսիկյանը: Ոստիկանության պետի տեղակալը, կարևորելով գործընթացը, նշեց, որ աշխատանքը, որն այժմ արվում է իսկապես ողջունելի է, քանզի հետապնդում է մեկ կարևորագույն նպատակ, այն է` հասարակությանը հուզող գլխավոր հարցերից մեկի`ընտրողների ցուցակների ճշգրտումը:
Հանդիպման ընթացքում հատկապես կարևորվեց դռնեդուռ այցերի ծրագրի իրականացման շրջանակներում ուսուցանող-կամավորներին ոստիկանների կողմից մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանցման նշանակությունը` հետագայում ավելի լավ արդյունքների ապահովման հարցում: Քննարկվեցին նաև համատեղ գործողությունների ուղղությունները, միջոցառումների ժամանակացույցն ու կատարվող աշխատանքների ծավալը: