Նոր բացահայտումներ Թեղուտի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բացահայտվել են նոր մեքենայություններ ու ապօրինություններ, որոնք իրականացրել է ACP ընկերությունը` ՀՀ պետական մարմինների թողտվությամբ: Մեր գնահատմամբ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, որի բացահայտման համար Հատուկ քննչական ծառայությունը պետք է հարուցի քրեական գործ: Կոչ ենք անում գիտակից հանրությանը թույլ չտալ մեր երկրի ընդերքի ապօրինի շահագործումը և մասնակցել մեր կյանքին վերաբերող կարևորագույն որոշումների կայացմանը:
Ստեղծված նոր իրավիճակի մանրամասները ներկայացնելու համար դեկտեմբերի 21-ին ժամը 13:00-ին բոլորին հրավիրում ենք Մաշտոցի պուրակ: Մաշտոցի պուրակի քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության նախաձեռնության անդամները ձեզ կներկայացնեն առկա իրավիճակը, ապօրինությունների բացահայտումները և կծանոթացնեն առաջիկայում նախատեսված գործողություններին:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը նաև ներկայացնելու է նախաձեռնության մանիֆեստը և Թեղուտի պայքարի սկզբունքները: Բոլորին կոչ ենք անում ներգրավվել աշխատանքներին և աջակցել Թեղուտի պաշտպանությանը:
Մաշտոցի պուրակից այնուհետև հավաքվածները կկազմակերպեն երթ դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ Հատուկ քննչական ծառայությանը հրապարակավ կտրամադրվեն նոր ձեռք բերած փաստերը՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով:
Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության առաջնահերթ նպատակներն են՝
1. Դադարեցնել Թեղուտի հանքավայրի շահագործումը 
2. Վերականգնել պառճառված վնասը
3. Պատասխանատվության ենթարկել անօրինական որոշումների համար պատասխանատու պաշտոնյաներին և մասնավոր ընկերության ներկայացուցիչներին, ովքեր մասնակից են եղել Թեղուտի հանցավոր ծրագրի իրականացմանը
4. Վերացնել կոռուպցիան հանքարդյունաբերական ոլորտում




Լրահոս