Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի գաղտնալսված զրույցի հրապարակումը տարատեսակ մեկնաբանությունների առիթ տվեց: Սակայն ուշագրավ է, որ այս ընթացքում նրանցից յուրաքանչյուրի կուսակիցներն էլ փորձում են հանրության ուշադրությունը շեղել զրույցի բովանդակությունից` անընդհատ շեշտը դնելով գաղտնալսման անօրինականության վրա: Ինչ խոսք, որեւէ մեկի անձնական զրույցները գաղտնալսելը` առանց դատարանի համապատասխան որոշման, հակաօրինական է: Խնդիրն այն է, սակայն, որ տվյալ դեպքում Վարդան Օսկանյանն ու Լեւոն Զուրաբյանն ամենեւին էլ անձնական բնույթի զրույց չէին վարում, նրանք չէին խոսում, օրինակ, Զուրաբյանի վաղաժամկետ ճաղատության նախանշաններից եւ Օսկանյանի խիտ մազերից: ԱԺ երկու ոչ իշխանական (ինչպես ցույց տվեցին վերջին իրողությունները, ընդդիմադիր բառն արդեն պետք է շատ մեծ զգուշությամբ կիրառել) պատգամավորները զրուցում էին իրենց կուսակցությունների քաղաքական մարտավարությունից: Եւ այդ առումով թերեւս արժեր, որ հասարակությունն իմանար, թե ովքեր են իր «ընտրյալները», որոնք օրնիբուն կոկորդ են պատռում՝ մարտի 1-ի բացահայտման եւ ազնվության մասին ճառելով, սակայն հարթակներից դուրս` սուրճի սեղանի շուրջ, այդ ամենին վերաբերվում են Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ` որպես «եսիմ ինչ»: Բայց սա ամենեւին չի նշանակում, որ հակաօրինական արարք թույլ տված անձը կամ կառույցը չպետք է պատժվի: Անկախ մեր քաղաքական գործիչների բարոյական նկարագրից՝ գոյություն ունի ՀՀ Սահմանադրություն, որով ամրագրված են բոլորի, անգամ մարտի 1-ի տասը զոհերի արյունը շահարկող քաղաքական գործիչների իրավունքները: Եւ այս հարցում, կրկնում ենք, երկրորդ կարծիք լինել չի կարող: Ուստի դատախազությունն ուղղակի պարտավոր է անհապաղ քրեական գործ հարուցել` գաղտնալսման հեղինակներին հայտնաբերելու եւ պատժելու համար: Բայց այս հարցում էլ կա հետաքրքիր նրբություն: Ե՛ւ Զուրաբյանը, ե՛ւ Օսկանյանը հայտարարությամբ կոչ են արել ԱԱԾ-ին` հայտնաբերել իրավախախտին, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլ` դիմումի տեսքով, չեն արել: Սա կարող է նշանակել երկու բան. կա՛մ նրանցից յուրաքանչյուրն ինքն էլ այդ առումով սուրբ չէ եւ ունի ձայնագրության սեփական օրինակը, ինչը քրեական գործի շրջանակներում կարող է բացահայտվել, կա՛մ էլ կասկածում է դիմացինին: Իսկ եթե դա, այնուամենայնիվ, այդպես չէ, ամեն դեպքում լավ առիթ է իշխանություններին եւս մեկ անգամ անարգանքի սյունին գամելու համար, եւ արժե ձգձգել քաղաքական դեմագոգիայի տեւողությունը, քանի դեռ հնարավոր է դրանից դիվիդենտներ քաղել: Միանգամայն հավանական համարելով, որ գաղտնալսումը կատարվել է ԱԱԾ-ի կողմից, այդուհանդերձ, արժե նշել, որ խնդրո առարկա զրույցի ընթացքում տպավորությունն այնպիսին է, որ Օսկանյանը հարցաքննում է Զուրաբյանին` այդ ընթացքում ինքը որեւէ էական բան չասելով: Իսկ Օսկանյանի` խոսելու հանդեպ սերը նկատի ունենալով՝ սա, մեղմ ասած, տարօրինակ է թվում:
«ԵՍԻՄ ԻՆՉ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ