«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի կապի ոլորտում առաջիկայում հնարավոր է՝ խոշոր միաձուլման գործարք արձանագրվի: Տնտեսական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ «Յուքոմ» եւ «Օրանժ-Արմենիա» ընկերություններն առաջիկայում կարող են միավորվել:
Հավանական տարբերակն այն է, որ «Յուքոմ»-ը կգնի «Օրանժ-Արմենիան» եւ իր ծառայությունների ցանկում կավելացնի նաեւ բջջային կապի սեգմենտը: Սակայն մյուս կողմից, ինչպես «Ժողովուրդ»-ը գրել էր, «Յուքոմ» ընկերության բաժնետերերից Արամ Խաչատրյանը (ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդին) պատրաստվում է իր բաժնեմասը վաճառել Հայկ Եսայանին եւ Ալեքսանդր Եսայանին, որոնք համապատասխանաբար զբաղեցնում են «Յուքոմ»-ի տնօրենի եւ արտաքին կապերի գծով տնօրենի պաշտոնները: Բնականաբար, հարց է ծագում, եթե Խաչատրյանների ընտանիքը որոշել է գնել «Օրանժը», ապա «Յուքոմի» իրենց բաժնետոմսերի մի մասն ինչու են տալիս Եսայաններին: Ի դեպ, մեզ առայժմ չի հաջողվում հնարավոր գործարքի վերաբերյալ «Օրանժից» եւ «Յուքոմից» մեկնաբանություն ստանալ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: