Սերժ Սարգսյանն այսօր մեկնելու է ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա մասնակցելու է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Սակայն, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները, Մոսկվայում Ս. Սարգսյանին բավական լուրջ խոսակցություն է սպասվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. նրան ՌԴ-ում առաջարկելու են ստորագրել փաստաթղթեր, այդ թվում` Մաքսային միասնական միությանը ՀՀ-ի անդամակցության մասին: Ընդ որում, այդ փաստաթղթերն աշխատել են որոշակիորեն փոփոխությունների ենթարկել, քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի միության անդամ երկրների հետ: Ս. Սարգսյանի մամուլի քարտուղարը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ պաշտոնական հաղորդագրությանն ավելացնելու բան չունեն: Ի դեպ, «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ մինչեւ Ս. Սարգսյանը, նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն է մեկնելու Մոսկվա: Երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ նա Պուտինի հետ քննարկել է Մաքսային միասնական միությանն անդամակցության հարցը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ