«Ե՞ՐԲ ԷԻՆՔ ԴՈՒՐՍ ԵԿԵԼ ՀԻՆ ՈՒ ԲԱՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻՑ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավորներ Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի գաղտնալսման ու հրապարակման փաստն այսօր ամենաթեժ քննարկվող հարցն է դարձել՝ ստվերելով ներքաղաքական դաշտի մյուս բոլոր իրադարձությունները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անթույլատրելի է համարում կատարվածը:
-Ի՞նչ գնահատական կտաք ԱԺ երկու պատգամավորների զրույցի գաղտնալսման փաստին:
-Եթե գաղտնալսումը կատարվել է առանց դատական որոշման, կատարվել է անօրինականորեն՝ անկախ նրանից, թե որ մարմինը, անհատ քաղաքացին, թե սրճարանի տերն է դա իրականացրել, ոչ մի տարբերություն չկա՝ ով է արել, եթե արել է անօրինական կերպով, ապա մեղավորը պետք է պատժվի, ուստի պետք է դիմել համապատասխան մարմիններին ու պահանջել, որ անօրինականություն անողը պատժվի: Իսկ այդ զրույցի բովանդակությունը ես չեմ ցանկանում մեկնաբանել, քանի որ այն ինձ չի հետաքրքրում:
-Հաշվի առնելով Ձեր քաղաքական փորձառությունը՝ ի՞նչ եք կարծում՝ այդ երեւույթները պատահակա՞ն են, թե՞ ոչ, եւ գաղտնալսումը համապատասխան մարմիննե՞րն են արել, թե՞ ինչ-որ ֆիզիկական անձ:
-Կարելի է ենթադրել, որ գաղտնալսումներ կատարվում են, եւ կատարվում են հաճախ, ընդ որում, ոչ միայն նշված քաղաքական ուժերի ներկայացուցիչների նկատմամբ: Պարզապես այլ բան, թե ինչ է նշանակում գաղտնալսման հրապարակումը: Ես չգիտեմ՝ այդ գաղտնալսումները սկզբում որտեղ են հրապարակվել: Դա քննությունը պետք է պարզի: Բայց հրապարակումը ցույց է տալիս, որ դրանով ինչ-որ արդյունք են ուզում քաղել: Սակայն այդպես քաղած արդյունքը, կարծում եմ, ճիշտ տեղ չի տանում:
-Կատարվածը, Ձեր կարծիքով, ի՞նչ քաղաքական էֆեկտ կարող է տալ. ասենք՝ սրանով փորձում են այդ գործիչներին լռեցնե՞լ, թե՞ հասարակությանն ահաբեկել:
-Գաղտնալսումը հրապարակելով՝ պետք է փորձեն մթնոլորտ ստեղծել, որովհետեւ եթե այն օրինական ճանապարհով չի ստացված, դատարանում չի կարող օգտագործվել որպես ապացույց: Մանավանդ որ տեքստն առանձնապես ինչ-որ բան չի ներկայացնում իրենից: Սա այն մեկի դեպքը չէ, որ գաղտնալսել էին, հետո ասում էին, թե բրիտանական լրտես է: Այստեղ պարզապես քաղաքական թեմայով խոսակցություն է, որը մեկին կարող է դուր գալ, մյուսին՝ ոչ: Նշանակում է՝ արվել է հասարակական մթնոլորտ ստեղծելու համար: Բայց մեր երկրում իշխանության ու որոշ ընդդիմադիր ուժերի ջանքերով հասարակական, քաղաքական մթնոլորտն այնպես է ապականված, որ մի խոսք ավելի, մի խոսք պակաս՝ ոչ մի բան չի փոխի:
-Տեսակետ կա, որ այսպիսով վերադառնում են խորհրդային «հին ու բարի ժամանակները», երբ ԿԳԲ-ն ամենուր էր, հետեւում ու գաղտնալսում էր ամենքին:
-Իսկ ե՞րբ էինք դուրս եկել «սովետական հին ու բարի ժամանակներից», որ հիմա այդպես եք ասում:
-Ինքներդ նման դեպքերի ականատես լինելով՝ Ձեր զրույցներում զգուշանո՞ւմ եք, թե՞ ոչ:
-Բացարձակապես, երբեք չեմ զգուշացել ե՛ւ այն ժամանակ՝ ձերբակալումից առաջ, ե՛ւ ձերբակալված ժամանակ՝ բանտում, ոչ էլ բանտից հետո: Ես ինչ մտածում եմ, ասում եմ: Ի դեպ, ժամանակին, երբ «Վիկիլիքս»-ը հրապարակում էր ինչ-որ բաներ, նաեւ ՀՅԴ-ականների խոսակցություններից հատվածներ կային, ու ՀՅԴ-ականներից ոչ մեկը պարտավորված չեղավ հերքել այն կամ հիմնավորել ասածները: Բացարձակապես: Ինչ ասել ենք, ասել ենք: Ես հիմա բաց միջավայրում ասում եմ այն, ինչ ասում եմ փակ միջավայրում:
-Վարդան Օսկանյանն այսքանից հետո տեսակետ է հայտնել, որ պետբյուջեի միջոցները ծախսվում են նման բաների վրա:
-Դե դա էլ նշանակություն ունի: Չես կարող ապացուցել՝ ով է արել: Իսկ եթե ուզում ես ապացուցել, ապա պետք է հարցը հետապնդես մինչեւ վերջ:
-Կարո՞ղ ենք ասել, որ այսպիսով խախտվել է պատգամավորի անձեռնմխելիությունը:
-Ես իրավաբան չեմ, որ այդ հարցին մասնագիտորեն պատասխանեմ: Հարցը դիտարկում եմ հետեւյալ տեսանկյունից՝ օրինակա՞ն է կատարվածը, թե՞ ոչ: Ու եթե օրինական չէ, ի՞նչ տարբերություն՝ ԱԺ պատգամավորի՞ հանդեպ է ապօրինությունն իրականացվել, թե՞ հասարակ քաղաքացու:

Զրուցեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ




Լրահոս