
Պաշտոնական այցով Ֆրանսիայի Մարսել քաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Մարսելի Հայ Առաքելական մայր եկեղեցի:
Եկեղեցու հոգևոր հովիվ Արամ քահանա Ղազարյանը քաղաքապետին է ներկայացրել տաճարի կառուցման պատմությունն ու գաղթօջախում հայապահպանման ուղղությամբ տարվող ներկայիս գործունեությունը: Առանձնակի կարևորելով ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն ու սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ Առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արամ քահանա Ղազարյանին՝ Մարսելի հայ համայնքի համախմբման գործում ցուցաբերած հետևողականության համար: