Երեկ Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Թեև նախարարը գտնվում էր արձակուրդում, սակայն դա չի խանգարել, որ նախարարը դիմում գրի, իսկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ ստորագրի այն:
Այժմ բոլորը քննարկում են մեկ տարուց մի քիչ ավել նախարարի պորտֆելը զբաղեցնող Մանուկյանի հրաժարականի հնարավոր պատճառները և ենթադրում, թե ով կարող է լինել հաջորդ նախարարը: Որպես հնարավոր թեկնածու շրջանառվում է ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի անունը և դա կարող է լինել ՀՅԴ-ի և ՀՀԿ-ի կոալիցիայի սկիզբը:
Մինչ այդ, սակայն, արձանագրենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու դեպքում է կտրուկ պաշտոնանկություններ կատարում: Նախագահն այդպիսի քայլի է դիմում այն ժամանակ, երբ իրեն խաբում են կամ երբ տվյալ անձնավորությանն այլ պաշտոնի նշանակելու ցանկություն ունի: Այստեղ հարց է առաջանում. այդ ինչ է արել, ինչ է խաբել Հովհաննես Մանուկյանը, որ արժանացել է նման ճակատագրի: Կամ էլ ՀՀ նախագահն արդեն Մանուկյանի համար նոր պաշտոն է «պատրաստել», իսկ այդ դեպքերում Սերժ Սարգսյանը պահանջում է գաղտնի պահել իր մտադրությունը: Ինչևէ, վաղ թե ուշ հրաժարականի իրական պատճառները հայտնի կդառնան: