ՍԱՐԳՍՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԱՎ ՉԱՄԱՉԵՑՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ շաբաթօրյա համագումարը հիշեցնում էր բրեժնեւյան «հին ու բարի ժամանակները». նույն ձանձրալի ելույթները, հնգամյակը չորս տարում կատարելու մասին հաշվետվություններ, միաձայն քվեարկություններ եւ այլն: Միակ տարբերությունն այն էր, որ «Խորհրդային Հայաստան» բառակապակցության փոխարեն արտասանվում էր «Հայաստանի Հանրապետություն», իսկ «Կոմունիստական կուսակցության» փոխարեն՝ «Հանրապետական կուսակցություն»:
ՀՀԿ 14-րդ համագումարը միաձայն, բոցաշունչ ելույթների ու բուռն ծափահարությունների ներքո նախագահի թեկնածու առաջադրեց իր կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանին: Այնուհետեւ ՀՀԿ-ականները, իրար հերթ չտալով, սկսեցին հիմնավորել իրենց որոշումը: Ամենաոգեւորիչը Արագածոտնի մարզի ՀՀԿ-ական ակտիվիստ կանանցից մեկի ելույթն էր, որտեղ նա հպարտորեն ներկայացրեց 2009-2012թթ. խաղողի մթերումների քանակի աճը, անասնագլխաքանակի աճը: «Մարզում նկատվում է անասնագլխաքանակի զգալի աճ: 2012թ.-ին 2011թ. համեմատ խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակն աճել է շուրջ 15 հազարով,-զեկուցեց նա եւ մի քանի հրաշալի ցուցանիշ թվարկելուց հետո ասաց,-վստահ եմ, որ ՀՀԿ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը վերստին ընտրվելու է: Մենք հավատում ենք ՀՀԿ ներուժին, մեր կուսակցության նախագահի խոհեմությանը, վարած ներքին ու արտաքին քաղաքականությանը»: Տիկնոջ ելույթից տպավորություն էր, որ ՀՀԿ-ականները նույնիսկ նեղություն չեն կրել համագումարի ելույթ գրելու համար, այլ գրադարանի արխիվից պեղել ու գտել են խորհրդային տարիների թերթ, այնտեղից հանել հերոս կթվորուհիներից մեկի ելույթն ու ընդամենը մի քանի ցուցանիշ, նաեւ` կուսակցության անունը փոխելով՝ ներկայացրել հասարակությանը:
Իր շեշտադրումներով չէր զիջում նաեւ մեկ այլ ՀՀԿ-ականի ելույթ, այս անգամ` Տավուշի ՀՀԿ տարածքային կազմակերպության անդամ Վարդիթեր Պողոսյանը, որը հավատարմության երդում տվեց Սերժ Սարգսյանին: «Մեզ առաջնորդում է Սերժ Սարգսյանը՝ կյանքի ու գործունեության փառահեղ ճանապարհ անցած քաղաքական ու պետական գործիչը»,-ասաց նա: Իսկ Գեղարքունիքի մարզի ՀՀԿ ներկայացուցիչ Ռիտա Հովհաննիսյանն էլ իրենց մարզում Սերժ Սարգսյանի օրոք նրա առաջնորդությամբ գրանցած լրջագույն առաջընթացները թվարկելուց հետո Շիրազի բանաստեղծություններից մեկն արտասանեց մեծն առաջնորդի պատվին: Եւ ահա այսպես, բոլորը միաձայն նախագահի ընտրություններում առաջադրեցին Սերժ Սարգսյանին:
Սակայն սրանք ՀՀԿ համագումարի միակ ուշագրավ տեսարանները չէին: Պակաս հետաքրքիր չէին նաեւ հյուրերը: Ինչպես եւ սպասվում էր, ՀՀԿ-ն իր վաղեմի ու սիրելի գործընկերոջը՝ ԲՀԿ-ին, չէր հրավիրել: Փոխարենը ՕԵԿ-ականներից մի քանի հոգի էին ներկա համագումարին, ինչպես նաեւ ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն ու Հրանտ Մարգարյանը: Չհաշված այն, որ խորհրդային ժամանակները հիշեցնող այս միջոցառմանն ուղերձ էր հղել նաեւ Չինաստանի կոմունիստական կուսակցությունը:
Խորհրդային տարիներին կուսակցական բարձր պաշտոններ զբաղեցրած Ս. Սարգսյանն էլ այնքան էր ոգեւորվել անցյալը հիշեցնող այս տեսարանով, որ նախ հայտարարեց` իր կարգախոսը լինելու է «Դեպի ապահով Հայաստան», ապա նշեց. «Քաղաքացին պետք է իրեն ապահով եւ ինքնավստահ զգա թե՛ փողոցում, թե՛ աշխատավայրում, թե՛ ոստիկանատանը, թե՛ դատարանում: Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել: Ասվածը պետք է հասկանալ ե՛ւ ուղղակի, ե՛ւ փոխաբերական իմաստով»: Իհարկե, Ս. Սարգսյանը երեւի մոռացել էր, թե ինչպես ամիսներ առաջ ինքն էր կառավարությունում վարչապետին ու նախարարներին դիմում «դու»-ով, անունով, իսկ ՀՀ առողջապահության նախարարին անգամ անվան կրճատ ձեւով` «Դերո»: «Դու»-ով դիմելաոճը նաեւ գործադրեց իր մյուս խորհրդակցություններում` թե՛ ՊՆ-ում, թե՛ ՀՀ առողջապահության նախարարությունում եւ այլն: Սերժ Սարգսյանի ելույթից հետո դահլիճը գրեթե դատարկվեց, ու կրկին ՀՀԿ ԳՄ անդամ Ռազմիկ Թադեւոսյանը դուրս եկավ ու արդեն գոռգռալով ասաց միջանցքում կանգնածներին. «Գոնե դուք նստեք, գնացեք արագ», բայց այդպես էլ դահլիճն ամբողջովին չլցվեց:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս