Գառնիկ Իսագուլյանը գոհ չէ «Ոչ թալանին»-ի գործունեությունից. քննարկվում է նոր նախաձեռնությամբ հանդես գալու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գրանցված կուսակցությունները մեծ թիվ են կազմում, սակայն դրանցից դերակատարություն ունեն և ակտիվ գործունեություն են ծավալում շատ քչերը:

Armlur.am-ն այս առնչությամբ զրուցեց «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի հետ` պարզելու համար, թե  այժմ կուսակցությունն ինչով է զբաղված և ինչու ակտիվ գործունեություն չի ծավալում: Վերջինս նշեց, որ կուսակցությունն այժմ քննարկում է սեպտեմբերին նոր նախաձեռնությամբ հանդես գալու անհրաժեշտության հարցը: «Հիմա նախապատրաստում ենք հայտարարության տեքստ, որը շուտով կհրապարակենք կուսակցության անունից և այդ թեմայի շուրջ կսկսենք գործունեություն», -ընդգծեց նա:

Հարցին, թե վերջին անգամ երբ են եղել կուսակցության նիստեր և ինչ է քննարկվել, Իսագուլյանը պատասխանեց. «Այս վերջին դեպքերի` «Ոչ թալանին» նախաձեռնության հետ կապված եղել է նիստ: Այս դեպքերի հետ կապված քննարկում ենք նոր նախաձեռնությամբ հանդես գալու հարցն արդեն քաղաքական կուսակցությունների մակարդակով: Հիմա այդ հարցն է քննարկվում: Վարչության երեք անդամներին հանձնարարվել է նախապատրաստել հայտարարության տեքստը, որը կընդունենք մոտ մեկ շաբաթվա, տաս օրվա ընթացքում»:

Անդրադառնալով արդեն «Ոչ թալանին» նախաձեռնությանը` Իսագուլյանը հայտնեց, որ այնքան էլ գոհ չէ շարժման գործունեությունից: «Անկեղծորեն պետք է նշեմ, որ գոհ չեմ, որովհետև շարժումը նախագահի պատասխանից հետո չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և համարժեք արձագանք տալ, որից հետո այն պառակտվեց և այդ օրերի ընթացքում 3 այսպես կոչված նախաձեռնող խումբ փոխվեց, որոնք չկարողացան գալ ընդհանուր հայտարարության»,- նշեց նա:




Լրահոս