«ՄԵՆՔ ՉԵՆՔ ՏՓԵԼ, ՄԵԶ ԵՆ ՏՓԵԼ…»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շուտով կավարտվի մարզի զինկոմիսարիատի աշխատակիցներին «ծեծելու» գործը: Ամբաստանյալներն են` 22-ամյա Հարություն Մանուկյանը, նրա մայրը` Մարիետա Մանուկյանը, եւ մորաքույրը` Կարինե Մանուկյանը: Ըստ քրեական գործի` նրանք խմբակային եւ «զինված» հարձակում են իրականացրել զինկոմիսարիատի վրա եւ այժմ դատվում են խուլիգանության հոդվածի ծանր եւ ամենածանր մասերով:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Մանուկյանն ավարտել է իր ժամկետային զինվորական ծառայությունը եւ վերադարձել տուն: Որոշ ժամանակ անց նա գնացել է զինկոմիսարիատ` զինվորական գրքույկը վերցնելու, սակայն ինչ-ինչ պատճառաբանություններով գրքույկի հանձնումը ձգձգել են: Դա շատ է զայրացրել նրան, եւ 2011թ. օգոստոսի 3-ին՝ առավոտյան ժամը 10-ի սահմաններում, Հարությունը մոր` Մարիետայի եւ մորաքրոջ` Կարինեի հետ «մարտական տրամադրությամբ» գնացել է ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատ: Մտել են ներս ու թե` «էդ ո՞ւմ զինգրքույկը չեք տալիս» ասելով` սեռական բնույթի հայհոյանքների տարափ տեղացել: Այնտեղ ասել են, թե գրքույկը կցագրման նպատակով են վերցրել: «Կցագրո՞ւմս որն է»,-ասել է Կարինեն ու հայհոյելով, քաշքշելով զինկոմիսարիատի աշխատակիցներին` հասել է եւ ապտակներ հասցրել ՊՆ Կոտայքի զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման եւ նախորոշման բաժանմունքի պետ, կապիտան Հայկ Դավթյանին եւ նույն բաժանմունքի տեսուչ Անդրանիկ Ավետիսյանին: Մոտ 30-40 րոպե տեւած այդ քաշքշուկից հետո աշխատակիցների համատեղ ջանքերով վրդովված խումբը «դուրս է  հրավիրվել» զինկոմիսարիատից:
Սակայն բանը դրանով չի ավարտվել. Կարինեն, հայհոյանքները շարունակելով, հարազատների հետ գնացել է զինկոմիսարիատի հարեւանությամբ գտնվող իրենց տուն, վերցրել երկաթե ձող ու վերադարձել զինկոմիսարիատ: Այս անգամ միանգամից ուղղություն է վերցրել դեպի 3-րդ հարկ` զինկոմի տեղակալի աշխատասենյակ, եւ փորձել է ձողով հարվածել զինկոմի տեղակալ, փոխգնդապետ Պողոս Մեղրյանին: Վերջինս հետ է քաշվել, կարողացել է խուսափել վտանգից, եւ հարվածը դիպել է գետնին, որից հետո Կարինեն երկաթե ձողով դիտավորությամբ կոտրել է զինկոմիսարիատի շենքի մուտքի դռան անշարժ փեղկի եւ հարակից պատուհանի ապակիները՝ մոտ 15 000 դրամի վնաս հասցնելով  ՊՆ-ին:
Ըստ մեղադրականի` Հարությունն էլ հետ չի մնացել մորաքրոջից. նա էլ դանակով է վերադարձել զինկոմիսարիատի բակ եւ դրանով փորձել հարվածել կապիտան Կորյուն Միքայելյանին, սակայն նրա գործողությունները կանխել են զինկոմիսարիատի աշխատակիցները եւ մայրը` Մարիետա Մանուկյանը: Քանի որ տանից վերադառնալուց հետո Մարիետայի ձեռքին որեւէ իր չի եղել, նրան համեմատաբար թեթեւ մեղադրանք են առաջադրել` ՀՀ քր. օր.-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը մի խումբ անձանց կողմից, որն ուղեկցվել է հասարակական կարգը խախտելով, անձի նկատմամբ  բռնություն գործադրելով, դրա սպառնալիքով եւ ուրիշի գույքը վնասելով): Հոդվածը նախատեսում է պատիժ` տուգանքի ձեւով, կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով: Իսկ Հարությունին եւ նրա մորաքույր Կարինեին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ավելի ծանր մասով` զինված, որը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում:
Սակայն երեկ, երբ Կարինե Մանուկյանից հետաքրքրվեցինք մեղադրանքում նշված «զինված» հարձակման եւ զինկոմի տեղակալին հարվածելու փորձի մասին, նա «Ժողովուրդ»-ի առաջ բացեց սիրտը. «Ըտենց բան չի եղել. ես եմ գնացել առաջինը, որ պարզաբանեմ՝ ինչու է երեք անգամ անօրինական կարգով վերցվում էդ վայեննի բիլետը: Ինքը` Էդ Մեղրյանը, հա՛մ ինձ տփե, հա՛մ մարմնական վնասվածք ա տվե, հա՛մ էլ էդ իրա տասը հոգուն ասում ա` խփե՛ք, խփե՛ք, ես ընենց թիկունք ունեմ, տեր եմ: Ըտենց ինձ ծեծին, քրոջս, քրոջս տղուն ծեծեցին, հազիվ եմ փախել ըտեղից: Ու էդքանից հետո գնացել են, մեր վրա բողոք են ներկայացրել, որ մենք երեքով ենք գնացել: Երեքով ո՞նց կարանք հասնենք երրորդ հարկ, երբ առաջին հարկում իրանք ունեն հերթապահներ, ո՞նց ենք բարձրանում երրորդ հարկ, ու մեր դեմը ոչ ոք չի առնում, եւ մենք հարձակում ենք գործում վայենկոմատի վրա: Քրեական գործը ըտենց ա` խմբակային հարձակում, պատկերացնո՞ւմ եք…»: Հարցին, թե դրանից հետո տիկին Կարինեն գնացել է բժշկական հետազոտման, վերջինս պատասխանեց. «Հա՛, գնացել եմ, բժշկի թուղթ ունեմ, որ ստացել եմ մարմնական վնասվածքներ»:
Կարինեն  հավելեց, որ իրենց իրավունքները ոտնահարում են, քրոջ որդին 2011-ի սեպտեմբերի 9-ից կալանքի տակ է, դատն էլ անընդհատ ձգձգվում է. «Մեր բողոքներն անընդհատ մերժում է դատավորը: Մենք տուժածներն ենք, հիմա դարձել ենք մեղավոր, հանցագործ… Հիմա դատը հետաձգել են հունվարի 18-ին: Դատավորը դատախազին ասում ա` հիմնովի՛ն փաստեք, հիմնովին փաստել չկա, ու ըտենց հետաձգվում ա: Հիմա դիմել ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին»:
Ի դեպ, այդ ժամանակահատվածում քաղաքացիներն ահազանգում էին, որ զինկոմիսարիատներից մարդիկ են գալիս եւ արդեն ծառայած զինվորներին «տանում բանակ», ինչի կապակցությամբ ՊՆ-ից պարզաբանել էին. «Դա պլանային միջոցառում է եւ իրականացվում է զինված ուժերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգումների պլանի համաձայն: Այս միջոցառումները վերաբերում են պահեստազորում ընդգրկված արական սեռի անձանց, արդեն ծառայածներին: Միջոցառման նպատակն է ստուգել զորամասերի համալրվելու եւ բարձր մարտական պատրաստվածության վիճակի բերվելու ունակությունները: Այն կրում է ժամանակավոր բնույթ»:

ԷԼՄԻՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս