ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ինքնաշեն վերելակի վթարի հետ կապված գործով մեղադրվող «Ռենշին» ընկերության տնօրեն Արայիկ Հարությունյանի նկատմամբ նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել որպես խափանման միջոց ընտրել կալանքը, որը, սակայն, երեկ դատավորը մերժել է: Տնօրենը հիմա ազատության մեջ է: Ա. Հարությունյանի  նկատմամբ հարուցվել է քրգործ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այն է` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Գործի նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Դավիթաշենի Սասնա ծռեր 2 հասցեի նորակառույց շենքի ինքնաշեն վերելակի վթարի հետեւանքով երկու մարդ էր զոհվել, եւս  երկուսը բազմակի վնասվածքներով տեղափոխվել էին «Արմենիա» բժշկական կենտրոն: Պարզվել էր, որ շենքի ինքնաշեն բեռնատար վերելակը գրանցված չի եղել ԱԻՆ ռեեստրում եւ չի անցել փորձաքննություն: Բեռներն իջեցնելու պահին այն 19-րդ հարկից պոկվել էր եւ ընկել վերելակի հորանը: Նորակառույց շենքը պատկանում է «Ռենշին» շինարարական-ներդրումային ընկերությանը:
Նույն օրը Խանջյան փողոցի 20 շենքի մոտակայքում տեղի ունեցած փլուզման գործով քրգործ էր հարուցվել ՀՀ քր. օր.-ի 157-րդ հոդվածի հատկանիշներով` աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ փլուզման փորձաքննության պատասխանը դեռեւս չկա, եւ նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս