«Աշխարհի վերջին» բառերի չակերտավորումը ոմանք, անշուշտ, սխալ կհամարեն, քանի որ անկեղծորեն հավատում են 2012թ. դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջին: Ինչպես հայտնի է, այդ օրը մայաների օրացույցի վերջին օրն է, դեկտեմբերի 21-ից հետո այն շարունակություն չունի: Այդ իսկ պատճառով այն փսիխոզը, որ առաջացել է վերջին շրջանում, գերազանցում է նույնիսկ միլենիումի ժամանակ առաջացածին:
Աշխարհի վերջի նկատմամբ հասարակության վախճանաբանական տրամադրությունների ուսումնասիրման մեջ մասնագիտացած Հարավային Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Օ՚Լիրինը դեռ մոտ 2 տարի առաջ հետեւյալ կարծիքն էր հայտնել. «Տասնյակ միլիոնավոր մարդիկ բառիս բուն իմաստով հավատում են աշխարհի հնարավոր վերջին, այդ թվում` երկրաշարժերի, փոթորիկների, համաշխարհային մասշտաբների հասնող տարերային աղետների ու հատկապես Մերձավոր Արեւելքին առնչվող աղետների արդյունքում»:
Ըստ «Reuters»-ի հարցումների՝ մոլորակի բնակիչներից ամեն տասներորդը համոզված է, որ աշխարհի վերջը վրա է հասնելու 2012թ.: Այս հարցումները նոր չէ, որ կատարվել են, եւ այսօր, երբ դեկտեմբերի 21-ին հաշվված օրեր են մնացել, միանգամայն սպասելի է, որ հոգեբանական գործոնի դերակատարության հետեւանքով մոտալուտ համաղետին հավատացողների թիվն էլ ավելի է մեծացել: Ամբողջ աշխարհում կտրուկ աճել են բունկերների, պաշտպանության տարբեր համակարգերով ապաստարանների պահանջարկն ու գները: Կան նույնիսկ 20 մլն դոլարանոցները: Ռուս շատ միլիոնատերեր նույնպես բունկերներ են գնում: Ըստ ամերիկյան «Vivos» ընկերության՝ Ռուսաստանից բունկերների հարյուրավոր պատվերներ են ստացվել:
Վերջերս էլ տեղեկացանք, որ հոլանդացի Յոհան Գյուբերսը, 20 տարի նախապատրաստվելով դեկտեմբերի 21-ին, նույնիսկ Նոյյան տապանի նման մի բան է կառուցել ու դրա մեջ լցրել տարբեր կենդանիներ: Արդեն իսկ սկիզբ առած խուճապային տրամադրությունների պատճառով Ֆրանսիայի Կարկասոն քաղաքի պրեֆեկտ Էրիկ Ֆրեյսելինարի որոշմամբ դեկտեմբերի 18-23-ը փակվելու է մուտքը դեպի Ֆրանսիայի հարավում գտնվող Բյուգարաշ սար, որը ոմանք, չգիտես ինչու, համարում են մի քանի օր անց սպասվող աշխարհի վերջից փրկվելու վայրերից մեկը: Ի դեպ, այդպիսի վայրեր կան նաեւ Ալթայում, ուր դեկտեմբերի 21-ին լրջորեն վերաբերող եւ ֆինանսական համապատասխան միջոցներ ունեցող մի շարք ռուսներ ու նույնիսկ արտերկրից եկած անձինք կառուցել կամ ձեռք են բերել բունկերներ, հատուկ աշխարհի վերջի համար նախատեսված ապաստարաններ:
1. Համեմատաբար վերջերս Գվատեմալայի La Corona հատվածում հնագետները պեղումներ կատարելիս հայտնաբերել են մ.թ. 695-696թթ. թվագրությամբ գրություններով մի ուշագրավ գտածո, որը մայաների հայտնի օրացույցից հետո արդեն երկրորդ անգամ արձանագրում է, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջն է: Մայաների այդ երկրորդ օրացույցում, Infox.ru-ի հաղորդմամբ, նրանց թագավոր Յուկնում Իչաակ Կահկ Կալամկուլը վկայակոչել է 2012թ. ավարտվող ժամանակի շրջափուլը: Ըստ ամերիկացի գիտնականների՝ այդ հին գրություններում կան աշխարհի վերջի մասին հիշատակումներ, որոնք առնչվում են ինչ-որ մեծ թագավորի վերադարձին:
Ո՞վ է մեր ժամանակների ընկալմամբ մեծ թագավորը: Երկու գերտերությունների` ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ղեկավարներն էլ իշխանության վերադարձան այս տարի: Նրանցից ով էլ որ լինի «մեծ թագավորը», աշխարհի վերջի հետ կապի առումով կարող է համապատասխանել հիշյալ գրություններում եղած հիշատակումներին:
2. «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի տեղեկացմամբ՝ ս. թ. օգոստոսի 24-ին նորվեգական Օտտա քաղաքի թանգարանում աշխատակիցները ԶԼՄ-ների ներկայացուցիչների աչքերի առջեւ բացել են անցյալից հասած ու քաղաքային արխիվում արդեն 100 տարի պահվող խորհրդավոր ծանրոցը, որի վրա գրված է եղել «Չբացել մինչեւ 2012 թվականը»: Ծանրոցում թերթեր, օրագրեր, թղթեր, նամակներ, նկարներ են եղել, եւ ոչ մի նշանակալի բան, առավել եւս` 2012թ. հետ կապվող:
Հայտնի է նաեւ, որ խորհրդավոր ծանրոցն անցած 100 տարվա ընթացքում մի քանի անգամ կորել ու նորից հայտնաբերվել է, եւ ենթադրություն կա, որ ծանրոցի պարունակությունն ինչ-որ մեկի կամ շատ բան իմացող մասոնների կողմից այդ ընթացքում փոխվել է, որպեսզի մարդկությունը հանկարծ նախապես չիմանա գլխին գալիքը: Բոլոր դեպքերում, հարց է առաջանում. ինչո՞ւ է նշվել հենց 2012 թվականը, երբ կարող էր նշվել ծանրոցը պատրաստելուց հետո մինչ այդ եղած, ինչպես նաեւ 2012-ին հաջորդող ցանկացած այլ թվական:
3. Ս. թ. դեկտեմբերի 7-ին News.am-ը, հղում կատարելով «Ռոսբալտ»-ին, մի տեղեկատվություն հրապարակեց, ըստ որի՝ Ռումինիայի Բրաշով քաղաքի 1495թ. կառուցված Սուրբ Նիկոլայի ուղղափառ եկեղեցու ժամատանը գտնված որմնանկարները հաստատում են աշխարհի վերջը: 18-րդ դարում արված 14 որմնանկարներում «պատկերված են այն նույն տեսարանները, որոնք այժմ տեսնում ենք աշխարհի վերջի մասին պատմող փաստագրական ֆիլմերում»: Նշվում է նաեւ, որ «Աշխարհի անիվը» անվանմամբ այդ որմնանկարի տեսարանները մինչ աշխարհի վերջի մասին խոսակցություններն անհասկանալի էին գիտնականների համար:
«Որմնանկարում պատկերված է Արեգակի շուրջ Երկրի պտույտը, որտեղ Արեգակը, որի կենտրոնում մասոնների հայտնի խորհրդանիշը հիշեցնող «ամենատես աչքն» է, մահաբեր ճառագայթներ է ուղարկում դեպի Երկիր: Մի քանի սրբեր փորձում են Երկիրը մի կողմ հրել…»:
Գիտնականների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ 18-րդ դարում արեգակնային բռնկումների մասին ընդհանրապես խոսք չկար: Հիշեցնենք, որ կանխատեսվող համաղետի պատճառներից մեկը կապվում է արեգակնային հուժկու բռնկման հետ:
Քրիստոնյաները չեն հավատում դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջին, նրանց համոզմամբ՝ աշխարհի վերջի օրը հնարավոր չէ կանխատեսել: Բացի այդ, «Նոր կտակարան»-ում նշված աշխարհի վերջի կամ Ահեղ դատաստանի օրվա հետ կապված նախանշանների մի մասը, այդ թվում նաեւ մարդկությանը Գազանի թվի (666-ի) պարտադրումը դեռ չի իրականացել, հետեւաբար աշխարհի վերջը 2012թ. դեկտեմբերի 21-ին չի կարող լինել: Կարդացե՛ք Մատթեոսի Ավետարանի 24-րդ գլուխը (1-51): Երբ Քրիստոսի աշակերտները նրան հարցնում են տաճարի շինվածքի փլվելու ժամանակը, եւ թե ինչն է լինելու Տիրոջ գալստյան եւ աշխարհի վերջի նշանը, Հիսուսը հայտնում է այդ նշանները, ասում է իր գալստյան ժամանակի եւ աշխարհի վերջի մոտ լինելն իմանալու հնարավորության մասին, իսկ հենց այդ օրվա եւ ժամի մասին հավաստում է, որ այն ոչ ոք չգիտե, ոչ էլ` երկնքի հրեշտակները, միայն իր Հայրը գիտե:
Իսկ ի՞նչ կարող է լինել դեկտեմբերի 21-ին: Հնարավոր են առանձին վայրերում մարդկանց կուտակումներ, տեղային կամ միգուցե փոքր-ինչ ավելի մեծ մասշտաբի խուճապ, որոշ աղանդների մոլագար ներկայացուցիչների կողմից աշխարհի վերջն արհեստականորեն խթանելուն նպատակաուղղված սադրիչ գործողություններ: Ըստ տիբեթյան մենաստանի ճգնավորներից մեկի՝ այդ օրը մոլորակում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են լինելու, բայց թե ինչու, որեւէ հիմնավոր կամ խելքին թեկուզ փոքր-ինչ մոտ պատճառ չի ներկայացվել: Կիրականանան այդ բոլոր կանխատեսումները, թե ոչ` պարզ կդառնա ընդամենը երեք օրից: