ԿԵՐԵԼ Է ՀՈԴՎԱԾԸ
«Ռուսաստանում կրասնոյարսկցի լրագրողը կերել է իր իսկ հեղինակած հոդվածը, որը երկու տարվա վաղեմություն ունի»,-գրում է խպվՑՈ-ն: 2010-ի նոյեմբերին նա գրել էր «Խոստացվածին 4 տարի՞ սպասել» վերնագրով հոդվածը, որում լրագրողը խոստացել էր ուտել գրվածը, եթե 4 տարվա ընթացքում 4-րդ կամուրջը կառուցվի Ենիսեյ գետի վրա: Այս տարվա սեպտեմբերին սկսել էին կառուցել կամուրջը: Լրագրողն էլ կատարել է խոստումը: Նա հոդվածը կտրատել է, թաթախել թթվասերի մեջ եւ կերել:
ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ Է
Lifenews.ru-ն հաղորդում է, որ Թուրքիայում 46-ամյա բնակչուհին ամուսնու հետ հերթական վեճից հետո որոշել է ինքնահրկիզվել հազարավոր բնակիչների աչքի առաջ: Հուսահատված կինը գնացել է կամրջի մոտ, դյուրավառ հեղուկ լցրել հագուստի վրա եւ այրել: Օգնության են հասել ոստիկանության աշխատակիցները եւ հանգցրել կրակը, իսկ կնոջը տեղափոխել հիվանդանոց: Պարզվել է, որ կինը տարիներ շարունակ ամուսնու կողմից ծեծի է ենթարկվել: Վեճերի հիմնական պատճառը կրոնական տարբեր հայացքներն են եղել:
ԽՑԱՆՄԱՆ ՄԵՋ
Ուկրաինայում Կիեւ-Չոպ մայրուղու վրա ուժեղ ձյան պատճառով առաջացած բազմաթիվ կիլոմետրեր ձգվող խցանման մեջ երեխա է ծնվել: Մեքենան, որում գտնվել է հղի կինը, խցանման մեջ է հայտնվել Լվովի մարզի Բրոդի քաղաքի մոտ: Քանի որ բժիշկները չեն կարողացել հասնել կնոջը, ծնունդն ընդունել է նրա ամուսինը: Բժիշկները նրան խորհուրդներ են տվել հեռախոսով: Երեխայի ծնունդը հաջող է անցել, ներկայում մորն ու փոքրիկին տեղափոխել են հիվանդանոց:
ՏՈՆԱԾԱՌԻ ՏԱԿԻՑ
ԱՄՆ-ում երկու ամերիկացի տներից մեկի տոնածառի տակից գողացել են երեխաների 15 տուփ նվերները: Տուն վերադարձած ընտանիքի անդամները ցնցվել են՝ նկատելով, որ նվերներն անհետացել են: Բացի նվերներից, գողերը տարել են նաեւ որոշ թանկարժեք իրեր եւ տեխնիկա: Ոստիկաններին հաջողվել է մի քանի օրվա ընթացքում հայտնաբերել եւ ձերբակալել նրանց: