ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեւանի՝ գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելու տարին շուտով կամփոփվի. ինձ հետաքրքիր է՝ քանի նոր գրախանութ է բացվել մայրաքաղաքում, քանիսը կան առհասարակ, գրքերի՝ գետնանցումների հատակներին վաճառելու ամոթալի սովորույթին երբ է վերջ դրվելու:

Ասյա Ստեփանյան (49 տարեկան, մանկավարժ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Ի պատասխան Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման` աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչությունից տեղեկացնում են, որ ըստ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինների  ներկայացրած տվյալների՝ Երեւանում ներկայում գործում են 46 գրախանութներ: 2012թ. ընթացքում կազմակերպվել է 2 գրախանութ (Աջափնյակ եւ Արաբկիր վարչական շրջաններ): Աշխատանքներ են տարվում եւս մի քանի նոր գրախանութներ բացելու ուղղությամբ:
Վերջին ժամանակաշրջանում մայրաքաղաքում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել առեւտրի եւ սպասարկման ոլորտում առկա անօրինականությունների վերացման ուղղությամբ: Մասնավորապես արգելվել է փողոցներում եւ պողոտաներում բացօթյա ապօրինի առեւտուրը եւ կանոնակարգվել է օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա վաճառքը: Արգելվել է նաեւ փողոցներում անօրինական գործող ավտոկայանատեղիների գործունեությունը, եւ դրանք բերվել են օրենսդրական դաշտ, ինչպես նաեւ կանոնակարգվել է գետնանցումներում իրականացվող առեւտուրը:
Ձեր մտահոգությունը գետնանցումներում իրականացվող գրքերի վաճառքի վերաբերյալ ճիշտ է, եւ մոտակա ժամանակաշրջանում միջոցներ կձեռնարկվեն նաեւ այդ հարցի կարգավորման ուղղությամբ:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մինչեւ «աշխատանքները կտարվեն», գրքի մայրաքաղաք լինելու պատիվը մեզնից կփոխանցվի ուրիշներին: Հուսով ենք՝ գետնանցումներում գրքերի վաճառքի կարգավորման քայլերը կձեռնարկվեն նույնպիսի արագությամբ, բայց գրավաճառների համար այլընտրանքային տարբերակներ առաջարկելով:




Լրահոս