Երեկ` հուլիսի 14-ին, Իրանի ու «Վեցնյակի» ներկայացուցիչների միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները բարեհաջող ընթացք են ունեցել: Ինչպես հայտնի է՝ համաձայնագիրը ենթադրում է Իրանի կողմից ավելի քան 10 տարով միջուկային մշակումների սահմանափակում՝ պատժամիջոցների հետզհետե չեղյալ հայտարարման դիմաց:
Թե քաղաքական կամ տնտեսական առումով ինչպիսի ազդեցություն կունենա Հայաստանի վրա այս համաձայնագիրը, Armlur.am-ը զրուցեց արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի հետ: Պետրոսյանի խոսքով` համաձայնագիրը նախևառաջ համամարդկային նշանակություն ունի: «Սա համայն մարդկության հաղթանակն է, քանի որ հանգուցալուծվեց տասնամյակների պատմություն ունեցողմիջազգային ամենակնճռոտ հիմնախնդիրներից մեկը»,- ասաց նա, հավելելով՝ այն մի քանի դրական ազդեցություն կարող է ունենալ նաև Հայաստանի վրա, հատկապես` տնտեսական և քաղաքական տեսանկյունից:
«Տնտեսական, քաղաքական կապանքներից ձերբազատված Իրանը առավել կակտիվացնի իր երկկողմանի հարաբերությունnerը Հայաստանի հետ, մեծ է հավանականությունը` օգտագործի նաև Հայաստանի հնարավորություններն Արևմուտքի և ԵՏՄ-ի հետ ակնկալվող տնտեսական հարաբերություններում: Տնտեսականից բացի, կարևոր է նաև համաձայնագրի քաղաքական նշանակությունը, քանի որ պատժամիջոցների վերացումը, հարաբերությունների բարելավումը հնարավորություններ կընձեռի Իրանին ամրապնդելու իր քաղաքական դիրքերը տարածաշրջանում», – ընդգծեց փորձագետը:
Պետրոսյանի կարծիքով` այս համաձայնագիրը վնաս է Հայաստանի հարևան ոչ բարեկամական պետությունների՝ Ադրբեջանի և հատկապես Թուրքիայի շահերին, քանի որնախկին կապանքներից ազատված Իրանն ավելի կակտիվացնի իր դերակատարությունն ինչպես Մերձավոր Արևելքում, այնպես էլ` Այսրկովկասում:
«Վերջինի պարագայում ոչ բարենպաստ իրավիճակում կհայտնվի հատկապես Ադրբեջանը, քանի որ Թեհրանը կավելացնի իր ճնշումները Իրանի հետ տարբեր ոլորտներում` ռազմաքաղաքական, տնտեսական, սահմանային, մշակութային և այլ հարթություններում մշտապես խնդրահարույց հարաբերություններ ունեցող ադրբեջանական իշխանությունների վրա` որպես լծակ օգտագործելով կրոնադավանական գործոնը: Իսկ Իրանի քաղաքական դերի ակտիվացումը մերձավորարևելյան տարածաշրջանում աներկբայորեն տեղի կունենա տարածաշրջանային այլդերակատարների` Իսրայելի, Սաուդիան Արաբիայի, Եգիպտոսի և հատկապես Թուրքիայի դիրքերի հաշվին, քանի որ կասկածից վեր է, որ տարածաշրջանում վերահսկելիություն ապահովելուն միտված արդեն իսկ ձևավորվող նոր համակարգում կենտրոնական դեր է վերապահվելու հենց Իրանին»,- իր խոսքը եզրափակեց Արմեն Պետրոսյանը:
Արփինե Թովմասյան