«Քրեակատարողական հիմնարկներում բժշկական սպասարկման որակն արդիականացման կարիք ունի»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում՝ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի շրջանակներում:

Հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ: Հանդիպմանը մասնակցել են  Առողջապահության նախարարութան «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի ներկայացուցիչները` հիմնարկի տնօրեն Նելսոն Զուլոյանի գլխավորությամբ, Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգող Արման Պողոսյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության բժշկական բաժնի պետ Արա Հովհաննիսյանը, փորձագետներ և նախարարության պատասխանատուներ:

Աշխատանքային հանդիպման նպատակն Առողջապահության նախարարության հետ համատեղ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և քրեակատարողական ծառայության բժշկական ստորաբաժանումների արդիականացման ծրագրի հետ կապված խնդիրները քննարկելն էր:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են քրեակատարողական հիմնարկներում պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների, կադրային և տեխնոլոգիական հագեցվածության, դեղորայքային ապահովման վերաբերյալ մի շարք հարցերի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է քրեակատարողական ծառայությունում բժշկական սպասարկման որակի և արդյունավետության բարելավմանն ուղղված այս աշխատանքային հանդիպումն ու նշել, որ համակարգն ունի արդիականացման կարիք և այդ գործընթացն ապահովելու համար անհրաժեշտ է նոր քայլեր ձեռնարկել:

Նախարարի տեղակալը նաև բարձր է գնահատել առողջապահական նախարարության մասնագետների ներգրավվածությունը քրեակատարողական հիմնարկներում բուժսպասարկման որակի բարելավմանը նպաստող աշխատանքներում, ինչպես նաև կարևորել է Եվրոպայի Խորհրդի և Եվրոպական միության աջակցությունը քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների արդիականացման հարցում:

«Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ տնօրենը Առողջապահության նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց բուժօգնության որակի և արդյունավետության բարելավմանն ուղված Արդարադատության նախարարության ծրագրերին:

Եվրոպայի Խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի համակարգողն իր գոհունակությունն է հայտնել ծրագրի շրջանակներում Առողջապահության և Արդարադատության նախարարությունների միջև սերտ համագործակցության համար:

Ծրագրում ներգրավված փորձագետները քննարկել են նաև ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման համար քրեակատարողական հիմնարկներում և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում ընտանեկան բժշկի, հոգեբանի, հոգեբույժի, ատամնաբույժի աշխատանքների համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմաններն ապահովելուն վերաբերող հարցեր:

Հանդիպման արդյունքում որոշվել է համատեղ մշակել քրեակատարողական հիմնարկների բուժաշխատողների աշխատանքային նկարագրերը, քրեակատարողական հիմնարկների կադրային և տեխնոլոգիական հագեցվածությանը վերաբերող այնպիսի նվազագույն պահանջներ, որոնք համահունչ կլինեն առողջապահության ոլորտում կիրառվող չափանիշներին:

 




Լրահոս