ԱՇԽԱՐՀԻ ՎԵՐՋԻՆ ՊԵՏՔ ՉԷ ՊԱՏՐԱՍՏՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի հարցին, թե ինչ պետք է անենք մենք այսօր, երբ ողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար, ՕԵԿ փոխնախագահ Արմեն Երիցյանը պատասխանեց. “Նոր տարվան պատրաստվեք: Ես առաջարկում եմ աշխարհի վերջին չպատրաստվել, եթե ինչ-որ մի ազգություն պետք է վերանա, ապա մենք նրանց թվին չենք դասվում, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի”: Նախարարը հավելեց նաեւ, որ եթե աշխարհի վերջը լիներ, ապա իրենք ԱԻՆ շենքի բացմանը չէին նախապատրաստվի եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին այդ միջոցառմանը չէին հրավիրի:
-Պարո՛ն Երիցյան, ամբողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, Դուք՝ որպես ԱԻ նախարար, ի՞նչ քայլեր եք անում՝ կանխելու աշխարհի վերջը:
-Նախ պետք է այդպիսի բաների չհավատալ: Երկրորդ՝ ընդհանրապես, երբ վերցնում ենք մայաների օրացույցը, նման բան չկա, ես դա խորությամբ եմ ուսումնասիրել: 2000թ., երբ ԱՄՆ-ում հայտնաբերեցին այդ մեռած Մայա քաղաքը, այդ ժամանակ տնակի նման մի բան են հայտնաբերել, որը 840-ական թվականների էր, որտեղ պատի վրա գրված է եղել նաեւ Մայայի օրացույցը: Այնտեղ նշված է եղել, որ մարդկանց մոտ 6 հազար տարվա պատմություն կա: Այնտեղ կոնկրետ գրված է եղել, որ լինելու է սերնդափոխություն, բայց աշխարհի վերջ եւ այլն՝ նման բան գրված չի եղել: Դա բիզնես ծրագիր է, որը լուրջ բիզնեսմեններն ամեն օր շրջանառության մեջ են դնում: Եւ հիմա Հայաստանում էլ կան նման բիզնեսմեններ, ովքեր ուզում են իրենց “չեղած” ապրանքները վաճառել: Ասեմ նաեւ, որ իմ երեխաներն էլ են սկսել հավատալ, ամեն օր ասում են՝ պա՛պ, բա մենք սրանից չառնե՞ք, ո՞նց պատրաստվենք, լույս չի լինելու, մութ է լինելու, բայց կարող եմ ասել, որ նման բան չկա:
-Այսինքն՝ նման կանխատեսումներ անող գիտնականները խելագարության կանխավարկածո՞վ են առաջնորդվում: 
-Ես տարբեր գիտնականների աշխատություններ եմ ուսումնասիրել, բայց այդպես կոնկրետ գիտնական, որ նման բան ասի, չկա: Ես մի բան եմ առաջարկում՝ ոչ թե պատրաստվենք աշխարհի վերջին, այլ պատրաստվենք Նոր տարվան: Եթե ինչ-որ ազգություն պիտի վերանա, ապա մենք նրանց թվին չենք դասվում, դա մեզ հետ ընդհանրապես կապ չունի:
-Հոլանդացի Յոհան Գյուբերսը 20 տարի պատրաստվել է դեկտեմբերի 21-ին, անգամ Նոյան տապանի պես մի կառույց է պատրաստել, կենդանիներ է վերցրել իր հետ, որպեսզի այդ օրը պատսպարվեն:
-Մեզ նման բան պետք չէ, հիմա այդ մարդն էլ այդ շեղումն ունի: Ես կարծում եմ, որ դա լուրջ շեղում է, եւ միայն կարող եմ ցավակցել նրան՝ որպես գիտնականի: Այս ամենն ասում եմ ավելի քան վստահ, որովհետեւ դեկտեմբերի 22-23-ի հետ կապված՝ շատ պլաններ ունեմ: ԱԻՆ շենքը պիտի բացեմ, որին երկրի նախագահին եմ հրավիրել: Եթե ես իմանայի, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջն է, ես իմ շենքի բացումը կանեի 18-ին:
-Որքան էլ փորձեք հակառակը համոզել, միեւնույն է, ողջ աշխարհը պատրաստվում է աշխարհի վերջին, իսկ Հայաստանում ամբողջ քաղաքական դաշտի միակ անհանգստությունն այն է, թե ԲՀԿ-ն ինչու չսատարեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ըստ Ձեզ՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վախեցրի՞ն, ճնշո՞ւմ գործադրեցին նրա վրա:
-Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը շատ լուրջ եւ ուժեղ քաղաքական գործիչ է, եւ եթե Ծառուկյանն իր թեկնածությունը չի դնում, դա միայն իրեն պատիվ է բերում: Գիտեք, որ ԲՀԿ-ն էլ իր հետեւում կանգնած ժողովուրդ ունի, որ իր հետեւից կգնա: Բայց ես համոզված եմ, որ մի մեծ զանգված կա, որ Սերժ Սարգսյանի հետեւից է գնում: Կարծում եմ, որ մեր երկրին լուրջ կատակլիզմներ պետք չեն, որովհետեւ բոլոր կողմերից, ատամները «սրած», դրան են սպասում: Այնպես որ, շատ խելացի որոշում է կայացրել Ծառուկյան Գագիկը: Ես կարծում եմ, որ դա իր սահմանադրական իրավունքն է՝ Սարգսյանին սատարելը կամ չսատարելը:
-Պարո՛ն Երիցյան, առաջինը ՕԵԿ-ն էր հայտարարել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, բայց վերջինս ընդամենը օրեր առաջ է հայտարարել իր առաջադրման մտադրության մասին: Եւ ՕԵԿ-ի այդ պահվածքը ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը համարեց երրորդ դասարանցու տրամաբանությունից զուրկ վարք. երբ չկա թեկնածու, ինչպե՞ս կարելի է սատարել նրան:
-Դա եղել է ՕԵԿ-ի դիրքորոշումը եւ մեր կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի որոշումը: Մենք ասել ենք, որ եթե Սերժ Սարգսյանն իր թեկնածությունն առաջադրի, ապա մենք լինելու ենք իր կողքին: Ու եղանք:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս