Ղարաբաղի հարցում կողմերը պետք է վերահաստատեն կարգավորման պատրաստակամությունը. ԱՄՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չկա և երբեք չի լինի Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական լուծում, այս մասին Վաշինգտոնում Բրուքինգս հաստատությունում իր ելույթի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:

Նրա խոսքով, Միացյալ Նահանգներն ուշադրությունը կենտրոնացրել է ղարաբաղյան հակամարտության արդար, խաղաղ, տևական և բոլոր կողմերի համար շահավետ կարգավորման վրա, և հենց այդ մոտեցումը պետք է գերակայի հաջողության հասնելու համար:

«Գույություն չունի ավելի լավ լուծում, բոլոր մյուսներն այնքան սարսափելի են, որ դրանք չարժե նույնիսկ դիտարկել», – ասել է Ռուբինը և ընդգծել, որ ժամանակն է, որպեսզի կողմերը վերահաստատեն առաջընթացի հասնելու իրենց պատրաստակամություն ու նվիրվածությունը, չմանրամասնելով, թե դա արդյոք պետք է արվի կողմերի հայտարարության թե՝ նախագահների հերթական հանդիպման ձևով:

«Դա հեշտ չէ և այդ կարգավորմանը հասնելու համար երկու կողմն էլ պետք է որոշ ընտրություն կատարեն, դա երկու կողմի համար էլ բարդ է և հենց այդ պատճառով կարգավորմանը դեռևս չենք հասել»,– հավելել է նա:

Էրիկ Ռուբինը նաև նշել է, որ ԱՄՆ–ը մյուս համանախագահող երկրների հետ միասին, պատրաստ է տևական խաղաղության հաստատման համար անել հնարավոր ամեն ինչ, իսկ հակամարտության կողմերը պետք է ձեռնպահ մնան բռնություններից.

«Մեր կարծիքով, չափազանց կարևոր է, որպեսզի կողմերն ամեն կերպ զերծ մնան այս իրավիճակը սրելուց, այսպիսով, միջադեպերից խուսափելը վճռական հարց է»,– ասել է նա:




Լրահոս