Օրեր առաջ հակառակորդի կրակոցներից պայթել է Չինարիի գազատարը. այս պահին իրավիճակը հանգիստ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրավիճակը վերջին օրերին հանգիստ է եղել. հակառակորդի կողմից գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել: Հուլիսի 8­-ի երեկոյան հակառակորդը ակտիվ կրակոցներ է արձակել Չինարի գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով պայթել է գազատար խողովակը: «Արմենպրես»­-ի հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը նշեց, որ գազատարի պայթյունի հետևանքով տուժածներ չեն եղել, իսկ համայնքի գազամատակարարումը հաջողվել է շատ արագ վերականգնել:

«Հուլիսի 8­-ի երեկոյան 18:00­-ին պայթել է գազատարը, իսկ հուլիսի 9­-ի առավոտյան 05:00-­ին գազամատակարարումը վերականգնել ենք: Վերջին օրերին իրավիճակը հանգիստ է, գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,­ ասաց Սաղոյանը: Ներքին Կարմիրաղբյուր համայնքի ղեկավար Սամվել Կամենդանտյանն էլ նշեց, որ իրավիճակը սահմանին հանգիստ է. գյուղի ուղղությամբ վերջին օրերին կրակոցներ չեն եղել:

«Չգիտեմ՝ դիրքերում ինչ վիճակ է, սակայն գյուղի ուղղությամբ կրակոցներ չեն եղել»,­ -նշեց նա: Սահմանամերձ Այգեպար համայնքում էլ իրավիճակը հանդարտ է: Համայնքի ղեկավար Անդրանիկ Այդինյանը նույնպես փաստեց, որ հակառակորդի կողմից ակտիվություն չի նկատվում. իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գյուղի ուղղությամբ չկան:




Լրահոս