«Եթե չգիտեք խնդրի լուծման ճանապարհը, ապա հրաժարվեք ձեր աթոռներից»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու «Բարև Երևան» Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Արդեն 3 լրատվամիջոց` Ազատություն ռ/դ, 20.06.2015, civilnet «Ազատամարդ» 14.07.2015, lratvakan.am անդրադարձել են Նազարբեկյան 48 անավարտ շենքում «նվեր» ստացած բնակիչների ահազանգերին, սակայն ձայն բարբառո հանապատի:

Հունիսի 15-ին Ձեզ նամակ եմ գրել, չեք պատասխանել, բաց նամակ եմ հղել ՀՀ վարչապետին ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, նույնպես պատասխան չկա: Ինձ պատասխանել է միայն պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը, այն էլ ոչ մի հուսադրող բան չի գրել: Ահա մեջբերում եմ այդ նամակից. «Երևանի քաղաքապետի 1997թ. օգոստոսի 5-ի 853 որոշմամբ, ՀՀ կառավարության 1997թ. հունիսի 18-ի «Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բազմաբնակարան բնակելի տների բնակարանների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» հ. 191 որոշման համաձայն նշված շենքի բնակարանների սեփականաշնորհման գործընթացն ապահովելու համար, Նազարբեկյան փողոցի N48 հասցեում գտնվող բազմաբնակարան անավարտ շենքը 12.08.1997թ. ակտով հանձնվել է Երևանի Աջափնյակ թաղային համայնքին, սակայն խնդիրը չի կարգավորվել:

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից և Երևանի որպես առանձին համայնք ձևավորվելուց հետո, վերոնշյալ շենքը չի ընդունվել Երևան համայնքի հաշվեկշիռ, չնայած որ նույն օրենքի 110-րդ հոդվածի 1-ին կետի, Երևան համայնքը համարվում է նախկին թաղային համայնքների գույքի սեփականատեր և իրավահաջորդ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բազմաբնակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ բաժնային սեփականության իրավունք ունենալը, ինչպես շենքի մյուս բնակարանների սեփականատերերի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կամ ՀՀ-ում սեփականության իրավունքի որևէ այլ սուբյեկտի համար չի կարող առաջացնել կիսակառույց շենքը ավարտին հասցնելու պարտավորություն:

Իսկ բազմաբնակարան շենքերի կառավարման, բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության, դրանց նկատմամբ ունեցած իրավունքները և պարտականությունները սահմանված են «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով:»: Այսինքն կառավարության որոշումը չի պարտադրում, որ այդ մարդիկ իրենք պետք է ավարտին հասցնեն շենքի կառուցապատումը: Չգիտեմ, նախորդ քաղաքապետերի անփութության, անխղճության, թե անտարբերության պատճառով, ավելի ճիշտ պատասխանատվությունից խուսափելով, Նազարբեկյան 48 հասցեի շենքը համարել են Երևանի քարտեզից դուրս, չնայած այս բնակիչների ձայները օգտագործվել են բոլոր տեսակի ընտրությունների ժամանակ, նույնը շարունակվում է Ձեր օրոք: Ավելին, շենքի 54 բնակարաններից 51-ը Կադաստրից ստացել են սեփականության վկայականներ:

Ուրեմն, եթե շենքը չի պատկանում Երևանին, ինչպե՞ս են տրվել այդ շենքի սեփականության վկայականները: Ստացվում է, որ Կադաստրի աշխատակիցներն անօրեն գործարք անելու համար պետք է հայտնվեն բանտո՞ւմ: Վերջին 15 տարիներին քաղաքապետի առաջին տեղակալ պարոն Արեյանն անպայման պետք է հիշի, թե ինչպե՞ս Նազարբեկյան 48 շենքը Աջափնյակ համայնքից չանցավ Երևանի համայնքի հաշվեկշռին: Ինքը պետք է պատասխան տա այն հարցին, թե ինչո՞ւ այդ 51 ընտանիքները հայտնվեցին նման անմարդկային պայմաններում պարտադրված գոյատևելու վիճակի մեջ, որտեղ ամեն վայրկյան վտանգված է նրանց կյանքը:

Ակնհայտ է, որ այս վիճակի պատասխանատուներից մեկն էլ ինքն է: Քանի դեռ այնտեղ որևէ դժբախտ դեպք չի արձանագրվել, այս խնդրի լուծումը պետք է գտնել, պետք է շենքն ամրացնել, տանիքն ու վերելակները սարքել, կոյուղին քաշել:   Մի´ օգտվեք այդ մարդկանց անելանելի ու  անտեր վիճակից:   Պահանջում ենք այս խնդրի հրատապ լուծում»:




Լրահոս