Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ նաիրտցիների խնդրին: Նա հայտարարեց, թե կառավարությունն արդեն հատկացրել է գումարը և հավելեց, թե չի հասկանում աշխատակիցների կրկին հավաքվելու իմաստը:
Աբրահամյանը խնդրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին ներկայացնել հարցի իրավիճակը: Նախարարը նշեց, որ պետությունն ընդհանուր առմամբ նաիրտիցիներին պարտք է 5 միլիարդ 310 միլիոն դրամ. « Խնդիրն այն է, որ մի շարք աշխատակիցներ իրենց դժգոհությունն են հայտնել, որ աշխատավարձի սխալ հաշվարկ է եղել: Հիմա ուսումնասիրություններ ենք կատարում աշխատավարձի չափը ճշտելու համար: Միանգամից վճարելու համար իրենք ստիպված կլինեն սպասել տասնհինգ օր: Դրա համար առաջարկում ենք, որ ում աշխատավարձի չափը ճշտված է, իրենց վճարենք, իսկ մնացածներին էլ վճարենք ճշտելուց հետո»,- մանրամասնեց Զախարյանը:
Թեմային միջամտեց Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը, ով նշեց, թե երեկ բողոքի ակցիայի ժամանակ հավաքվածների թիվը հասնում էր 500-ի: «Իրենք ուզում են փողը ստանալ միանգամից: Նրանք ասում են` չկա վստահություն մեր իշխանությունների հանդեպ, նրանք ասում են` կարող է հերթը հասնի 25-րդ ստացողին, բայց փող չլինի»,- ասաց Հակոբյանը:
Խոսքը շարունակեց Երվանդ Զախարյանը և ասաց, որ եթե աշխատակիցները պատրաստակամություն հայտնեն սպասել միչև ամսվա վերջ, իրենք կվճարեն: