ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՉ ԷՐ ՄՆՈՒՄ՝ ՄՈՌԱՆԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կառավարությունը քիչ էր մնում՝ մոռանար եւ Վարդավառին հաջորդող մեռելոցը աշխատանքային օր թողներ: Բանն այն է, որ Կառավարության վերջին նիստում, որը տեղի ունեցավ անցած չորեքշաբթի` հուլիսի 8-ին, մեռելոցի մասին ոչ մի խոսք չկար: Ուստի լրատվամիջոցները շաբաթօրյա իրենց թողարկումներում նշել էին, որ այս երկուշաբթի օրը կլինի վերջին տարիների առաջին մեռելոցը, որը ոչ աշխատանքային օր չի հայտարարվել: Բայց մեկ էլ հանկարծ ՀՀ Կառավարությունը շաբաթ օրը արտահերթ նիստ հրավիրեց, եւ մեռելոցը կրկին ոչ աշխատանքային օր հայտարարեց՝ որոշ բացառություններով: ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, ՀՀ կադաստրի պետական կոմիտեի ստորաբաժանումներին ու ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությանը հանձնարարվեց հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը: Այլ կերպ ասած՝ գործադիրը չկողմնորոշվելով՝ որոշել էր մեռելոցը տեղ-տեղ աշխատանքային, տեղ-տեղ էլ ոչ աշխատանքային հայտարարել: Ի դեպ, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույն այդ նիստի ժամանակ ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարել է բոլոր շահագրգիռ կողմերի հետ հարցը քննարկել` միասնական մոտեցում ձեւավորել: Այսինքն՝ ցանկանում են, ի վերջո, կողմնորոշվել` ոչ աշխատանքային մեռելոց, թե աշխատանքային: Հիշեցնենք, որ ոչ աշխատանքային մեռելոցները ներդրվեցին ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից:
Հ.Գ. Երեկ Իջեւանում բանկերի մի մասը, օրինակ՝ «Յունիբանկի» եւ «Կոնվերս բանկի» տեղի մասնաճյուղերը, փակ են եղել, իսկ «ԱԿԲԱ»-ն աշխատել է: Նոյեմբերյանում «ԱԿԲԱ»-ի մասնաճյուղը սկսել է աշխատել կեսօրից հետո:

 

 
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը վերադարձել է Հայաստան, եւ օրերս տեղի է ունեցել նրա եւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հանդիպումը, որի ընթացքում կողմերը փորձել են հասկանալ իրենց հետագա հարաբերությունների ճակատագիրը: ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հանդիպման ժամանակ քննարկել են նաեւ Վարդան Օսկանյանի եւ Վահե Հովհաննիսյանի կողմից կուսակցություն հիմնելու հարցը: «Ես պարբերաբար հանդիպում եմ թե՛ Վարդան Օսկանյանին, թե՛ Վահե Հովհաննիսյանին, երկուսին էլ համարում եմ պարկեշտ անձնավորություն ու ես մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ եթե իրենք նոր կուսակցություն ստեղծելու որոշում ունենան, ապա դրա մասին առաջինն իրենց գործընկերները կիմանան, բնականաբար, առաջին հերթին նաեւ ես։ Ձեր նշած տեղեկությունը հրապարակելու նախօրեին ես հանդիպել ու երկար զրուցել եմ Օսկանյանի հետ, եւ կուսակցություն ստեղծելու որոշման մասին ինձ հայտնի չէ»,- ասաց ԲՀԿ նախագահը:

 

 

 

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Տաթեւիկ Օհանյանի լիազորությունները հուլիսի 11-ից դադարեցնելու պատճառները եղել են անձնական: Այլ կերպ ասած՝ Տաթեւիկ Օհանյանի անձնական կյանքում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել` նա ամուսնացել է եւ որոշել է հրաժարական ներկայացնել՝ նաեւ դրսում ուսումը շարունակելու նպատակով: Հիշեցնենք, որ Օհանյանը ԿԸՀ անդամ էր նշանակվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի քվոտայով, ըստ այդմ, թափուր պաշտոնի նոր հավակնորդին եւս պետք է առաջարկի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ իշխանությունները նախատեսում են մի քանի ամսից սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնել, ԿԸՀ անդամի թափուր պաշտոնը քաղաքական լուրջ կարեւորություն է ձեռք բերում: Ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնը կդառնա սահմանադրական փոփոխություններին ընդառաջ քաղաքական սակարկումների առարկա:

 

 

 

 

Քրեական հեղինակություններ Լեւոն Ղազարյանի` Երրորդմասցի Լյովիկի, Դրաստամատ Թադեւոսյանի` Դերոյի, եւ Մեսրոպ Նազարյանցի` Մոսոյի այս տարվա մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց տեղի ունեցած սպանության գործով հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է՝ այս գործով դեռեւս մարտից կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը` Ծգլը, Սարգիս Հախանումյանը՝ Տլեն եւ Վահան Հակոբյանը՝ Գաստիկը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Տլեի եղբայրը` Դավիթ Հախանումյանը, իր եղբոր եւ նրա ընկերների համար Երեւանում բնակարան է վարձակալած եղել, որպեսզի նրանք թաքնվեն այնքան ժամանակ, մինչ կկարողանան ապացուցել իրենց անմեղությունը: Սակայն գործն այլ ընթացք է ստացել: Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ-ն Տլեի եղբորը` Դավիթ Հախանումյանին, «պատանդ է» վերցրել, որպեսզի նրա եղբորը եւ ընկերներին ստիպի հանձնվել իրավապահներին: Այդպես էլ եղել է. նրանք հանձնվել են, սակայն Դավիթ Հախանումյանն այդպես էլ ազատ չի արձակվել: Ավելին՝ մտադրված են նրան մեղադրանք առաջադրել սպանության օժանդակության հատկանիշներով:

 

 

 

 

ԷՇԻ ԱԿԱՆՋՈՒՄ

Օրերս Razm.Info կայքում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ 2013թ-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը իտալական Hacking Team հաքերային գործիքներ արտադրող ընկերությունից 320 հազար ԱՄՆ դոլարով գնել է համակարգիչները գաղտնի հեռակառավարելու բարդ ծրագիր, որով կարող էր հետեւել ոչինչ չկասկածող մարդկանց համակարգիչներին, ինչպես նաեւ՝ դրանց միկրոֆոնների ու տեսախցիկների միջոցով՝ հենց օգտվողներին: Բացի այդ, ծրագրի Android օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը կարողանում է գաղտնալսել եւ ձայնագրել հեռախոսի տիրոջ խոսակցությունները: Ուշագրավ է, որ ըստ կայքի` ադրբեջանական կողմը գործարքը վերաթարմացրել է ընդամենն օրեր առաջ` հունիսի 30-ին, ինչից հետեւում է, որ ադրբեջանցիները շարունակում են օգտագործել այս ծրագիրը:
Տեղեկատվական անվտանգության մասնագետների գնահատմամբ` սա բավականին լուրջ լրտեսական համակարգ է, որի գործարկումը Ադրբեջանի իշխանություններին անհրաժեշտ կարող էր լինել ինչպես ներքին` ընդդիմադիր գործիչներին գաղտնալսելու, այնպես էլ արտաքին ճակատում` լրտեսական գործունեություն ծավալելու համար ՀՀ-ում: Բնականաբար, մեզ առավել հետաքրքրում է այս վերջինը, եւ հատկապես այն, թե որքանով են ունակ Հայաստանի հատուկ ծառայությունները արգելափակել այդ ծրագրի կիրառությունը ՀՀ-ում: Այս հարցի հետ կապված, չնայած վերջին տարիներին նշմարվող առաջընթացին, առկա են շատ խորը մտահոգություններ, մանավանդ, եթե հիշում ենք, որ հայրենի ԱԱԾ-ի վերջին շրջանի ադրբեջանական լրտեսական ամենամեծ «բացահայտումները» «Օդնոկլասնիկի» սոցցանցում կեղծ օգտատերերի միջոցով ՀՀ քաղաքացիների հետ տարվող նամակագրությունների մակարդակում էին:
Ու թեեւ նշվեց, որ ադրբեջանցիները տեւական ժամանակ չեն կարողացել շահագործել այս խիստ թանկարժեք եւ նորարարական լրտեսական ծրագիրը, դատելով նույն աղբյուրի հրապարակած տեղեկատվությունից, որ իտալական ընկերության մասնագետները պարբերաբար այցելել են Ադրբեջան` «ինստրուկտաժ» անելու ազերի հաքերներին, կարելի է ենթադրել, որ ներկայումս այդ համակարգը լիարժեք օգտագործվում է: Ըստ մասնագետների՝ տեսականորեն ՀՀ յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի համակարգիչ կամ հեռախոս կարող է հայտնվել ադրբեջանցի հաքերների թիրախում: Եվ եթե հանկարծ մեր «փառապանծ» ԱԱԾ-ն խափանած լիներ նման որեւէ ներթափանցման փորձ, կարելի է չկասկածել, որ այդ մասին ԱԱԾ լրատվության բաժինը մի հսկայածավալ հաղորդագրություն կտարածեր: Ուստի ԱԱԾ ներկայիս լռությունը ոչ թե լրտեսման փորձի, այլեւ այն կանխելուն ուղղված հաջող քայլերի բացակայության մասին է խոսում: Ինչը, սակայն, ամենեւին զարմանալի չէ մեր ԱԱԾ-ի դեպքում, որի աշխատակիցներն ունեն շատ ավելի «կարեւոր» գործառույթ. բաց նամակներով հակադարձել իրենց «շեֆին» քննադատել համարձակված նախկին աշխատակիցներին:




Լրահոս