ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՂՔԱՏԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական վիճակագրությունն արդեն իսկ սկսել է ամփոփել այս տարվա առաջին կիսամյակի արդյունքները, եւ, որպես կանոն, առաջին տվյալները, որոնք հրապարակվել են, վերաբերում են գնաճին, ըստ այդմ, այս տարվա առաջին կիսամյակում, անցած տարվա համեմատ, ընդհանուր գնաճը կազմել է 5,5 տոկոս: Ի դեպ, միայն ապրանքների գները, այսինքն՝ առանց ծառայությունների, այս տարի, անցած տարվա համեմատ, բարձրացել են 6,2 տոկոսով:

Իսկ ինչ վերաբերում է առանձին ապրանքախմբերին, ապա ընդհանուր պարենային ապրանքների թանկացումը այս տարի, անցած տարվա համեմատ, պաշտոնապես կազմել է 5,2 տոկոսով: Ի դեպ, նույնիսկ պաշտոնական վիճակագրության թվերից պարզ է դառնում, որ իրական գնաճը ավելի բարձր է: Պաշտոնական թիվը հնարավոր է եղել մի փոքր մեղմել բանջարեղենի եւ կարտոֆիլի ու ձկնամթերքի գների, անցած տարվա համեմատ, կտրուկ անկման շնորհիվ: Մասնավորապես բանջարեղենի եւ կարտոֆիլի գնանկումը կազմել է 7 տոկոս, իսկ ձկնամթերքինը՝ 12,2 տոկոսով: Հիշեցնենք, որ ձկնամթերքի գնանկումն այս տարի տեղի ունեցավ այն բանի արդյունքում, որ Հայաստանի ձկնամթերք արտադրողները տարեսկզբից չկարողացան իրենց արտադրանքը արտահանել դեպի Ռուսաստան: Այս երեւույթը սկսվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից անմիջապես հետո: Արդյունքում Հայաստանի ներքին շուկայում ձկնամթերքի ավելցուկ առաջացավ, ինչն էլ հանգեցրեց գների անկման:
Առանձին ապրանքատեսակներից հացամթերքի գինը այս տարվա հունիսին, մայիսի համեմատ, բարձրացել է 8,1 տոկոսով, մսամթերքը` 6,2 տոկոսով, կաթնամթերքը՝ 9 տոկոսով իսկ շաքարավազը՝ 6,4 տոկոսով: Ինչպես տեսնում եք՝ սննդամթերքի առավել մեծ սպառում ունեցող ապրանքատեսակների գնաճը միջին ցուցանիշից զգալի բարձր է:
Ինչպես հայտնի է՝ գնաճը սպառողի վրա ազդեցություն չի ունենում, եթե նույն ժամանակահատվածում նրա եկամուտները եւս աճում են: Սակայն փաստն այն է, որ վերջին մեկ տարում Հայաստանի բնակչության եկամուտները գործնականում չեն աճել: Չնայած պաշտոնապես ներկայացվում է, թե իբր այս տարվա ապրիլի դրությամբ Հայաստանում միջին աշխատավարձը, անցած տարվա համեմատ, աճել է 12 տոկոսով: Բայց իրականությունն այն է, որ պաշտոնական վիճակագրությունն այդ աճը «նկարել» է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմամբ պայմանավորված աշխատավարձերի չնչին բարձրացման, ինչպես նաեւ՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման շնորհիվ: Սակայն Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսի դեպքում աշխատավարձի դրական փոփոխություն վերջին մեկ տարում տեղի չի ունեցել: Գնաճն ինքնին վտանգավոր երեւույթ չէ, ավելին՝ այն կարող է նաեւ զարգացման դրսեւորում լինել: Սակայն ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունն արդեն բավականին երկար ժամանակ է՝ անդադար անկում է ապրում, հազարավոր ընկերություններ են իրենց գործունեությունը դադարեցնում, Երեւանի կենտրոնում ամեն քայլափոխին կարելի է հանդիպել դատարկված գրասենյակային տարածքների: Նման պայմաններում գնաճը միայն մեկ բան է նշանակում` բնակչության է՛լ ավելի աղքատացում:
Հարկ է մեկ հանգամանք եւս արձանագրել. փաստորեն, 2008 թվականի աշնանից` այսինքն՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո, Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չի կարողանում ուշքի գալ, եւ անկախ նրանից, թե պաշտոնական վիճակագրությամբ ինչ է գրված, երկիրը գնում է դեպի աղքատացում: Այս երեւույթի մեջ ամենակարեւոր գործոնը թերեւս այն է, որ Հայաստանի իշխանություններն այդ փաստը ոչ միայն համառորեն հերքում են, այլեւ «մունաթ» են գալիս բոլոր նրանց վրա, ովքեր Հայաստանում առկա տնտեսական ճգնաժամի մասին բարձրաձայնում են: Այս երեւույթը գնահատվում է որպես ինքնապաշտպանական բնազդի սովորական դրսեւորում: Սակայն ողջ խնդիրն այն է, որ իշխանությունն իրավունք չունի իրեն ոչ ադեկվատ դրսեւորել, անկախ նրանից՝ ինքը ինչ սկզբունքով է ձեւավորված, հակառակ դեպքում տնտեսության կործանումը դառնում է անխուսափելի: Իշխանության ոչ ադեկվատ լինելը տնտեսվարողների մոտ միայն բացասական սպասում է ձեւավորում, ինչը շղթայական ռեակցիայով նպաստում է տնտեսության վիճակի է՛լ ավելի վատթարացմանը:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԿԳՆԱՆ ՍՓՅՈՒՌՔ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ եւ մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենք պատրաստվում են առաջիկայում մեկնել արտերկիր` սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպման համար: «Այս օրերին զբաղված ենք գրասենյակների բացման աշխատանքներով Երեւանում եւ մարզերում, առաջիկայում մի քանի գրասենյակներ կբացվեն: Աշխատանքներն իրենց բնականոն հունով ընթանում են»,- ասաց Ա. Սիմոնյանը: Ինչ վերաբերում է արտերկիր կատարվելիք այցերին, ըստ Սիմոնյանի, լինելուն են Մոսկվայում, Լոս Անջելեսում, Կանադայում եւ Ֆրանսիայում:

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԽՆԴԻՐԸ
Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչները փաստի առաջ են կանգնել, քանի որ ծիրանը չեն կարողանում իրացնել, որովհետեւ «Արթֆուդ» ընկերությունը հրաժարվում է ծիրանը գյուղացուց գնել: Ինչպես հայտնի է՝ այդ ընկերության մեջ մասնաբաժին ունի նաեւ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը: Նման պայմաններում առնվազն տարօրինակ է, որ նույն Կարապետյանն իրեն թույլ է տալիս հայտարարել, թե իբր գյուղացին որեւէ խնդրի առաջ չի կանգնելու բերքի իրացման հարցում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանից պարզել, թե ինչ է անում իրենց նախարարությունը գյուղմթերքն իրացնելու հարցում գյուղացիների առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: «Ծիրանի մթերման որեւիցե խնդիր չկա: Եթե կան կոնկրետ անհատական դեպքեր, խնդրեմ՝ տվյալները, կոորդինատները տվեք, որեւիցե խնդիր չի լինելու իրացման հետ կապված: Մինչեւ մթերման սեզոնը սկսելը նախարարի մոտ խորհրդակցություն է եղել, մթերողներն էլ, արտահանողներն էլ իրենց պատրաստակամությունը հայտնել են: Մթերման հետ կապված ծավալի խնդիր էլ չկա»,- ասաց փոխնախարարը: Փաստորեն, փոխնախարարն անտեղյակ է իր նախարարին պատկանող ընկերության պահվածիքց կամ էլ վախենում է արտահայտվել: Երկու դեպքում էլ անհարմար իրավիճակ է:

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ԳԻՆԸ
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դրամական միջոցները, ըստ նրա հայտարարագրի, 2014-ի վերջին կազմել են 2 մլն 500 հազար դրամ: Նրա տարեկան աշխատավարձը կազմել է 26 հազար 124 դոլար: Սարգսյանը փոխառություններից որպես տոկոսավճար ստացել է 37 մլն 830 հազար դրամի եկամուտ, իսկ փոխառության չափը կազմել է 971 հազար 783 դոլար: Ի դեպ, Տիգրան Սարգսյանը դեսպանի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է երկու բնակարան, երկու անհատական բնակելի տուն, մեկ հողամաս, մեկ ավտոտնակ: Դեսպանի կինը` Գոհար Սարգսյանը, անցած տարի 12 մլն 300 հազար դրամով գնել է անհատական բնակելի տուն, իսկ 70 հազար դոլարով` «BMW X5» մակնիշի ավտոմեքենա: Սարգսյանի կինը անցած տարի ստացել է 161 հազար 960 դոլարի փոխառություն, նրա դրամական միջոցները կազմել են 30 հազար եվրո: Իսկ վարձակալությունից ստացած եկամուտները կազմել են 6 հազար եվրո:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ ընդունել է Երեւանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման արդյունքում օտարված բնակելի տարածքների բնակիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը եւ կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչները: Կառավարության ղեկավարը լսել է բնակիչների խնդիրները, որից հետո կառուցապատող ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են շինարարական աշխատանքների ընթացքը, բնակիչներին բնակարանների կամ գումարի տեսքով փոխհատուցելու, փաստաթղթային խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Վարչապետը ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին հանձնարարել է կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերության հետ եւս մեկ անգամ լրացուցիչ քննարկել խնդիրների լուծման տարբերակները եւ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

ԸՆԴԴԵՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ
«Ոչ թալանին» նախաձեռնության անդամները երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ հուլիսի 14-ի երթի ընթացքում իրենք բացառապես կենտրոնանալու են հունիսի 23-ին ցուցարարներին բռնության ենթարկած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու պահանջի վրա: «Դա մեր երրորդ պահանջն է: Շատ լավ է, որ լրագրողների մասով քրեական գործ հարուցվել է, բայց դա պետք է լինի ոչ միայն լրագրողների հանդեպ, այլ բոլոր քաղաքացիների, որովհետեւ 237 հոգու տարել են բաժին ու գրեթե բոլորի հանդեպ եղել է բռնություն, եղել են այլանդակ սեռական բնույթի հայհոյանքներ: Եթե ոստիկանությունն ամեն անգամ ուժ կիրառի եւ չպատժվի, ապա հաջորդ անգամ ավելի լկտի եւ սանձարձակ է լինելու»,- ասել է նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

 

ԵՎՍ ՄԵԿ ՇԱՆՍ ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ
Երեկ Բրյուսելում 17 ժամ տեւած բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Հունաստանի հարցով:
ԵՄ առաջնորդները խոստացել են աջակցել Հունաստանին, մինչ այդ առաջիկա երեք օրերին Հունաստանի օրենսդիր մարմինը պետք է ընդունի եվրոյի գոտու առաջարկած բարեփոխումների փաթեթը: ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ որոշումը Հունաստանին հնարավորություն է ընձեռում խուսափել սոցիալական եւ քաղաքական իրավիճակի բացասական հետեւանքներից եւ վերադառնալ բնականոն հուն:




Լրահոս